«Հայաստան» խմբակցություն. «Նախապատրաստվում են մահացու զիջումներ» - Mediamax.am

3445 դիտում

«Հայաստան» խմբակցություն. «Նախապատրաստվում են մահացու զիջումներ»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով իշխանությունների ներքին ու արտաքին քաղաքականությունը, որը «վերջնականապես փլուզում է անվտանգության փխրուն համակարգը»:

Խմբակցության տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

 

«Մեզ համար անընդունելի են Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ անկախության հռչակագրին հակասող հայտարարությունները։

 

Թաքնվելով «Հավաստի Աղբյուրի» անվան տակ՝ օրվա իշխանությունը նախապատրաստում է հայ ժողովրդին նոր՝ մահացու զիջումների եւ զուգահեռաբար խրախուսում հակառուսական հիստերիան՝ փորձելով իր ձախողումների մեղավորներ նշանակել: Այն դեպքում, երբ Արցախի անվտանգության ու արցախահայության կյանքի իրավունքը ռուսական խաղաղապահներն են ապահովում, իսկ հայ-թուրքական սահմանին ռուսական ռազմաբազա է տեղակայված:

 

Հայաստանը Ռուսաստան-Արեւմուտք հակադրության մեջ մանրադրամ դարձնելու օրվա իշխանության արկածախնդրային քաղաքականությունը մեր երկրի համար կործանարար հետեւանքների կարող է հանգեցնել: Համոզված ենք, որ միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր ռազմավարական-դաշնակցային-բարեկամական հարաբերությունները վերականգնել Ռուսաստանի ու Իրանի հետ, ինչպես նաեւ վստահելի, կանխատեսելի ու հարգանք վայելող գործընկեր դառնալ Արեւմուտքի հետ հարաբերություններում:

 

Մենք կողմ ենք հարեւանների հետ համակեցության կանոններ գտնելուն ու հարաբերություններ հաստատելուն, բայց դրանք չպետք է լինեն մեր անվտանգության ու արժանապատվության հաշվին։ Դեմ ենք միջպետական կոմունիկացիաների գործարկումը միջանցքային տրամաբանությամբ իրականացնելուն։

 

Իրական ու արժանապատիվ խաղաղությունը հնարավոր է ապահովել միայն պետության արդյունավետ ներքին ու արտաքին քաղաքականությամբ, պրոֆեսիոնալ թիմով, բանակի վերականգնմամբ, հանրային լայն համախմբում ու համերաշխություն ապահովելով, Հայաստանի կողմից նոր բանակցողով»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին