Երեւան։ Մեդիամաքս։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ չի հաջողվել Հայաստան-Ադրբեջան սահմանի Տեղ գյուղի հատվածում սահմանապահների ընթացող տեղակայումն իրագործել առանց սրացումների:
Կառավարության նիստի ընթացքում նա կարեւորել է Եվրամիության հայտարարությունը, որտեղ ընդգծվում է 1991 թվականի սահմանագիծը:
«Խոսքը հայկական ԽՍՀ եւ ադրբեջանական ԽՍՀ միջեւ գոյություն ունեցած վարչական սահմանագծի մասին է, որը 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրով վերածվել է պետական սահմանի:
ԵՄ-ն արձանագրել է, որ այդ սահմանագիծը պետք է հարգվի: Դրանում ընդգծվում է նաեւ այդ սահմանագծից երկու կողմերի ԶՈՒ հետքաշումն ապահով հեռավորության վրա՝ որպես իրադրության կայունության հուսալի երաշխիք:
Հայաստանը պատրաստ է գնալ նման միջոցի Հայաստան-Ադրբեջան 1991 թվականի սահմանային գծի ողջ երկայնքով: Մենք մեր պատրաստակամությունը հայտնում ենք 2021 թվականից, եւ նման գործողությունը բխում է Պրահայի քառակողմ եւ Սոչիի եռակողմ պայմանավորվածությունների տրամաբանությունից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ նման լուծմանը խոչընդոտում է Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումը. «Ադրբեջանը սիստեմատիկ ի ցույց է դնում միջազգային հարթակներում ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու իր գործելակերպը:
Սակայն ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ մենք շարունակում ենք հավատարիմ եւ ներգրավված մնալ տարածաշրջանային բոլոր հարցերը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները բանակցություններով կարգավորելու քաղաքականությանը»:
Նիկոլ Փաշինյանը նշել է նաեւ, որ Հայաստանը պատրաստ է տարածաշրջանային տնտեսական եւ տրանսպորտային կապերի վերաբացմանը՝ նախկինում ՀՀ-ի կողմից բարձրաձայնված սկզբունքների հիման վրա, պատրաստ է նաեւ սահմանների դելիմիտացիային՝ Պրահայի եւ Սոչիի պայմանավորվածությունների հիման վրա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: