Փաշինյանը չի բացառել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելը - Mediamax.am

1952 դիտում

Փաշինյանը չի բացառել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է՝ «այն նախնական մտահղացումը, որն ուներ Ադրբեջանը, այս պահի դրությամբ ես չեզոքացված չեմ համարում»:

Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ նա նշել է, որ Սեւ լիճ կոչվող մեր տարածքում Ադրբեջանի ձեռնարկած գործողության նպատակը ռազմական բախում հրահրելն է, ուժի գործադրմամբ միջանցք ստեղծելը Սեւ լճից դեպի Բիչենեկի տարածք:

 

«Ադրբեջանի մտահղացման վերաբերյալ մեր գործընկերները պետք է հստակ տեղեկացված լինեն եւ հստակ դիրքորոշում արտահայտեն: ՀԱՊԿ-ը հստակ դիրքորոշում չի արտահայտել, որ Ադրբեջանը պետք է զորքերը հետ քաշի: Աշխատանքային մակարդակում այդ դիրքորոշումն արտահայտում է, բայց հրապարակային մակարդակում՝ ոչ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելուն՝ այդ հարցը շարունականում է քննարկման առարկա մնալ. «Մենք երբեք չենք բացառել եւ չենք էլ բացառում, որ կգնանք այդ ճանապարհով, եթե պարզվի, որ ՀԱՊԿ գործիքները կամ հայ-ռուսական միացյալ զորախմբի վերաբերյալ պայմանագրի գործիքները բավարար չեն այս իրավիճակը լուծելու համար»:

 

Անդրադառնալով աշխատանքային մակարդակում գտնվող փաստաթղթին՝ վարչապետի պաշտոնակատարը նշել է. «Չկա այդպիսի տարբերակ, որ մենք որեւէ փաստաթուղթ ստորագրենք՝ առանց զորքերի դուրս բերման: Մենք առաջարկել ենք երկու տարբերակ՝ կամ ադրբեջանական զորքերը դուրս են բերվում, որից հետո տեղի է ունենում համաձայնեցված թղթի ստորագրումը, կամ ստորագրված թղթի մեջ հստակ ձեւակերպվում, թե քանի օրվա մեջ են դուրս գալիս Ադրբեջանի զորքերը:

Դեռ այն ժամանակ, երբ այդ փաստաթուղթը չէր արտահոսել, մենք երկու գրավոր առաջարկ ենք ներկայացրել դրա բովանդակության վերաբերյալ՝ առաջինը գերիների ամբողջական վերադարձ, երկրորդը՝ տվել ենք կոորդինատներ, թե զորքերը Ադրբեջանի որ կոորդինատներից անդին պետք է լինեն: Այդ պահից սկսած մեր առաջարկին ոչ մի արձագանք չենք ստացել»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին