«Ի սկզբանե ամեն բան բարի էր…»
-Բարև Ձեզ:
-Բարև Ձեզ, պատասխանեց բժիշկը, նստե´ք, լսում եմ:
Բժիշկը մարդուն նայեց այնպես, ասես ախտորոշում էր անում: Մարդը ժպիտով կամ կիսաժպիտով խոսեց.
-Ես Մարիամն եմ: Աշխատում եմ երեխաների հետ, մանկավարժ եմ, դասերն եմ սովորեցնում:
Բժիշկը զարմացած էր, երևի մտածում է, թե ինչ է անում մանկավարժն այստեղ: Գուցե առողջական խնդիրներ ունի: Բայց նա, շարունակում էր լսել.
-Բժիշկ, ես հիվանդ չեմ: Ցանկանում եմ օգտակար լինել այս բաժանմունքի երեխաներին: Ուզում եմ կամավորական աշխատանք իրականացնել: Օգնել այստեղ բուժվող և ապրող երեխաներին բաց թողած դասերը լրացնել: Բժիշկը շարունակում էր ժպտալ.
-Դուք, իհարկե, լավ բան եք անում, բայց գիտեք, արդյոք, ինչպիսի խնդիրներ ունեն մեր մոտ բուժվող երեխաները:
-Այո, գիտեմ:
-Դե, ուրեմն կգաք, երբ կցանկանաք: Կծանոթանաք երեխաների հետ և կփորձեք ձեր աշխատանքով օգտակար լինել նրանց և մեզ: Դա նրանց, իրոք, պետք է:
-Շնորհակալություն բժիշկ: Ցտեսություն:
-Ցտեսություն:
Մարիամը դուրս եկավ հիվանդանոցի քիմիոթերապիայի բաժանմունքից: Աննկարագրելի ծանրություն էր իջել նրա սրտում և հոգում: Կարո՞ղ էր, արդյոք, նա: Միայն մեկ ելք կար, այն է՝ սիրել և էլի սիրել այս երեխաներին: Պետք էր օգնել նրանց, որ նրանք իրենց օրվա միապաղաղության և սառնության մեջ մի փոքր, մի կաթիլ արև, ջերմություն, լույս ու հույս տեսնեն, լսեն ու զգան:
Երկու ամիս անց: Մարիամը հիվանդանոցի խաղասենյակում երեխաների հետ անգլերեն դաս էր անցկացնում: Նրանց մեջ էր մի աղջիկ, ում Մարիամն առանձնակի էր սիրում: Նա 11-րդ հիվանդասենյակի Սուսիկն էր, 14 տարեկան: Նրա հետ էր Մարիամն առաջին անգամ ծանոթացել և ընկերացել: Նա միակն էր, ով չէր հավատում հրաշքներին և, որ մի օր դուրս կգար այդտեղից: Կար մեկ այլ աղջիկ, ով ամենաշատն էր հավատում հրաշքների: Նա Լիան էր, այնքան էլ երեխա չէր, 20 տարեկան էր և պոլիտեխնիկի ուսանող: Ուներ նաև ֆիզիկական խնդիր. անվասյալակով էր տեղաշարժվում, բայց դա նրան չէր խանգարում միշտ ժպտալ: Խաղասենյակում էր մեր մյուս զվարթ աղջիկը՝ Անին: Այդ պահին ներս մտավ տիկին Կարինեն՝ Լիայի մայրիկը: Նա ուժեղ կին էր, երբեք չէր ընկճվում: Տիկին Կարինեի ձեռքում տոնածառի խաղալիքներով զամբյուղ կար: Դրանք նրա աղջիկներն էին պատրաստել, նաև՝ Լիան: Փայտից կլոր, տափակ խաղալիքներ էին, վրան գրված՝ «Спасибо за жизнь», խաղալիքների հակառակ կողմում երեխաների անուններ էր գրված: Տիկին Կարինեն ռուսական կրթություն ուներ: Մի խոսքով, նա ոգևորված սկսեց խոսել.
-Էրեխեք ջան, չգիտեմ, թե խաղալիքները ոնց նվիրենք մեր բժիշկներին: Շուտով Նոր տարի է, շաբաթ-կիրակի, արձակուրդ: Պետք է ամեն ինչ էսօր անենք, որ վաղը ուրբաթ է, մեր բժիշկները ստանան իրենց նվերները:
Եվ, իհարկե, Մարիամն ուներ գաղափար և ասաց.
-Տիկին Կարինե, մի անհանգստացեք, ես գիտեմ ինչ անել. Ուրեմն, բոլոր խաղալիքները նույն տեսքն ունեն, մենք կարող ենք միջանցքի պատի վրա խաղալիքներով մեծ «ժպիտ» հավաքել: Թող, բժիշկները ներս մտնելուն պես ժպտան, վերցնեն խաղալիքը՝ մրգի պես քաղելով և գնան իրենց գործին՝ ժպտալով: Բոլորի աչքերը փայլում էին, ուրեմն համաձայն են:
Բոլորը հավաքվել էին միջանցքում, որոշված պատի վրա «ժպիտ» էր կառուցվում: Մարիամը երբեմն դիտավորյալ սխալ էր ամրացնում, որպեսզի երեխաները ոգևորվեն, ուղղեն նրան, փուրձում էր աշխուժացնել նրանց: Նրանք բացականչում էին.
-Մարիամ, մի քիչ աջ, չէ´, չէ´ մի քիչ էլ ձախ, ա´յ այսպես լավ է…
Մեկ ժամ անց «ժպիտը» պատրաստ էր: Բոլորը ժպտում էին: Մարիամը, նայելով նրանց, իր մտքում ասաց. «Ամեն ինչ լավ կլինի…» և հետո բարձրաձայն ավելացրեց.
-Արդեն ուշ է, ես գնամ, բարի գիշեր:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: