Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը եւ Սասուն Միքայելյանը ձերբակալվել են՝ «օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք դիտավորությամբ կազմակերպելու եւ անցկացնելու անմիջականորեն ծագած կասկածանքով»:
Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ ասված է.
«Հիշյալ պատգամավորները բռնվել են հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման պահին, որոնք դրսեւորվել են ան բանում, որ նրանք «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգի խախտմամբ ապրիլի 13-ից կազմակերպել եւ անցկացրել են հավաքներ՝ անտեսելով լիազոր մարմնի՝ Երեւանի քաղաքապետարանի կողմից սահմանված սահմանափակումները:
Իսկ 2018թ. ապրիլի 19-ից 22-ը Երեւան քաղաքի տարբեր վարչական շրջաններում կազմակերպել եւ անցկացրել են հավաքներ, որոնց մասին օրենքով սահմանված կարգով չեն իրազեկել լիազոր մարմնին:
Անօրինական հավաքների, այդ թվում՝ երթերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը Արարատ Միրզոյանը եւ Սասուն Միքայելյանը, նրանց կողմից հրահանգվող անձինք պարբերաբար եւ կոպտորեն խախտել են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներ:
Ավելին, անօրինական հավաքների, ներառյալ՝ երթերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը Արարատ Միզոյանը եւ Սասուն Միքայելյանը պարբերաբար հորդորել են հավաքի մասնակիցներին եւ այլ անձանց շրջափակել քաղաքի փողոցները, արգելափակել պետական մարմինների շենքերի մուտքերը, ներխուժել նշված, այդ թվում՝ հատուկ պահպանության ենթակա շենքերի տարածքներ, կազմալուծել դրանց աշխատանքը:
Ի կատարումն այդ կոչերի՝ հավաքի կազմակերպիչները եւ մասնակիցները պարբերաբար եւ տեւական ժամանակով փակել են մի շարք պողոտաներ եւ փողոցներ, տրանսպորտային այլ հանգույցներ, արգելափակել են պետական, տեղական ինքնակառավարման մարմինների եւ մասնավոր կազմակերպությունների շենքերի մուտքերը, խոչընդոտել են դրանց բնականոն գործունեությանը, բռնություն են կիրառել ոստիկանության ծառայողների եւ այլ անձանց նկատմամբ՝ հանգեցնելով անձանց իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակման:
ՀՀ ԱԺ պատգամավորների ձերբակալման մասին ՀՀ սահմանադրությամբ սահմանված կարգով անհապաղ տեղեկացվել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահը»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: