Ձեռքերը գրկում, շոյում կամ հարվածում են, նկարում, նվագում կամ ոչնչացնում են, կառուցում կամ քանդում են, գրկում նորածնին կամ սպանում են: Ասում են, ձեռքերի ափերը կարող են պատմել մարդու մասին ամեն ինչ: Շատերըը վստահ են, որ ամեն ինչ մարդու ձեռքերում է եւ հետեւելով Ստանիսլավ Եժի Լեցի խորհրդին հաճախ են լվանում դրանք:
Օրվա ընթացքում այնքան զբաղված ենք մեր գործերով, խոհերով: Բայց ինչ կլինի, որ մի պահ կանգ առնենք ու հաշվետու լինենք մեր ձեռքերին. ո՞րն է նրանց նշանակությունը: «Մարդապատում» հատուկ նախագծի հեղինակներ Լենա Գեւորգյանը եւ Մարիամ Լորեցյանը այս անգամ հանդիպել են տարբեր մասնագիտություններ ունեցող մարդկանց ու զրուցել նրանց ձեռքերի հետ: Ինչե~ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Այս ձեռքերը նվագել են երկու միլիոնից ավելի նոտաներ
(Կարեն Շահգալդյան, ջութակահար)
Ջութակահար Կարեն Շահգալդյանի ձեռքերը:
Լուսանկարը` Մեդիամաքս:
Թվում է, թե երաժիշտները պետք է որ ամենախնամված ձեռքերն ունենան, բայց վերքերն ու կոշտուկներն անպակաս են: Ջութակահարների մոտ վերքերը ավելի քիչ են լինում, սակայն լարերը հաճախ ճղում են մատները:
Մի կողմից ձեռքերը` մասնագիտական գործիքներ են, որոնք պետք է ունենան բարձր տեխնիկական պատրաստություն եւ լավ «լարված» լինեն կատարման համար: Մյուս կողմից ` ձեռքերը սրտի ու հոգու հետ անմիջական կապ ունեն ու, երբեմն, միահյուսվում են ու արտահայտվում ջութակի միջոցով, այլապես որեւէ էմոցիա չեն հաղորդի:
Եթե ձեռքերս կարողանային խոսել, ես կհարցնեի նրանց, ի՞նչը այնպես չեմ անում: Բայց կարծում եմ նրանք չէին բողոքի, որովհետեւ միշտ լսում եմ նրանց, նրանք են առաջնորդում ինձ:
Այս ձեռքերը կարել են ավելի քան 150 հազար զույգ կոշիկ
(Սմբատ Կիրիշյան, կոշկակար)
Կոշկակար Սմբատ Կիրիշյանի ձեռքերը:
Լուսանկարը` Մեդիամաքս:
46 տարեկան եմ, կյանքիս կեսից ավելին նվիրել եմ այս գործին: Բանակից վերադարձա ու սկսեցի կոշիկներ կարել: Կոշկեղենի արտադրության գործարանում էի աշխատում, բայց մութ ու ցուրտ տարիներին այն փակվեց ու ես անհատ կոշկակար դարձա:
Ինչքան էլ կոշտուկներ կան ձեռքերիս վրա, նրանք երբեք չեն բողոքում, ինձ չեն մեղադրում, հակառակը` հիմա այնքան մարդիկ կան, որ գործազուրկ են, իսկ ձեռքերս տուն են պահում: Երբեմն հիասթափվում եմ, հոգնում եմ, բայց ձեռքերս միշտ ոգեւորում են ինձ ու հիշեցնում` կարող էիր աշխատանք չունենալ: Մարդիկ շնորհակալ են ինձ աշխատանքիս համար, ես` էլ ավելի շնորհակալ եմ նրանց: Եթե նրանք չլինեին, ձեռքերս պարապ կմնային:
Այս ձեռքերը նվագում են 75 տարի
(Ստեփան Շաքարյան, դաշնակահար)
Դաշնակահար Ստեփան Շաքարյանի ձեռքերը:
Լուսանկարը` Մեդիամաքս:
Մատներս շոպենյան էին անվանում: Երաժիշտը չպետք է նվագի ձեռքերով` միայն զգայարաններով: Դաշնակահարը կարող է տեխնիկապես լավ պատրաստված լինել, բայց եթե էմոցիա, զգացմունք չլինի, ոչինչ չի ստացվի: Ամբողջ երաժշտությունը կուտակված է մատների «բարձիկներում»: Դաշնակահարը պետք է կարողանա գտնի այդ ձայնը ու մշակի, որպեսզի այն հոսի դեպի ստեղները:
Մի անգամ ինձ լսեց Ռիխտերը, ասաց` «դուք հիասքանչ դաշնակահար եք, բայց տեխնիկա չունեք»: Երբեք չեմ վազել դրա հետեւից, մի լավ արտահայտություն կա` «Սրտից, դեպի սիրտ», սա է նվագելու հիմքը: Եթե չունես սիրտ ու հոգի, ձեռքերդ երբեք չեն օգնի:
Այս ձեռքերը կարում են 48 տարի
(Վարպետ Նորայր, դերձակ)
Դերձակ վարպետ Նորայրի ձեռքերը:
Լուսանկարը` Մեդիամաքս:
Ամբողջ կյանքս դերձակությանն եմ նվիրել: Ութ տարեկան էի, երբ սկսեցի կարել: Թմբլիկ, կարճլիկ մատներ ունեմ: Ձեռքերս ինձ երբեք չեն դավաճանել ի տարբերություն աչքերիս, որ այսօր արդեն տեսողական խնդիրներ են ունենում:
Ձեռքերիս շնորհիվ մի բան եմ բացահայտել: Երբ արդուկը դնում եմ որեւէ կաշվե իրի վրա, հետո փակում եմ աչքերս ու ձեռքով դիպչում եմ տաք հատվածին, լսում եմ տվյալ կենդանու ձայնը: Հստակ կարող եմ ասել, թե ինչ կենդանու կաշի է: Շատերն են ծաղրում ու չեն հավատում իմ այս զգացողությանը, բայց դրանից ոչինչ չի փոխվում:
Ձեռքերս, երբեմն, բողոքում են, ասում են, որ հոգնել են, տանջվել են, բայց ես նրանց ուժ եմ տալիս` հիշեցնելով, որ տուն են պահում ու բազմաթիվ դժվար իրավիճակներից են փրկել ընտանիքը: Չգիտեմ, թե ինչ կանեի, եթե չլինեին ձեռքերս:
Այս ձեռքերը կատարել են 3000-ից ավելի վիրահատություն
(Շավարշ Վարդանյան, բժշկական ծառայության փոխգնդապետ, պահեստի զինվորական թոշակառու)
Բժիշկ Շավարշ Վարդանյանի ձեռքերը:
Լուսանկարը` Մեդիամաքս:
Հինգերորդ կուրսում էի, երբ առաջին անգամ կույրաղիքի վիրահատություն կատարեցի: Ամենից երկար վիրահատությունը 8 ժամ է ընթացել: 1991-92 թվականներին Ղարաբաղում էի` Շահումյանի շրջանում: Բուզլուխ գյուղի մոտ գտնվող Ջամբազ սարի մի կողմում հայերն էին, հակառակ կողմում` ադրբեջանցիները: Նոր տարի էր, պայմանադրություն կար, որ կրակ չի արձակվի: Վաղ առավոտյան հակառակ կողմից սկսեցին կրակել, մերոնցից մեկին գլխատեցին: Մնացած ութ հոգուն սկսեցինք վիրահատել հենց տեղում:
1993 թվականին Երեւանի կայազորային հոսպիտալում էի աշխատում: Իրավիճակը բարդ էր, շատ էին ամպուտացիայի դեպքերը: Կամ ամպուտացիա, կամ` մահ:
Ձեռքերը ղեկավարվում են ուղեղով, որեւէ հմտություն չկա: Երբեմն զրուցում եմ ձեռքերիս հետ, նրանք ինձ ասում են, եթե նորից ծնվեին, կուզենային նույն ուղին անցնել:
Այս ձեռքերը 600-ից ավելի քանդակներ են ստեղծել
(Վարազդատ Համբարձումյան, քանդակագործ)
Քանդակագործ Վարազդատ Համբարձումյանի ձեռքերը:
Լուսանկարը` Մեդիամաքս:
Մասնագիտությամբ հագուստի նկարիչ-մոդելավորող եմ, բայց կոչումով` քանդակագործ: Արվեստագետի համար ձեռքերը գործիք են, բայց երբեք չեն թելադրում հոգուն: Հակառակը` եթե հոգի չունես, ձեռքերդ պիտանի չեն: Ձեռքերս այնքան պինդ են կապակցված հոգուս, որ ինչ գործ էլ սկսեմ` հաջողության եմ հասնելու:
Կարելի է ասել, որ ամեն անգամ խաչքարների ծնունդ եմ ընդունում, չէ որ աշխարհում բազմահազար խաչքարներ են ոչնչացվում:
Մարիամ Լորեցյան (լուսանկարներ)
Լենա Գեւորգյան (տեքստ)
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: