Էրիկ Առաքելյան. Մաթեմատիկան, երաժշտությունն ու հարմոնիան - Mediamax.am

exclusive
8803 դիտում

Էրիկ Առաքելյան. Մաթեմատիկան, երաժշտությունն ու հարմոնիան


Էրիկ Առաքելյանը
Էրիկ Առաքելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Էրիկ Առաքելյանը
Էրիկ Առաքելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Էրիկ Առաքելյանը
Էրիկ Առաքելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Էրիկ Առաքելյանը
Էրիկ Առաքելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մաթեմատիկա` սիրո, արդարության եւ զարգացման շարժիչ: Այսպես են կառուցվածքների, հաջորդականությունների եւ հարաբերությունների մասին գիտությունն ընտրած մարդիկ բնութագրում այն:

 

Մեդիամաքսը եւ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) համատեղ ներկայացնում են Մաթարվեստ խորագիրը: Այն պատմում է մաթեմատիկայի երկիր Հայաստանում տվյալ գիտությունը զարգացնող տաղանդավոր մարդկանց ու նրանց աշխատանքի մասին: Այսօր աշխարհում մաթեմատիկան առանցքային նշանակություն ունի, եւ մենք հույս ունենք, որ Մաթարվեստը կնպաստի, որպեսզի հայ երիտասարդներն ընտրեն այս մասնագիտությունը:

 

***

 

Էրիկ Առաքելյանը մինչեւ 10-րդ դասարանը կարծում էր, որ դասական երաժշտության համար է ծնվել։ Սովորել էր Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցում եւ յոթ տարի ֆլեյտա էր նվագում։ Բեկումնային պահը եղավ այն, երբ կանգնեց ընտրության առաջ՝ մաթեմատիկա կամ երաժշտություն։ Հաղթեց առաջինը։

 

«Երաժշտությունն ինձ միշտ շատ հետաքրքիր է եղել, մինչեւ հիմա էլ, երբ մեքենայական ուսուցման մեջ երաժշտության հետ կապված նախագծեր են լինում, հետաքրքրվում եմ։ Երաժշտության մեջ մի շատ գեղեցիկ գաղափար կա՝ հարմոնիան։ Միեւնույն ձայները կարող են տարբեր էմոցիաներ եւ գաղափարներ արտահայտել, մաթեմատիկայում էլ նույն բանը կա, լուծմանը կարող ես տարբեր ճանապարհներով հասնել։ Իսկ այն, թե ինչպես ես հասնում, խոսում է քո խառնվածքի մասին»,- պատմում է  Էրիկ Առաքելյանը։

 

Էրիկին գիտությունն ընտրելու հարցում ոգեշնչել է պապի՝ հայտնի մաթեմատիկոս Նորայր Առաքելյանի օրինակը։ Հենց մաթեմատիկան էլ դարձել է կենտրոնը, որի շուրջ պտտվել են Էրիկի գիտական հետաքրքրությունները։

 

«Մաթեմատիկան ինքնաարտահայտման միջոց է ընդամենը։ Ինչ-որ նոր բան ստեղծելու բնական պահանջը պետք է որեւէ կերպ սպառես, դա կարող է լինել երաժշտություն, արվեստ, ֆիզիկա եւ այլն։ Մաթեմատիկան, ուղղակի, շատ պարզ ուղի է, որով դու ինչ-որ բան ես ստեղծում»,- ասում է նա։

 

Գիտական առաջին քայլերը

 

Փոքրուց հասկացել էի, որ մաթեմատիկան ինձ հետաքրքիր է, իսկ որոշում ընդունելու հարցում կարեւոր քայլը 10-րդ դասարանում տեղափոխումն էր Ֆիզմաթ դպրոց։

 

Մինչ Ֆիզմաթ դպրոց գնալը պրոֆեսիոնալ երաժշտությամբ էի զբաղվում, մտածում էի՝ դասական երաժիշտ եմ դառնալու։ Բայց տեսնելով, թե ինչի կարող է բերել մաթեմատիկան՝ հասկացա, որ պետք է դա ընտրեմ։

Էրիկ Առաքելյանը Էրիկ Առաքելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սիրում էի տեսնել իմ արդյունքները եւ որոշ ժամանակ անց համակարգչային գիտության ուղղությամբ գնացի։ «Թինեյջերական» մաքսիմալիզմ կար մոտս, մտածում էի հավելված ստեղծել, որը կգրավի բոլորին։ Այդպես որոշ ժամանակ iOS ծրագրավորմամբ էի զբաղվում, բայց շուտով հասկացա, որ ինձ ավելի շատ բարդ խնդիրներն են հետաքրքրում։ Այդ փուլում արդեն իմ ուշադրությունն ուղղված էր մեքենայական ուսուցմանը։ Ամերիկյան համալսարանում կրթությունն ավարտելուց հետո սովորելու մեկնեցի Անգլիա։ University College London-ում Knowledge Graph-ով սկսեցի զբաղվել, ու ինչպես պապիկս է ասում՝ արեցի իմ գիտական փոքրիկ առաջին քայլերը։ 

 

Knowledge Graph-երի գրավչությունը

 

Knowledge Graph-երում խնդրի ձեւակերպումն ինձ շատ հետաքրքիր է, հատկապես այն առումով, որ այստեղ մի ինֆորմացիայից կարողանում ես ստանալ մեկ այլ՝ ոչ ակնհայտ ինֆորմացիա։ Պատկերացրեք՝ ունեք վերջավոր քանակի ինֆորմացիա, որն ամբողջական չէ։ Այդ ինֆորմացիան փորձում ենք վերարտադրել եւ կառուցել որոշակի հարցերի պատասխաններ, որոնք ակնհայտ չեն։ Օրինակ՝ եթե դուք ինչ-որ մեկի հետ ընկերներ եք, ես նույնպես այդ մարդու ընկերն եմ, կարելի՞ է ենթադրել, որ մենք ընկերներ ենք, թե՞ ոչ։ Ինֆորմացիան հավաքվում է եւ պահվում գրաֆի տեսքով։ Օրինակ, երբ Google-ում գրում եք ինչ-որ մեկի անուն-ազգանունը եւ միանգամից պատասխանը ցույց է տալիս շրջանակի մեջ, դա անում են Knowledge Graph-երը։ Այսօր դրանք լայն կիրառվում են կենսաբժշկության մեջ։

 

Կրթական միջավայրը

 

Իմ կարծիքով՝ երեխաներին զարգացման հնարավորություններ պետք է տրվեն, իսկ, թե որ ուղղությամբ են ուզում շարունակել, արդեն իրենք՝ աշակերտները, պետք է ընտրեն։

 

Շատ կարեւոր է, որ ուսուցիչներն ու դասախոսները ոգեւորեն երիտասարդներին եւ օգնեն նրանց սիրել գիտությունը, բայց ոչ թե կենտրոնանան մեկ բանի վրա, այլ բազմակողմանի զարգանան։ Ես դեմ եմ այն մտածելակերպին, որ միայն մաթեմատիկա սովորելը բավարար է։ Եթե դու բազմակողմանի զարգացած եւ կրթված լինես, քո ընտրած ուղու մեջ ամենալավը կդառնաս։

Էրիկ Առաքելյանը Էրիկ Առաքելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայաստանում դպրոցական կրթական համակարգը, մեծամասամբ, ինձ դուր է գալիս, բայց բուհական համակարգում կա գիտական մթնոլորտի մեծ խնդիր։ Մարդիկ մտածում են աշխատանքի մասին ու կրթություն ստանալը, գիտությամբ զբաղվելը երկրորդական պլան են մղվում։ Մարդիկ չեն մոտիվացվում, ըստ այդմ՝ մասնագետների արտահոսք ու պակաս ենք ունենում։

 

Գիտության զարկերակը

 

Պապիկս ինձ հաճախ է հարցնում՝ չե՞մ ուզում վերադառնալ եւ Հայաստանում զբաղվել գիտությամբ։ Ավաղ, իմ պատասխանը դեռ «ոչ» է, որովհետեւ որպես երիտասարդ հետազոտող՝ Հայաստանում գիտական մեծ պոտենցիալ չեմ տեսնում։ Ինչ-որ նախաձեռնություններ կան, որոշ բաներ արվում են, գիտությունը ներուժ ունի, բայց դեռ չեմ տեսնում, որ այս փուլում Հայաստանում կկարողանամ ինքնուրույն ինչ-որ քայլեր անել։ Ուզում եմ աճել որոշակի ու հետո մտածել վերադառնալու մասին։

 

Մաթեմատիկայում միայն հզոր համակարգիչները բավարար չեն, որպեսզի գիտություն զարգացնենք։ Դա, երեւի, վերջին բանն է, որ կարեւոր է։ Պետք է մարդիկ լինեն, որոնք շատ հստակ պատկերացում ունեն այդ ոլորտից եւ կկարողանան մեր հետազոտություններն ուղղորդել։

Էրիկ Առաքելյանը Էրիկ Առաքելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Քանի դեռ Հայաստանում մաթեմատիկայով հետաքրքրվող եւ զբաղվող մարդիկ շատ են, այդ ներուժը պետք է օգտագործել։ Պետք է պետությունը մոտիվացնի մարդկանց եւ ներդրումներ անի, որպեսզի մեզ մոտ շատ գիտական լաբորատորիաներ բացվեն, որոնց գործունեությունը կխթանի տենտեսության զարգացումը։

 

Նախագծի գլխավոր գործընկերը FAST հիմնադրամն է 

 

Մարի Թարյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին