Հրապարակվել են ռազմական գործողությունների դադարեցման պայմանները - Mediamax.am

4924 դիտում

Հրապարակվել են ռազմական գործողությունների դադարեցման պայմանները


Լուսանկարը` REUTERS


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի Տեղեկատվական շտաբը հրապարակել է փաստաթուղթ, որում ասվում է, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։

Փաստաթղթում ասվում է.

 

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման գոտուց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների դուրսբերման և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զինված կազմավորումները լուծարելու և ամբողջությամբ զինաթափելու և Լեռնային Ղարաբաղի տարածքից ծանր տեխնիկայի և սպառազինության դուրսբերման մասին՝ դրանց շուտափույթ ոչնչացման նպատակով։

 

Ադրբեջանական կողմի բարձրացրած հարցերը վերաինտեգրման, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության ապահովման, ինչպես Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսապահովման վերաբերյալ, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, քննարկվելու են տեղի հայ բնակչության և Ադրբեջանի Հանրապետության կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչների հանդիպմանը, որը տեղի կունենա Եվլախ քաղաքում 2023 թվականի սեպտեմբերի 21-ին եւ հետագա հանդիպումների ժամանակ»։

 

Այսօր Արցախի Հանրապետության իշխանությունները հայտնել էին, որ ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ:

 

Հաղորդագրության մեջ ասված էր.

 

«Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջադրված է Արցախը մասնատելու և նրա կենսունակությանն անդառնալի վնաս հասցնելու խնդիր։ Երկու օր տևած համառ մարտերի ընթացքում Արցախի ԶՈւ ստորաբաժանումները հերոսաբար պաշտպանում են կենդանի ուժով և զինտեխնիկայով մի քանի անգամ գերազանցող թշնամուց՝ պատճառելով նրան մեծագույն կորուստներ:

 

Դժբախտաբար, կորուստներ և վիրավորներ ունի նաև արցախյան կողմը, իսկ որոշ հատվածներում թշնամուն հաջողվել է մխրճվել ՊԲ մարտական դիրքեր, տիրանալ մի շարք բարձունքների և ռազմավարական ճանապարհային հանգույցների:

 

Ստեղծված իրադրությունում անբավարար են միջազգային հանրության գործողությունները՝ պատերազմի դադարեցման և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ:

 

Հաշվի առնելով այս ամենը Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին