Երեւան: Մեդիամաքս: ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հայտարարել է, որ դիմելու է գլխավոր դատախազին, որպեսզի ձերբակալված ԱԺ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը հետ վերցնի խորհրդարանից:
Այս մասին նա հայտարարել է լրագրողներին՝ հավելելով, որ գնում է պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման:
Մեդիամաքսը հիշեցնում է, որ Ազգային Ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը եւ Սասուն Միքայելյանը ձերբակալվել են ապրիլի 22-ին՝ «օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք դիտավորությամբ կազմակերպելու եւ անցկացնելու անմիջականորեն ծագած կասկածանքով»: Գլխավոր դատախազությունն հայտարարել էր, թե ՀՀ ԱԺ պատգամավորների ձերբակալման մասին ՀՀ սահմանադրությամբ սահմանված կարգով անհապաղ տեղեկացվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահը:
«Գնում եմ, որպեսզի բանակցեմ եւ լուծում գտնենք: Վաղվա օրը (Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր-Մեդիամաքս) չափազանց կարեւոր է: Ես կարծում եմ, որ մենք այնքան տրամաբանություն եւ սթափություն կունենանք, որպեսզի աշխարհին ցույց տանք, որ, անկախ այն բանից, թե ինչքան բարդ խնդիր ու նեղվածություն կա, կարող ենք նստել եւ տրամաբանական լուծում գտնել»,- ասել է Կարեն Կարապետյանը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն էլ այսօր ասել է, որ շատ մտահոգված է, որ Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը երեկվանից հայտնի չէ:
«Հանրապետության նախագահի՝ Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակներում փորձում եմ անել ամեն ինչ, որ այս վիճակը շտկվի եւ լուծում ստանա»,- ասել է նա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: