Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Լոնդոնում հանդիպել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Ուիլյամ Հեյգի եւ Եվրոպական հարցերով պետնախարար Դեվիդ Լիդինգտոնի հետ:
Հանդիպումից առաջ Էդվարդ Նալբանդյանն ու Դեվիդ Լիդինգտոնը ստորագրել են երկկողմ հայ-բրիտանական համաձայնագիր եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին:
Էդվարդ Նալբանդյանը բրիտանացի նախարարների հետ քննարկել է քաղաքական երկխոսության, երկկողմ հարաբերությունների խթանման, միջազգային կառույցներում փոխգործակցության հարցերը:
Նախարարն ասել է, որ հայ-բրիտանական հարաբերությունները զարգացման լուրջ ներուժ ունեն եւ կարեւորել է տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցության ակտիվացումը: Որպես տնտեսական փոխգործակցության խորացման հնարավոր բնագավառներ նշվեցին բարձր տեխնոլոգիաները, էներգետիկան, տրանսպորտը, բանկային համակարգը:
Նախարարները անդրադարձան նաեւ Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցությանը: Ուիլյամ Հեյգը ողջունեց Հայաստան-Եվրոպական միություն խորացող համագործակցությունը եւ մերձեցումը:
Հայաստանի եւ Միացյալ Թագավորության ԱԳՆ-երի ղեկավարները խոսեցին նաեւ տարածաշրջանային հարցերից, Մերձավոր, Միջին Արեւելքում ու Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող զարգացումներից:
Զրուցակիցները մանրամասն քննարկել են նաեւ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման խնդիրները: Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները արցախյան հիմնահարցի կարգավորման վերաբերյալ եւ հույս է հայտնել, որ Ադրբեջանի կողմից համապատասխան քաղաքական կամքի, իրատեսության եւ կառուցողականության դրսեւորման պարագայում հնարավոր կլինի հասնել հիմնահարցի հանգուցալուծմանը: