Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարեւաններից եւ ոչ մեկի նկատմամբ:
ԱԺ-ից հայտնում են, որ Բահրեյնում ելույթ ունենալով Միջխորհրդարանական միության (IPU) վեհաժողովին, Ալեն Սիմոնյանն ասել է.
«Մեր միջազգային քաղաքականության անկյունաքարը բոլոր երկրների հետ խաղաղ հարաբերությունների պահպանումն է: Այնուամենայնիվ, մենք բախվում ենք բազմաթիվ սպառնալիքների: Հարավային Կովկասում լարվածությունը շարունակվում է: 2021 թվականի մայիսի 12-ից հարեւան Ադրբեջանը խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ ապօրինաբար օկուպացրել է մոտ 150 քառակուսի կիլոմետր տարածք: Չնայած դժվարություններին՝ մեր նպատակն է համագործակցել կայուն աշխարհ կառուցելու գործում»:
Խոսելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման մասին, Ալեն Սիմոնյանն ասել է, որ այն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է:
«Լեռնային Ղարաբաղում բնակվող շուրջ 120.000 էթնիկ հայ մնացել է առանց առաջին անհրաժեշտության ապրանքների եւ ծառայությունների: Նրանք զրկված են կենսական նշանակության դեղորայքից եւ բժշկական օգնությունից: Էլեկտրաէներգիայի եւ գազի մատակարարման խափանումները հանգեցրել են սարսափելի դժվարությունների: Վերջերս Ադրբեջանը կեղծ տեսանյութ էր հրապարակել, որտեղ իբր Հայաստանը զենք է մատակարարում Լեռնային Ղարաբաղին: Ցավոք, Ադրբեջանը չի սահմանափակվում ապատեղեկատվության տարածմամբ եւ վերը նկարագրված հետապնդումներով: Մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղի ոստիկանության երեք աշխատակից սպանվեց, եւս մեկը վիրավորվեց Ադրբեջանի հրամանով նախապես ծրագրված դարանակալման հետեւանքով», - պատմել է ԱԺ նախագահը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: