Նախագահին մտահոգում է կառավարման համակարգը փոխելու հարցը - Mediamax.am

4322 դիտում

Նախագահին մտահոգում է կառավարման համակարգը փոխելու հարցը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հույս է հայտնել, որ սահմանադրական բարեփոխումների քննարկումների արդյունքում հնարավոր է ունենալ թե՛ կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու, թե՛ գործող կառավարման համակարգի կատարելագործված ձեւը:

Այս մասին նախագահն ասել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը:

 

Նախագահը նշել է, որ կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու վերաբերյալ մասնագիտական հանձնաժողովի փաստարկներն ու հիմնավորումները ծանրակշիռ են:

 

«Ավելին՝ Վենետիկի հանձնաժողովը եւս գտնում է, որ կառավարման խորհրդարանական համակարգը կարող է ամրապնդել ժողովրդավարությունը Հայաստանում: Միեւնույն ժամանակ, քաղաքական ուժերի հետ անցկացված կոնսուլտացիաները ցույց են տալիս, որ այս հարցում չկան եւ օբյեկտիվորեն չեն էլ կարող լինել միանշանակ համընկնող մոտեցումներ»,- ասել է նախագահը:

 

Նա նաեւ նշել է, որ կառավարման գործող համակարգի օգտին նախկինում իր արտահայտած դիրքորոշման հիմքում ընկած «օբյեկտիվ նախադրյալները էապես չեն փոխվել»:

 

«Ես դեռ ունեմ մտահոգություններ, որոնք կապված են կառավարման համակարգի փոփոխության վերաբերյալ ձեր մասնագիտական մոտեցման հետ: Եթե ավելի կոնկրետ լինեմ, ես դեռեւս լավ չեմ պատկերացնում, թե առաջարկվող մոդելն ինչպես է անվերապահորեն երաշխավորելու երկու կարեւորագույն բաղադրիչ՝ երկրի արտաքին եւ ներքին անվտանգությունը եւ կառավարման համակարգի կայունությունը, ինչն, իմ կարծիքով, ապահովված է կառավարման գործող մոդելի պայմաններում: Պատահական չէ, որ հայեցակարգում դուք եւս մտահոգություն եք հայտնել խորհրդարանական կառավարման համակարգի կայունության վերաբերյալ եւ առաջարկել այդ խնդրի լուծման նախնական մոտեցումներ: Բնականաբար, հաշվի առնելով հայեցակարգի օբյեկտիվորեն ակնկալվող ընդհանրության աստիճանը՝ այդ լուծումները չէին կարող խիստ մանրակրկիտ եւ լիարժեք լինել»,- ասել է ՀՀ նախագահը:

 

Նա հավելել է, որ «այս ամենով հանդերձ, ինքը քաղաքական հավանություն կտա հայեցակարգին»:

 

«Առավել եւս, որ իմ հանդիպումների ժամանակ քաղաքական որեւէ ուժ առարկություն չի ունեցել հայեցակարգի հաստատման վերաբերյալ»,- ընդգծել է նախագահը:

 

Սահմանադրական բարեփոխումների ծրագրին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին