8 կետ կառավարության արտաքին քաղաքականության մասին - Mediamax.am

exclusive
8129 դիտում

8 կետ կառավարության արտաքին քաղաքականության մասին


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


2019թ. փետրվարի 6-ին հրապարակվեց Ազգային Ժողով ներկայացված կառավարության ծրագիրը: Մեդիամաքսը «Պարզաբանում» խորագրում ներկայացնում է արտաքին քաղաքականությանը վերաբերող դրույթները:

 

1.    Ո՞րն է կառավարության դիրքորոշումը Արցախի հարցում:

 

Կառավարությունն աշխատելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում ղարաբաղյան հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ, «ինչի հիմքում պետք է ընկած լինեն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, մասնավորապես, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքը»։

 

«Արցախի կարգավիճակը եւ անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են», - ասված է փաստաթղթում:

 

Հաջորդ պարբերության մեջ ասված է.

 

«Բանակցությունների արդյունավետության համար էական նշանակություն ունի խաղաղությանը նպաստող մթնոլորտի առկայությունը՝ ներառյալ վստահության եւ անվտանգության միջոցների ամրապնդումը, հակամարտության սրման ռիսկերի նվազեցումը, ագրեսիվ հռետորաբանության բացառումը»։

 

Կառավարությունը վերահաստատել է, որ «Արցախը, որպես հակամարտության հիմնական կողմ, պետք է որոշիչ ձայն եւ ներգրավվածություն ունենա իրական եւ տեւական խաղաղության հաստատմանն ուղղված հանգուցալուծման գործընթացում»:

 

2.    Ի՞նչ քաղաքականություն է վարվելու Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ:

 

Ծրագրում ասված է, որ կառավարությունն ապահովելու է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացի շարունակականությունը եւ շարունակելու է առաջամարտիկի դեր խաղալ ցեղասպանության եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ:

 

3.    Ի՞նչ է գրված ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի մասին:

 

Փաստաթղթում ասված է, որ կառավարությունն աշխատելու է Եվրասիական տնտեսական միությունում եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում «Հայաստանի ակտիվ եւ նախաձեռնողական մասնակցությունն ապահովելու ուղղությամբ՝ նպաստելով նաեւ այդ կառույցների արդյունավետության առավել բարձրացմանը».

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

4.    Ինչպե՞ս են զարգանալու հարաբերությունները Ռուսաստանի հետ:

 

Հայաստանի կառավարությունը Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների զարգացումը դիտարկում է իր «գլխավոր առաջնահերթությունների թվում»։

 

«Կառավարությունը Ռուսաստանի Դաշնության հետ ռազմական համագործակցությունը դիտարկում է որպես Հայաստանի անվտանգության ապահովման համակարգի կարեւոր բաղկացուցիչ», - նշված է ծրագրում:

 

5.   Իսկ Ամերիկայի՞ հետ:

 

Կառավարությունը «հետեւողական զարգացնելու է բարեկամական գործընկերությունը» Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։

 

«Կառավարությունը նպատակադրված է խորացնելու գործակցությունը ԱՄՆ հետ՝ Հայաստանի զարգացման ու բարեփոխումների օրակարգին աջակցելու եւ տարածաշրջանային կայունությանը միտված երկխոսության ընդլայնման ուղղությամբ», - ասված է ծրագրում:

 

6.   Եվրամիության հետ երկխոսության մասին ի՞նչ է ասված:

 

«Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկումը դիտվում է որպես Հայաստանի զարգացմանն ուղղված կառավարության բարեփոխումների օրակարգին նպաստող նշանակալից գործոն։ Կառավարությունը շարունակելու է քայլեր ձեռնարկել Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ-ի մուտքի արտոնագրերի ազատականացման ապահովման ուղղությամբ», - նշված է ծրագրում:

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

7.    ՆԱՏՕ-ի մասին ինչ-որ բան ասվո՞ւմ է:

 

Շատ քիչ: Ընդամենն այն, որ ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսությունը պետք է շարունակվի, իսկ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը՝ «հետեւողական իրականացվի»:

 

8.    Հարեւանների հետ կապերի մասին ի՞նչ է գրված:

 

Կառավարությունը մտադիր է Իրանի եւ Վրաստանի հետ «առանձնահատուկ բարիդրացիական հարաբերություններ» զարգացնել, «որոնք հնարավորինս զերծ կլինեն այլ աշխարհաքաղաքական ազդեցություններից»:

 

Պատրաստել է Արա Թադեւոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին