Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր նախագահական նստավայրում աշխատանքային հանդիպում են ունեցել:
«Սա, կարծես, մեր ավանդույթն է՝ պարբերաբար հանդիպել, քննարկել ե՛ւ երկրում, ե՛ւ երկրից դուրս՝ միջազգային ոլորտում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները, նաեւ կիսվել մեզանից յուրաքանչյուրի ինստիտուտի՝ կառավարության եւ նախագահական ինստիտուտների այցելությունների, հանդիպումների, ձեռքբերումների, դժվարությունների մասին»,- ասել է նախագահը:
Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, որ 2019-ը հաջող տարի է ստացվել Հայաստանի համար:
«Կարծում եմ, որ 2020 թվականին հենց այդպիսի մի փուլ ենք թեւակոխում, եւ մեր երկրում ինստիտուտների կայացումը, հակակշիռների եւ փոխզսպումների համակարգի ներդրումը մշտապես եղել է մեր ուշադրության կենտրոնում եւ հիմա էլ մեր ուշադրության կենտրոնում է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ վարչապետն ասել է.
«Ես միանշանակ կիսում եմ Ձեր այն տեսակետը, որ մենք այդ հարցին պետք է մոտենանք հենց երկրի ինստիտուցիոնալ կայացման տրամաբանությամբ, մեր երկրի ազգային եւ պետական շահերի տրամաբանությամբ, հակակշիռների եւ փոխզսպումների ճշգրիտ եւ աշխատող համակարգ ունենալու տրամաբանությամբ»:
Նախագահը հավելել է, որ ինքը պատրաստ է քննարկման:
«Շատ էական է այն, ինչ Դուք ասացիք՝ ինստիտուտների կայանալը մեր երկրում, հավասարակշի՛ռ ինստիտուտների, որովհետեւ եթե խոսում ենք երկարաժամկետ, կայուն զարգացման մասին, առանց դրա հնարավոր չի լինի»,- ասել է Արմեն Սարգսյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: