Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ մեդիայի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը մտահոգություն է հայտնել մարտի 23-ին Հայաստանի Քրեական եւ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերում փոփոխությունների կապակցությամբ, որոնք ընդունվել են կորոնավիրուսին վերաբերող ապատեղեկատվության դեմ պայքարելու նպատակով:
«Ամբողջությամբ հասկանում եմ, որ փոփոխությունների նպատակը կորոնավիրուսի համավարակի պայմաններում խուճապից եւ ագրեսիայից խուսափելն է եւ կեղծ տեղեկատվության դեմ պայքարելը: Միաժամանակ, մեդիան առանցքային դեր ունի հանրությանը կարեւոր տեղեկատվություն տրամադրելու եւ կեղծ լուրերին հակազդելու գործում», - ասել է Հարլեմ Դեզիրը:
«Փոփոխությունները չպետք է խանգարեն լրագրողների աշխատանքին եւ համավարակի մասին հաղորդելու նրանց կարողությանը: Միայն իշխանությունների կողմից տրամադրվող տեղեկատվության հրապարակումը չափազանց սահմանափակող միջոց է, որը անհամաչափորեն կսահմանափակի մեդիայի ազատությունը եւ տեղեկատվության հասու լինելը», - նկատել է ԵԱՀԿ մեդիայի ազատության հարցերով ներկայացուցիչը:
Հարլեմ Դեզիրը հիշեցրել է մի քանի օր առաջ իր, ՄԱԿ-ի խոսքի ազատության հարցերով հատուկ զեկուցող Դէվիդ Քեյի եւ Մարդու իրավունքների Համաամերիկյան հանձնաժողովի հատուկ զեկուցող Էդիսոն Լանզայի համատեղ հայտարարությունը, որում, մասնավորապես, ասված էր.
«Կառավարությունները պետք է առանձնահատուկ միջոցներ ձեռնարկեն լրագրողների աշխատանքը պաշտպանելու համար: Լրագրությունը կենսական նշանակություն ունի նման իրավիճակներում»:
















