Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Առաջին եւ Երրորդ հանրապետությունների միջեւ - Mediamax.am

1989 դիտում

Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Առաջին եւ Երրորդ հանրապետությունների միջեւ


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան։ Մեդիամաքս։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «մեզ մտքի բացառիկ ճկունություն, երկաթյա կամք ու մանանեխի հատիկի չափ հավատ է հարկավոր» առկա մարտահրավերները հաղթահարելու համար:

Կառավարության ղեկավարն այդ մասին ասել է՝ Հանրապետության օրվա առիթով արված ուղերձում:

 

«Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերը ժամանակ էլ չունեցան նորածին պետությունը գլոբալ մարտահրավերների առաջ դիմակայուն դարձնելու համար: Երրորդ Հանրապետությունում մենք ցավալիորեն շատ ժամանակ ենք վատնել», - ասել է Փաշինյանը:

 

Ներկայացնում ենք ուղերձն ամբողջությամբ.

 

«Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ ժողովուրդ.

 

Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առիթով:

 

Այսօր մենք տոնում ենք մեր պատմության ամենակարևոր իրադարձություններից մեկը՝ Առաջին Հանրապետության հիմնադրման օրը:

 

Ինչո՞ւ է այս օրն այդքան կարևոր մեզ համար: Երեք պատճառով. Առաջինը՝ որովհետև մենք ավելի քան 500 տարվա ընդմիջումից հետո ունեցանք պետականություն:

 

Երկրորդ պատճառն այն է, որ առաջին անգամ ունեցանք Հանրապետություն, այսինքն՝ մի պետական կարգ, որտեղ իշխանությունը ձևավորվում է ժողովրդի կատարած ընտրության արդյունքում:

 

Երրորդ պատճառն այն է, որ Հանրապետությունը, պետությունը, որը ցանկացած ժողովրդի կազմակերպման բարձրագույն ինստիտուտ է, մենք կարողացանք ստեղծել հուսահատության պահին, երբ հայոց ցեղասպանության մահաբեր անիվը շարունակվում էր պտտվել:

 

Հայաստանի Առաջին Հանրապետությունը հռչակվեց 1918 թվականի մայիսի 28-ին Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո:

 

Դա այն ժամանակահաշրջանն էր, երբ թվում էր վերջ՝ այլևս հնարավոր չէ ոչ միայն ունենալ պետականություն, այլև պահպանել ինքնությունը, լեզուն և մշակույթը:

 

Սակայն մեր ժողովուրդը կարողացավ օրհասական պահին գործել որպես մեկ բռունցք՝ ուժերի համախմբմամբ, միասնականությամբ կերտել Առաջին Հանրապետությունը: Այդ գործում անուրանալի է Արամ Մանուկյանի, Թովմաս Նազարբեկյանի, Մովսես Սիլիկյանի, Դրոյի, Նժդեհի, Դանիել ու Պողոս Բեկ Փիրումյանների, եզդիական հեծյալ ջոկատի հրամանատար Ջհանգիր աղայի, զենքը ձեռքին կռվող հոգևորականների դերը:

 

Մեր այս մեծերի և հազարավոր ուրիշ հայրենակիցների ջանքերով ձեռքբերված սրբազան անկախությունն ընդամենը երկուսուկես տարի անց կորսվեց: Սրան նախորդեցին պատերազմը, տարածքային ու մարդկային ողբերգական կորուստներ:

 

Սա տեղի ունեցավ այն պատճառով, որ երկու տարվա ընթացքում Հայաստանի Առաջին Հանրապետությունը չկարողացավ, չհասցրեց քաղաքական, միջազգային, տարածաշրջանային ինստիտուցիոնալ դիմակայություն ձեռք բերել, իր շուրջ խաղաղություն հաստատել:

 

Այսօր էլ մեր երկիրը կանգնած է նմանատիպ մարտահրավերների առաջ ու մեզ մտքի բացառիկ ճկունություն, երկաթյա կամք ու մանանեխի հատիկի չափ հավատ է հարկավոր այդ մարտահրավերները հաղթահարելու համար: Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերը ժամանակ էլ չունեցան նորածին պետությունը գլոբալ մարտահրավերների առաջ դիմակայուն դարձնելու համար: Երրորդ Հանրապետությունում մենք ցավալիորեն շատ ժամանակ ենք վատնել:

 

Բայց Սարդարապատի հերոսները, Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերը մեզ ոգեշնչում են շարունակաբար: Ու պետությունն, անկախությունն, ինքնիշխանությունը մեր ազգային ինքնագիտակցության անբաժանելի մաս է այլևս:

 

Պետությունը, պետականությունը պիտի մեր ամենօրյա աշխատանքի, գորովանքի, պատկառանքի առարկան դառնա, և խաղաղությունը պիտի դառնա այն միջավայրը, որի պայմաններում մենք Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերից ստացած պետականությունը պիտի դարերով փոխանցենք մեր սերունդներին:

 

Շնորհավոր մայիսի 28: Շնորհավոր Հայոց պետականության վերածննդի օրը»:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին