Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Արցախում ռազմական գործողությունների դադարեցման մասին տեքստի ձեւավորմանը «Հայաստանը որեւէ կերպ չի մասնակցել, քննարկումների կողմ չի եղել»։
«Ամենակարեւոր հարցն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց տներում ապրելու իրավունքն ամբողջությամբ ապահովվի Ռուսաստանի կողմից:
Ենթադրվում է, որ եթե խաղաղապահները նման առաջարկ են արել, նշանակում է, որ նրանք ամբողջությամբ եւ առանց վերապահումների ընդունել են ԼՂ հայության անվտանգության ապահովման ամբողջական պարտավորությունը, ինչով պետք է լիարժեք պայմաններ ապահովեն, որ ԼՂ հայերի՝ իրենց տներում, իրենց հողի վրա ապրելու իրավունքը պահպանեն, ապրելու արժանապատիվ ու անվտանգ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Միաժամանակ նա նշել է, որ Հայաստանի հետ կապ չունեցող տեսքում ՀՀ-ի անունը հիշատակելը արդարացնում է երեկվա իր վարկածը, թե «ԼՂ-ի դեմ ադրբեջանական ռազմական այս ագրեսիայի հիմնական նպատակներից մեկը Հայաստանին ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է»։
«Տեղի ունեցածն ընդունում ենք ի գիտություն, կհետեւենք զարգացումներին: Հույս ունենք, որ ռազմական էսկալացիան չի շարունակվի»,- ասել է նա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: