Փաշինյան. Ատոմակայանը ամրապնդում է մեր ինքնիշխանությունը - Mediamax.am

4368 դիտում

Փաշինյան. Ատոմակայանը ամրապնդում է մեր ինքնիշխանությունը


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «տասնամյակներ շարունակ Հայաստանի ատոմակայանը ծառայել է որպես մեր էներգետիկ համակարգի կարեւորագույն տարր՝ ապահովելով էներգիայի արտադրության կայունությունը»։

«Ներկայում մեր երկրի էլեկտրաէներգիայի մոտ 30%-ը ստացվում է միջուկային էներգիայից: Այդ կետին հասնելու մեր ճանապարհը փշոտ էր, որի գագաթնակետն էր ատոմակայանի փակման դրամատիկ շրջանը։ Այսօր մենք հպարտությամբ կարող ենք փաստել, որ ի թիվս այլ կարեւոր բաների, այն նաեւ խորհրդանշում եւ ամրապնդում է մեր ինքնիշխանությունը: Հայաստանը, որպես միջուկային էներգիայի արտադրությանն ապավինող պետություն, ամուր կանգնած է այն կոնսենսուսի հետեւում, որ միջուկային էներգիան անփոխարինելի է կլիմայի փոփոխության դեմ մեր պայքարում եւ ճանաչում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի բոլոր մասնակից պետությունների անօտարելի իրավունքը՝ զարգացնել այն խաղաղ նպատակներով՝ առանց խտրականության եւ քաղաքական խոչընդոտների»,- Բրյուսելում տեղի ունեցած Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովի իր ելույթում ասել է Նիկոլ Փաշինյանը։

 

Նա նաեւ նշել է, որ միջուկային էներգիան Հայաստանի ռազմավարության անկյունաքարն է, որն ապահովում է ինչպես մեր երկրի էներգետիկ անվտանգությունը, այնպես էլ կլիմայի փոփոխության մեղմացումը:

 

«Հայաստանն ակտիվորեն համագործակցում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ՝ միջուկային անվտանգությունն ապահովելու գործում որդեգրելով ակտիվ դիրքորոշում, միաժամանակ կատարելով իր բոլոր պարտավորությունները։ Մենք պարբերաբար հյուրընկալում ենք փորձագիտական առաքելություններ, որոնց հաշվետվությունները հստակ ցույց են տալիս, որ Հայաստանն էլեկտրակայանը շահագործում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության չափանիշներին համապատասխան: Մեր ատոմակայանի գործունեության ողջ պատմության ընթացքում միջուկային կամ ճառագայթային անվտանգության որեւէ միջադեպի բացակայությունը խոսում է այս գործին մեր անսասան նվիրվածության մասին: Այս ձեռքբերումը Հայաստանի քաղաքական կամքի եւ փորձագիտական հմտությունների վկայությունն է»,- նշել է Հայաստանի վարչապետը:

 

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը որոշել է երկարացնել իր ատոմակայանի շահագործման ժամկետը 2026 թվականից մինչեւ 2036 թվականը եւ պարտավորվում է ժամանակին, համարժեք միջոցառումներ իրականացնել՝ կապված կառավարման եւ անվտանգության պատշաճ բարելավման հետ:

 

«Այս երկարաձգումն ամուր հիմք կդնի նոր էներգաբլոկի սահուն անցման համար ՀԱԷԿ-ի երկարացված շահագործման ժամկետի ավարտից հետո, ինչը մեր վերջնական նպատակն է։ Այս առումով Հայաստանը հանձնառու է ինչպես Ատոմային էներգիայի միջազգային գործակալության, այնպես էլ գործընկեր երկրների հետ սերտ համագործակցության խթանմանը եւ փորձի կիրառմանը՝ ներկայիս էներգաբլոկի փոխարինման օպտիմալ լուծումը գտնելու համար: Ատոմային էներգիայի անվտանգ եւ խաղաղ օգտագործման մեր թափանցիկ ու բաց քաղաքականությունը կշարունակի առաջնորդել մեր ջանքերը, քանի որ մենք ուսումնասիրում ենք առաջադեմ միջուկային տեխնոլոգիաները` մեր միջուկային էներգետիկայի ոլորտում անվտանգության, արդյունավետության եւ բնապահպանական հավատարմագրման հետագա լավարկման նպատակով»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին