Տոնոյանը Փաշինյանին առաջարկում է չմոռանալ «բումերանգի էֆեկտի» մասին - Mediamax.am

4112 դիտում

Տոնոյանը Փաշինյանին առաջարկում է չմոռանալ «բումերանգի էֆեկտի» մասին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ասել է, որ «նախաքննության եւ դատաքննության փուլերում բարձրաստիճան եւ ավագ սպայական կազմի քրեական վարույթների վերաբերյալ արված բոլոր հայտարարությունները գնահատում եմ որպես քաղաքական ուղղորդում եւ ներգործության փորձ քրեական վարույթն իրականացնող մարմինների վրա»։

«Նկատել եմ նաեւ, որ ինձ ու զինվորականներին, որոնք մեծամասամբ անձնազոհաբար կռվել եւ ծանր պատասխանատվություն են ստանձնել, տարբեր ամբիոններում վերհիշելիս շատ է ջղաձգվում։ «Մինչեւ կյանքի վերջ» հետապնդելու մասին սպառնալիքներ հնչեցնողը պետք է քաջ գիտակցի, որ ինքը նման վերաբերմունքի արժանանալու բազմաթիվ առիթներ է տվել եւ շարունակում է տալ։ Եվ «բումերանգի էֆեկտի» մասին մոռանալ չարժե», - ասել է նա News.am-ին տված հարցազրույցում:

 

Պատասխանելով խաղաղության պայմանագրի եւ ռուս խաղաղապահների մասին հարցերին, Դավիթ Տոնոյանն ասել է.

 

«Չեմ կարող կանխատեսումներ անել թե՛ խաղաղության պայմանագրի, թե՛ ռուս խաղաղապահների առաքելության մասին, քանի որ ինչպես եւ մեր հանրությունը, տեղեկություն չունեմ, թե ինչ տրամաբանությամբ են վարվում բանակցությունները:

 

Այս պահին շարունակում է գործել 2020թ. նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարությունը, որն առնվազն 3 տարով ամրագրում է խաղաղապահների ներկայությունը Արցախում: Որեւէ հիմք չունեմ մտածելու, որ երեք տարի անց «խաղաղության պայմանագիրը» երաշխավորելու է Արցախի ժողովրդի անվտանգությունը։ Ուստի գլխավոր հրամայականը եղել եւ մնում է հայ ժողովրդի անվտանգության երաշխավորների՝ Հայաստանի Զինված ուժերի եւ Արցախի Պաշտպանության բանակի մարտունակության բարձրացումը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին