Երեւան: Մեդիամաքս: Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը հանդես է եկել պարզաբանմամբ, նշելով, որ Գագիկ Ծառուկյանը քաջատեղյակ է "կուսակցության անվան հետ կապվող տարբեր առաջարկներին, վերլուծություններին, մեկնաբանություններին եւ նաեւ կեղծ լուրերը միտումնավոր տարածման փաստերին”:
“Գագիկ Ծառուկյանը վերջին շաբաթվա ընթացքում բացակայում էր հանրապետությունից: Իր կարճատեւ արձակուրդն անց էր կացնում արտերկրում` ընտանիքի անդամների հետ:
Թե արձակուրդի օրերին, թե վերադառնալուց հետո նրան մշտապես զեկուցվել է Հայաստանում տեղի ունեցող առավել կարեւոր իրադարձությունների մասին: Գագիկ Ծառուկյանը քաջատեղյակ էր կուսակցության անվան հետ կապվող տարբեր առաջարկներին, վերլուծություններին, մեկնաբանություններին եւ նաեւ կեղծ լուրերը միտումնավոր տարածման փաստերին: Նա այդ ամենն ընդունել է ի գիտություն:
Հավելենք նաեւ, որ առաջիկա ամսվա ընթացքում Գագիկ Ծառուկյանի աշխատանքային գրաֆիկը խիստ հագեցած է` նախատեսված են բազմաթիվ հանդիպումներ, ընդունելություններ, աշխատանքային խորհրդակցություններ, բարեգործական ակցիաներ”, - ասել է Խաչիկ Գալստյանը:
Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ նոյեմբերի 25-ին ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել էր, որ Հանրապետական կուսակցության եւ Բարգավաճ Հայաստանի հակամարտությունն արդեն կայացած փաստ է։
“Ի դեմս Բարգավաճի, ըստ էության, ուրվագծվում է քաղաքական շրջանակներում վաղուց ակնկալված Երրորդ ուժի ձեւավորումը, ինչը, սակայն, հակառակ բոլոր կանխատեսումների, տեղի է ունենում ոչ թե ընդդիմության դաշտում, այլ իշխանական ճամբարում”,- նշել էր ՀԱԿ առաջնորդը:
“Ամենեւին կարեւոր չէ, թե ինչպես կավարտվի Հանրապետականների եւ Բարգավաճի հակամարտությունը։ Եթե նույնիսկ վերջինս հերթական անգամ ընկրկի ու հարկադրված լինի առերես վերահաստատել իր հավատարմությունը կոալիցիոն հուշագրին, միեւնույն է, դա չի նշանակում, որ ինչ-որ պահի կրկին չի հրաժարվի դրանից, թեեւ, իհարկե, այդ տատանումները կարող են բացասաբար անդրադառնալ նրա վարկանիշի վրա”,- ասել էր ՀՀ առաջին նախագահը։
“Եթե պարզվի, որ Բարգավաճ Հայաստանն անկեղծորեն մտադիր է դուրս գալ կոալիցիայից եւ պայքարել իրապես արդար ու օրինական ընտրություններ անցկացնելու համար, ապա, իմ կարծիքով, ՀԱԿ-ն այդ պարագայում պետք է պատրաստ լինի լրջորեն քննարկել նրա հետ համագործակցելու հնարավորություններն ու հեռանկարները”, - նշել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: