Վարչապետը մեկնաբանել է Բաքվում «Ռազմավարների զբոսայգու» բացումը - Mediamax.am

3686 դիտում

Վարչապետը մեկնաբանել է Բաքվում «Ռազմավարների զբոսայգու» բացումը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ որպես ապագայի հարց պետք է դրվի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքի դեօկուպացիայի խնդիրը:

«Մենք սա պետք է ձեւակերպենք ոչ թե որպես ռազմական հարց, այլ որպես բանակցային, քաղաքական հարց: Պետք է հետեւողականորեն շարունակենք ԼՂ համար «անջատում հանուն փրկության» բանաձեւի իրագործումը»,- ասել է նա:

 

Մեկնաբանելով Բաքվում բացված «Ռազմավարների զբոսայգին»՝ Նիկոլ Փաշինյանն ասել է.

 

«Դա ուղղակի աներեւակայելի մի բան է, բոլոր հնարավոր ամբիոններից ու տեղերից պետք է հրավիրենք բոլորի ուշադրությունը, որ պատերազմի տառապանքների եւ զոհերի թանգարան է բացվել մի երկրում, որը հայատյացության ամենամեծ դրսեւորումն է: Սա ամենամեծ հիմքն է, որ միջազգային հանրությանն ի ցույց դնենք «անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառելիությունը»:

 

Անդրադառնալով ՀՀ արտաքին անվտանգության ապահովմանը՝ նա ընդգծել է, որ դրա առանցքը հայ-ռուսական ռազմական դաշինքն է:

 

«Այս առումով Հայաստանի համար գործնական կարեւոր նշանակություն ունեն հայ-ռուսական միացյալ զորախմբավորումը եւ ՀԱՊԿ հայ-ռուսական հակաօդային պաշտպանության միացյալ համակարգը: Այս երկու համակարգերի ձեւավորած պայմանագրային տրամաբանությամբ՝ հարձակում Հայաստանի վրա նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա»,- ասել է կառավարության ղեկավարը:

 

Նա հայտնել է, որ ռուս գործընկերների հետ քննարկում են նաեւ ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի հնարավորությունները հարստացնելն ու Սյունիքում ռազմաբազայի հենակետ ստեղծելու հարցը:

 

«Ռազմավարական հեռանկարում մենք պատկերացնում ենք, որ ՀՀ պետական սահմանների այն հատվածների պահպանությունը, որն իրականացնում են մեր զինված ուժերը, կդրվի սահմանապահների վրա, իսկ բանակի ստորաբաժանումները կզբաղվեն բացառապես մարտական պատրաստության հարցերով: Արցախի անվտանգությունը կշարունակի իրականացնել Պաշտպանության բանակը՝ ռուս խաղաղապահ ուժերի հետ համատեղ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին