Միջազգային առաքելության զեկույց. Ադրբեջանը էթնիկ զտում է իրագործել - Mediamax.am

2054 դիտում

Միջազգային առաքելության զեկույց. Ադրբեջանը էթնիկ զտում է իրագործել


Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան


Երեւան: Մեդիամաքս: Միջազգային փաստահավաք առաքելությունն այսօր զեկույց է հրապարակել, որում ասվում է, որ ադրբեջանական ռեժիմը էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության նկատմամբ։

Միջազգային առաքելությունը ներառում է Freedom House-ը եւ վեց այլ կազմակերպություններ. International Partnership for Human Rights (IPHR), Democracy Development Foundation (DDF), Helsinki Citizens’ Assembly-Vanadzor, Protection of Rights Without Borders, Law Development and Protection Foundation, Truth Hounds.

 

Զեկույցի հրապարակվել է Բաքվում ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովի մեկնարկի օրը՝ նպատակ ունենալով ավելի մեծ ուշադրություն հրավիրել ներկայացվող փաստերին:

 

Զեկույցը բացահայտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման բազմաթիվ դեպքեր, միջազգային մարդասիրական իրավունքի եւ միջազգային քրեական իրավունքի խախտումներ Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի նկատմամբ՝ արտադատական սպանությունների, բազմամսյա շրջափակման, բռնի տեղահանումների, ունեցվածքի եւ մշակութային ժառանգություն ոչնչացման քաղաքականության միջոցով։

 

Փաստաթղթավորված ապացույցները համահունչ են նախկին Հարավսլավիայի համատեքստում ՄԱԿ-ի փորձագետների հանձնաժողովի կողմից առաջարկված էթնիկ զտումների սահմանմանը:

 

Զեկույցը նաեւ հաստատում է այն եզրակացությունը, որ Լեռնային Ղարաբաղում փաստագրված գործողությունները հանդիսանում են ռազմական հանցագործություններ եւ մարդկության դեմ ուղղված հանցագործություններ։

 

Զեկույցն առաջարկում է մի շարք քայլեր, որոնք ժողովրդավարական կառավարությունները կարող են ձեռնարկել անպատժելիության դեմ պայքարելու համար:

 

Զեկույցի հեղինակները, մասնավորապես, կոչ են անում աջակցել միջազգային ջանքերին` հասնելու ռազմական եւ մարդկության դեմ հանցագործությունների բացահայտմանը, այդ թվում` Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ) դիմելու միջոցով, մարդու իրավունքների կոպիտ խախտումների եւ ռազմական հանցագործությունների մեջ ներգրավված Ադրբեջանի պաշտոնյաների, զինվորական ղեկավարների եւ անհատների դեմ պատժամիջոցներ կիրառելու համար։

 

Զեկույցը նաեւ կոչ է անում պաշտպանել տեղահանված էթնիկ հայերի իրավունքները եւ պայմաններ ստեղծել նրանց՝ անվտանգության հուսալի երաշխիքներով Լեռնային Ղարաբաղ վերադառնալու համար։

 

Զեկույցի ամբողջական տեքստը հասանելի է այս հղումով. https://freedomhouse.org/report/special-report/2024/why-are-there-no-armenians-nagorno-karabakh:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին