ԵՄ-ն հայտարարել է Արցախից հայերի «զանգվածային գաղթի» մասին - Mediamax.am

2078 դիտում

ԵՄ-ն հայտարարել է Արցախից հայերի «զանգվածային գաղթի» մասին


Լուսանկարը` https://euronews.al/


Երեւան: Մեդիամաքս: ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցչի խոսնակը հայտարարել է, որ «ներկայում տեղի է ունենում Ղարաբաղի հայերի զանգվածային գաղթ՝ սեպտեմբերի 19-ից 20-ը Ադրբեջանի ռազմական գործողության եւ Լաչինի միջանցքի նախորդ ամիսների շրջափակման հետեւանքով»։

«Մարդիկ լքում են իրենց տները Լեռնային Ղարաբաղում եւ ապաստան գտնում Հայաստանում։ Անհետաձգելի է շարունակական անխոչընդոտ մարդասիրական աջակցություն ցուցաբերել նրանց, ովքեր դեռ կարիքի մեջ են Ղարաբաղում, ինչպես նաև նրանց, ովքեր հեռացել են։ Եվրամիությունը աջակցում է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատանքին:

 

Եվրահանձնաժողովը հայտարարել է 5 միլիոն եվրոյի չափով մարդասիրական օգնության լրացուցիչ փաթեթի մասին՝ օգնելու Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանվածներին եւ Ղարաբաղում խոցելի իրավիճակում հայտնվածներին: ԵՄ-ն և նրա անդամ երկրները պատրաստ են լրացուցիչ մարդասիրական օգնություն տրամադրել։

 

Ադրբեջանը պատասխանատվություն է կրում Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը ապահովելու համար, ներառյալ՝ առանց ահաբեկման և խտրականության իրենց տներում արժանապատիվ ապրելը, ինչպես նաև տեղահանվածների վերադարձի իրավունքը։ Կարեւոր է, որ ՄԱԿ-ի առաքելությունը կարողանա մուտք գործել տարածք առաջիկա օրերի ընթացքում:

 

Եվրամիությունն ի գիտություն է ընդունել Ադրբեջանի իշխանությունների կողմից հատուկ պորտալի միջոցով հայ բնակիչների գրանցման գործընթացի մեկնարկը։ ԵՄ-ն կշարունակի ուշադիր հետևել զարգացումներին», - ասված է խոսնակի հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին