Նաիրա Զոհրաբյան. ԲՀԿ-ն հայտարարում եմ ընդդիմություն - Mediamax.am

5041 դիտում

Նաիրա Զոհրաբյան. ԲՀԿ-ն հայտարարում եմ ընդդիմություն


Նաիրա Զոհրաբյանը
Նաիրա Զոհրաբյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նոր նախագահ Նաիրա Զոհրաբյանն այսօր ԲՀԿ-ն հայտարարել է ընդդիմություն:

Այս մասին նա ասել է ԲՀԿ արտահերթ համագումարում իր ելույթի ընթացքում:

 

«Նույնը (ԲՀԿ-ն ընդդիմություն հայտարարելը – խմբ.) ես կհայտարարեմ ԱԺ առաջիկա քառօրյայում՝ օրենքի համաձայն: Մեզ, բնականաբար, ժամանակ է պետք մեր մարտավարությունն ու հետագա քայլերը ծրագրելու համար: Մեզ հիմա լրջագույն քննարկումների եւ վերլուծությունների փուլ է սպասում՝ ընդդիմության հստակ եւ ընկալելի մարտավարություն մշակելու համար: Մենք դա անելու ենք միասին, որովհետեւ մենք պատասխանատվություն ունենք ժողովրդի առջեւ: Այլ ճանապարհ չկա»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը: 

 

Անդրադառնալով վերջին իրադարձություններից հետո կուսակցության նկատմամբ հանրության մի հատվածի մոտ ձեւավորված բացասական կարծիքին՝ Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ «ԲՀԿ-ից հիասթափություն, իսկապես, կա»:

 

«Ես մեր բոլորի անունից ներողություն եմ խնդրում մեր այն հայրենակիցներից, ում հույսերը մենք չկարողացանք արդարացնել: Այսօր ես չեմ ցանկանում խոսել տեղի ունեցածի պատճառների, մեր ու այլոց սխալների մասին: Տեղի ունեցածը վերլուծելու համար ժամանակ է պետք, բայց դա անպայմանորեն պիտի արվի` հետագա մեր քայլերի ու գործողությունների ճիշտ հետեւությունների համար»,- ասել է նա:

 

Զոհրաբյանի խոսքով, այժմ ժամանակն է տեղի ունեցածը սթափ, առանց ավելորդ էմոցիաների քննարկելու եւ վերլուծելու:

 

«Մենք պետք է հասկանանք, որ պետության եւ ժողովրդի խնդիրները այս ներքաղաքական ճգնաժամից հետո չեն լուծվել, անգամ չեն մեղմվել: Եվ եթե մեր խնդիրը իրապես ժողովրդի կողքին լինելն ու ժողովրդի իրավունքների համար պայքարելն է, ուրեմն մենք պետք է շատ լուրջ աշխատենք այդ ուղղությամբ: Մեր պայքարը երբեք աթոռների ու պաշտոնների համար չի եղել ու, կարծում եմ, հանրությունը դա հրաշալի գիտի»,- ասել է նա: 

 

Անդրադառնալով կուսակցության ղեկավարի պաշտոնի ստանձմանը՝ Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ «բավական բարդ է իր համար լինելու»:

 

«Ես պատրաստ եմ աշխատելու: Ես կողմ եմ թիմային աշխատանքի, կողմ եմ ներկուսակցական քննարկումների եւ բանավեճերի: Սակայն, ուզում եմ լինել ձեզ հետ բացարձակապես անկեղծ. եթե գա մի պահ, որ ես տեսնեմ, որ իմ աշխատանքը արդյունք չի տալիս, իմ եւ իմ գործընկերների պատկերացումները անելիքների ու ապագայի հանդեպ չեն համընկնում, ես արժանապատիվ վայր կդնեմ ԲՀԿ նախագահի իմ լիազորությունները: Եվ երբեք չեմ անի քայլ, որը պատիվ չի բերի կուսակցությանն ու կհիասթափեցնի ժողովրդին։ Դրանում կարող եք վստահ լինել»,- ասել է նա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին