Արմեն Գրիգորյան. Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ - Mediamax.am

3316 դիտում

Արմեն Գրիգորյան. Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ


Լուսանկարը` Անվտանգության խորհրդի գրասենյակ


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ասել է, որ Արցախը Հայաստանի հետ կապող երթեւեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ:

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում Արմեն Գրիգորյանն ասել է, որ ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի եւ Ադրբեջանի նախագահի՝ 2020թ. եռակողմ հայտարարության 6-րդ կետում, որտեղ սահմանված են Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի ստեղծման եւ գործունեության հետ կապված հարցեր, սահմանված է հետեւյալը. «Կողմերի (այսինքն՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի) համաձայնեցմամբ առաջիկա երեք տարվա ընթացքում կորոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթեւեկության նոր երթուղու կառուցման պլանը, ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի հետագա վերատեղաբաշխմամբ՝ այդ երթուղու պահպանության համար»:

 

«Այս ընթացքում, իհարկե, այս ուղղությամբ որոշակի աշխատանք կատարվել է, բայց այս պահի դրությամբ համաձայնեցված պլան գոյություն չունի: Համենայնդեպս՝ Հայաստանը որեւէ պլանի համաձայնություն չի տվել, հետեւաբար՝ Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ»,- ասել է Գրիգորյանը:

 

Խոսելով Կոռնիձոր-Տեղ-Մ12 ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների մասին, որը ենթադրվում է՝ պիտի միանա Լաչինի միջանցքի նոր երթուղուն, ԱԽ քարտուղարն ասել է, որ այդ շինարարությունն արդեն սկսվել է:

 

«Ուշադրություն դարձրեք, որ եռակողմ հայտարարության մեջ նշվում է նոր երթուղու կառուցման պլանի մասին: Նման համաձայնեցված պլան գոյություն չունի: Հայաստանն արդեն իսկ առաջարկել է եռակողմ ձեւաչափով համաձայնեցնել եւ ստորագրել պլանը եւ համաձայնեցված ժամանակացույցով ու ճանապարհային քարտեզով գնալ առաջ: Դա այն է, ինչ նախատեսված է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ»,- ասել է Գրիգորյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին