Փաշինյան. «Պատմական ու իրական Հայաստանը համատեղելի չեն» - Mediamax.am

2706 դիտում

Փաշինյան. «Պատմական ու իրական Հայաստանը համատեղելի չեն»


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «պատմական Հայաստանն ու իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն, այլեւ լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար»:

«Իրական Հայաստանի եւ պատմական Հայաստանի միջեւ սահմանազատման գործընթացը շատ ավելի ցավոտ է ընթանում, քանի որ այդ սահմանազատումը տեղի է ունենում մեզնից յուրաքանչյուրի ներսում:

 

Իրական Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանը նույնկերպ սահմանափակող գործոն է նկրտումներ ունեցող երկրների ախորժակի համար:

 

Պատմական Հայաստանը երաշխիք է, որ այդ երկրները մեզ հետ ագրեսիվ քաղաքականություն վարելու պատճառաբանություն եւ բացատրություն կունենան:

 

Պատմական Հայաստանի մեր տեսլականը մեզ միշտ կառաջնորդի դեպի ցեղասպանության թակարդը, որում հայտնվելով մենք փրկչի եւ հովանավորի կարիք կունենանք, առանց որի գոյություն ունենալ չենք կարող եւ ցեղասպանության վախը մեզ միշտ կպահի ֆորպոստի կարգավիճակում»,- Ազգային Ժողովում կառավարության 2023-ի կատարողականը ներկայացնելիս ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նա եւս մեկ անգամ վերահաստատել է, որ դեմ չէ «Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը սկսել Տավուշի մարզի եւ Ադրբեջանի Ղազախի շրջանի 4 գյուղերի հատվածներից»:

 

«Դրա շրջանակում հաճախ է հնչում հարցը, թե արդյոք այդ հատվածների սահմանազատումը եւ դրա արդյունքների իրականացումը երաշխավորում է անվտանգություն: Չի երաշխավորում անվտանգություն, սակայն հարցը հասցեագրելուց հրաժարումը երաշխավորում է անվտանգային սպառնալիքների շարունակաբար մեծացում եւ այս բացասական երաշխիքը պետք է չեզոքացնել:

 

Հաջորդ հարցն է՝ այդ գործելակերպը երաշխավորո՞ւմ է, որ ՀՀ տարածքի վրա նոր հարձակում չի լինի: Չի երաշխավորում, բայց հակառակ գործելակերպը երաշխավորում է նոր հարձակում ՀՀ ինքնիշխան տարածքի վրա, եւ այդ բացասական երաշխիքը պետք է չեզոքացնել:

 

Երրորդ հարցն է՝ Տավուշի սահմանի նշյալ հատվածում սահմանազատումը եւ դրա արդյունքների իրագործումը երաշխավորո՞ւմ է արդյոք, որ Ադրբեջանը կպահի սահմանազատումը շարունակելու տրամաբանությունը եւ կվերադարձնի մեր ավելի քան երեք տասնյակ գյուղերի կենսական նշանակության տարածքները: Չի երաշխավորում, բայց  նշյալ հատվածում սահմանազատում իրականացնելուց հրաժարվելը երաշխավորում է, որ Ադրբեջանը չի վերադարձնի մեր գյուղերի կենսական նշանակության տարածքները եւ պետք է այս նեգատիվ երաշխիքը չեզոքացնել»,- հայտարարել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին