Ամեն տարի մայիսի 28-ին Հայաստանի ղեկավարները հանդես են գալիս ուղերձով՝ Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ: Որոշեցինք վերընթերցել Նիկոլ Փաշինյանը 8 ուղերձները:
2018
2018 թվականի մայիսի 28-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տպավորիչ ելույթ ունեցավ Սարդարապատում:
«Իր պատմության մեջ առաջին անգամ հայ ժողովուրդը ոչ թե հպատակ էր, այլ քաղաքացի, ոչ թե ծառա էր, այլ տեր: Եվ սա ճակատագրական շրջադարձ էր: Իհարկե, դա առայժմ միայն իրավական կարգավիճակի փոփոխություն էր, բայց այս կարգավիճակը հայ ժողովուրդը ոչ թե նվեր ստացավ ինչ-որ մեկից, այլ նվաճեց քրտինքով ու արյունով: Բաշ-Ապարանում եւ Սարդարապատում տարավ իր պատմության փառահեղ հաղթանակներից՝ ջախջախելով թուրքական զորամիավորումներին, եւ այդ հաղթանակի թագն ու պսակը դարձավ Առաջին Հանրապետության հռչակումը: Հերոսական այս ճակատամարտերի պատմությունն աներեւակայելի է: Ինչպե՞ս, այդ ինչպե՞ս կարողացավ ցեղասպանության ենթարկված, սրի քաշված, թալանված ու ոչնչացման եզրին կանգնած հայ ժողովուրդը հաղթել թուրքական բանակին: Արդյո՞ք դրա համար կային սոցիալ-տնտեսական, ռազմաքաղաքական նախադրյալներ: Ո՛չ եւ երիցս ոչ: Պրագմատիզմի եւ սառը հաշվարկի տեսակետից հայ ժողովուրդը չուներ հաղթելու ոչ մի շանս, ոչ մի հնարավորություն, բայց մենք հաղթեցինք, որովհետեւ սթափեցնող մի արթնացումով հասկացանք, որ մեր էությունն անապատներ քշվելն ու կոտորվելը չէ, որ մեր երակներով հոսում է Մեսրոպ Մաշտոցի արյունը, մեր երակներով հոսում է Արտաշես արքայի արյունը, մեր երակներով հոսում է Վարդան Մամիկոնյանի արյունը», - ասել էր նա:

Լուսանկարը` ՀՀ կառավարություն
2018 թվականի նոյեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Աշտարակի բնակիչներին եւ նորից խոսել Բաշ-Ապարանի եւ Սարդարապատի ճակատամարտերի մասին.
«Երբ Բաշ-Ապարանի եւ Սարդարապատի ճակատամարտերը տեղի ունեցան, որեւէ բանական մարդ չէր կարող ասել, թե այդ ճակատամարտերում մեր ժողովուրդը հաղթելու հնարավորություն ունի, որովհետեւ բոլոր չափանիշներով մենք պետք է պարտվեինք այնպես, ինչպես պիտի պարտվեինք ապրիլ-մայիսին: Աշխարհի բոլոր վերլուծական կենտրոններն ասում էին, որ հնարավոր չէ, այնտեղ չի կարող ժողովուրդը հաղթել: Բայց մենք հաղթեցինք, որովհետեւ հնարավորն անելը մեզ այլեւս հետաքրքիր չէ: Մենք ուզում ենք անել անհնարինը, որովհետեւ անհնարինն է սրանից հետո մեզ համար հնարավոր դառնալու: Սա է մեր պատմական եւ քաղաքական առաքելությունը: Եվ մենք, այո՛, մի ժողովուրդ ենք, որ սրանից հետո մեզ չի հետաքրքրելու հեշտ նպատակներ դնել եւ այդ նպատակներին հեշտությամբ հասնել:

Լուսանկարը` ՀՀ կառավարություն
Մենք մեր առաջ դնելու ենք մեծ նպատակներ, դժվար նպատակներ եւ հասնելու ենք այդ նպատակներին, որովհետեւ մենք հզոր, հաղթանակած, ազատ եւ երջանիկ ժողովուրդ ենք, մենք խեղճ ժողովուրդ չենք, մենք փոքր ժողովուրդ չենք: Մենք արել ենք ամենադժվարը՝ մենք հաղթել ենք մեր խեղճությանը, մենք հաղթել ենք մեր հուսահատությանը, մենք հաղթել ենք մեր դժբախտությանը: Ուրեմն մենք այլեւս անպարտ ենք եւ որեւէ մեկը մեզ չի կարող հաղթել ներսում, թե դրսում»:
2019
2019 թվականի մայիսի 28-ի ելույթում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ասում էր.
«Մենք այսօր կանգնած են սուրբ հողի վրա, սիրելի հայրենակիցներ, որովհետեւ նաեւ այստեղ է հեղվել այն սուրբ արյունը, որով ապրելու եւ լինելու իրավունք է նվաճվել մեզ համար, մեր ժողովրդի ու նրա ինքնության համար։ Այստեղ հեղված սուրբ արյան վրա է կառուցվել մեր պատմության առաջին Հանրապետությունը եւ այստեղ հեղված սուրբ արյունն է ապացուցել, որ հայ ժողովուրդը կենսունակ ժողովուրդ է, ապրելու ժողովուրդ է եւ նրա պատմությանը վերջակետ դնելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման»:

Լուսանկարը` ՀՀ կառավարություն
Թվարկելով մայիսյան հերոսամարտերի գլխավոր գործող անձանց, Հայաստանի վարչապետը նշում էր.
«Ձեր սխրանքներով են ոգեշնչվել արցախյան ազատամարտի հերոսները՝ Վազգեն Սարգսյանից մինչեւ Մոնթե Մելքոնյան, Քրիստափոր Իվանյանից մինչեւ Լեոնիդ Ազգալդյան, ձեր սխրանքներով են ոգեշնչվել ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսները՝ Ռոբերտ Աբաջյանից մինչեւ Քյարամ Սլոյան, Արմենակ Ուրֆանյանից մինչ Ադամ Սահակյան»:
2020
2020 թվականի մայիսի 28-ին՝ պատերազմից 4 ամիս առաջ, Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում, մասնավորապես, ասում էր.
«1918 թվականի այսօրվա Եռաբլուրի տարածքում Արամ Մանուկյանի նախաձեռնությամբ աշխատում էին շուրջ 1500 կին ու տղամարդ, նրանք ամրացնում էին դիրքերը. Եռաբլուրը Երեւան քաղաքի պաշտպանական վերջնագիծն էր:
Սարդարապատի հաղթական ճակատամարտը զերծ պահեց Երեւանը գրավվելուց, իսկ Եռաբլուրը տարիներ անց դարձավ յուրատեսակ ուխտատեղի՝ ոգեկոչելու Արցախի ազատության համար կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակը:
Այսօր մենք հավատարիմ ենք Սարդարապատի եւ Արցախի հաղթական ավանդներին ու պատգամներին, հավատացած ենք՝ ունենալու ենք մեր երազանքների Հայաստանը՝ արդար, բռնությունից զերծ, առաջխաղացման ու փոփոխության ձգտող ստեղծագործ հասարակությամբ, ուժեղ տնտեսությամբ ու էլ ավելի ուժեղ ու արդիական բանակով»:
Այս ելույթից 4 ամիս անց Եռաբլուրում ոչ թե դիրքեր էին փորում, այլ նոր գերեզմաններ: Հազարավոր նոր գերեզմաններ:
2021
Պատերազմից հետո Հանրապետության օրվա իր առաջին ելույթում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ասում էր.
«1918 թվականի այս օրերին մեր ժողովուրդն օրհասական վտանգի առջեւ էր կանգնած։ Թվում էր, թե անխուսափելի է կործանումը։ Թվում էր, թե մենք վերջնականորեն կորցնելու ենք մեր հայրենի հողի վրա պետություն ստեղծելու եւ մեր բնօրրանում ապրելու իրավունքը։ Սակայն ժողովրդի ուժերի գերլարումով, Արամ Մանուկյանի ոգու եւ կամքի առաջնորդությամբ հայությունը կարողացավ կանգնեցնել թշնամու գրոհը եւ Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսական մարտերում մեկընդմիշտ հաստատել ինքնիշխան պետություն ունենալու իր անքակտելի իրավունքը»:
«Դժվար պահերին հայ ժողովուրդը մշտապես կարողացել է համախմբվել, լինել մի բռունցք, բոլոր ուժերն ուղղել հանուն պաշտպանության, հանուն ինքնիշխանության եւ պետականության: Համոզված եմ, այսօր էլ պետք է գործենք նույն ոգով, Երեւանից մինչեւ սահմանապահ գյուղեր լինենք որպես մեկ ընտանիք՝ ի շահ մեր սիրելի Հայրենիքի անվտանգության ապահովման: Մենք մեր սթափ ու հավասարակշիռ որոշումներով, հաստատակամությամբ կանգնած ենք եւ կանգնելու ենք մեր պետության, ինքնիշխանության, անկախության դիրքերում եւ թույլ չենք տալու թշնամուն հասնել իր նպատակներին: Մեր սուվերենությունն ու անկախությունը քննարկման առարկա լինել չեն կարող: Եվ ինչպես Արամ Մանուկյանն էր 1918-ի հուսահատության օրերին ասում՝ «Դեպի գործ եւ աշխատանք, ու հաղթողը մենք ենք լինելու»:
Սա Նիկոլ Փաշինյանի առաջին ուղերձն էր Հանրապետության օրվա առիթով, որում որեւէ ձեւով նա չէր հիշատակել Արցախը: Բայց դեռեւս գործածում էր «թշնամի» եզրույթը:
2022
2022 թվականի մայիսի 28-ի ուղերձում Նիկոլ Փաշինյանն ասում էր.
«Երկու տարվա ընթացքում Հայաստանի Առաջին Հանրապետությունը չկարողացավ, չհասցրեց քաղաքական, միջազգային, տարածաշրջանային ինստիտուցիոնալ դիմակայություն ձեռք բերել, իր շուրջ խաղաղություն հաստատել:

Լուսանկարը` ՀՀ կառավարություն
Այսօր էլ մեր երկիրը կանգնած է նմանատիպ մարտահրավերների առաջ ու մեզ մտքի բացառիկ ճկունություն, երկաթյա կամք ու մանանեխի հատիկի չափ հավատ է հարկավոր այդ մարտահրավերները հաղթահարելու համար: Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերը ժամանակ էլ չունեցան նորածին պետությունը գլոբալ մարտահրավերների առաջ դիմակայուն դարձնելու համար: Երրորդ Հանրապետությունում մենք ցավալիորեն շատ ժամանակ ենք վատնել»:
«Պետությունը, պետականությունը պիտի մեր ամենօրյա աշխատանքի, գորովանքի, պատկառանքի առարկան դառնա, եւ խաղաղությունը պիտի դառնա այն միջավայրը, որի պայմաններում մենք Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերից ստացած պետականությունը պիտի դարերով փոխանցենք մեր սերունդներին», - նշել էր նա:
2023
2023 թվականի մայիսի 28-ի ուղերձում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ասում էր.
«Առաջին Հանրապետությունը չունեցավ ժամանակ. մենք դեռեւս ունենք: Առաջին Հանրապետությունը չկարողացավ կանգուն մնալ 20 թվականի պատերազմից հետո, մենք կանգուն ենք 20 թվականի պատերազմից հետո եւ կառուցում ենք մի հայրենիք-պետություն, որն այստեղ է եւ հիմա է, եւ մենք այլեւս չենք գնալու նոր հայրենիք փնտրելու, որովհետեւ մեր հայրենիքը մեր պետությունն է»:

Լուսանկարը` ՀՀ կառավարություն
Այս ուղերձում վարչապետը հիշատակում էր «խաղաղության օրակարգը», նշելով, որ
«մեր բոլոր նահատակներն ընկել են հանուն սեփական ժողովրդի երջանկության եւ ոչ տառապանքի, ու բարեկեցիկ, զարգացած, ապրող ու անվտանգ Հայաստանն է, Հայաստանի Հանրապետությունը, Հայաստան պետությու՛նը, որ պիտի հավերժ խաղաղություն բերի մեր բոլոր նահատակների հոգիներին»:
2024
2024 թվականի մայիսի 28-ի ուղերձում Նիկոլ Փաշինյանն արդեն հիշատակում էր «Իրական Հայաստանի» իր «հայեցակարգը».
«2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի Հանրապետությունը կանգուն մնաց հենց մտածողության նոր ձեւերի ուրվագծման շնորհիվ, որոնք մեզ հնարավորություն տվեցին նորովի ընկալել իրականությունը եւ իրականության վրա ազդելու մեր հնարավորությունները: Մտածողության այդ նոր ձեւերն ու դիտանկյուններն ակնհայտ են դարձնում, որ անընդհատ փոփոխվող աշխարհում անընդհատ փոփոխվելու ու զարգանալու, մարտահրավերներին եւ նպատակներին հարմարեցված որոշումներ կայացնելու կարողությունն է պետության հարատեւության ապահովման բանաձեւը, կենսունակ լինելու գրավականը:
Մեր կառավարությունը հենց այս մեթոդով է առաջնորդում Հայաստանի Հանրապետությունը, այն ըմբռնմամբ, որ կենսունակ լինել նշանակում է ի վիճակի լինել պահպանել եւ զարգացնել պետականությունը, ինքնությունը, արժեքները, ի վիճակի լինել կառուցել ազատություն, անվտանգություն, բարեկեցություն:Իրական Հայաստանի ռազմավարությունը հենց սրա մասին է»:
2025
2025 թվականի մայիսի 28-ի Նիկոլ Փաշինյանի ուղերձը ցանկալին որպես իրականություն ներկայացնելու հավաքածու էր հիշեցնում:
Մեջբերում առաջին.
«29 հազար 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված տարածքով Հայաստանի Հանրապետությունը մեր ժողովրդի ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների արտահայտություն է։ Մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլեւս, հայրենիքի մասին երազելու անհրաժեշտություն չկա, որովհետեւ մեր երազանքներն իրագործված են, հայրենիքը գտնված՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության, ի դեմս պետության։ 2020 թվականից ի վեր, անցնելով դաժան փորձությունների միջով, մեր նահատակների կյանքի գնով մենք մեր ինքնիշխանությունը զարգացնելու, պետականությունը գիտակցելու ու հարատեւ դարձնելու պատմական հնարավորություն ենք ստացել, այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբեւէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբեւէ, ավելի անկախ ենք, քան երբեւէ»։
Մեջբերում երկրորդ.
«Մենք հաղթահարել ենք կորուստների պատմության շրջափուլը եւ թեւակոխել ենք ձեռքբերումների պատմության մի խոստումնալից դարաշրջան։ Հոռետեսությունն ու հուսահատությունն այլեւս Հայաստանի Հանրապետության ուղեկիցը չեն», - պնդել է Նիկոլ Փաշինյանը:
Ամփոփեց Արա Թադեւոսյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: