Արցախի ԱԽ-ն ներկայացրել է, թե ինչ է քննարկվել ադրբեջանական կողմի հետ - Mediamax.am

4270 դիտում

Արցախի ԱԽ-ն ներկայացրել է, թե ինչ է քննարկվել ադրբեջանական կողմի հետ


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախում ստեղծվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է ադրբեջանական կողմի հետ քննարկել հրատապ հումանիտար հարցեր։

Արցախի Անվտանգության խորհրդից հայտնել են, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ մարտի 1-ին անցկացվել է արցախյան եւ ադրբեջանական կողմերի հանդիպում:

 

Հանդիպման օրակարգային հարցերն էին․

 

1. Արցախի բնական գազի մատակարարման անխափանության ապահովումը եւ հետագա գազանջատումների բացառումը.

2. Արցախի էլեկտրամատակարարման վերականգնման նպատակով Հայաստանից Արցախ մտնող միակ բարձրավոլտ գծի՝ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող հատվածի զննման եւ «Արցախէներգո» ՓԲԸ մասնագետների կողմից վերականգնողական աշխատանքների իրականացման հնարավորության ապահովումը.

3. Կաշենի եւ Դրմբոնի հանքավայրերի տարածքում ադրբեջանական մասնագիտական խմբի կողմից մեկանգամյա տեսողական շրջայցի կազմակերպումը.

4. Ստեփանակերտ-Գորիս մայրուղու ամբողջական բացումը։

 

«Արցախյան խմբի ղեկավարը ադրբեջանական կողմին պարզաբանել է իր գլխավորած խմբի լիազորությունները, այն է՝ վերը նշված կոնկրետ հարցերի քննարկումը եւ դրանց վերաբերյալ լուծումների որոնումը։

 

Հանդիպման սկզբնամասում ադրբեջանական խմբի ղեկավարը փորձել է զրույցը տանել Ադրբեջանին Արցախի ինտեգրման անհրաժեշտության ուղղությամբ՝ ներկայացնելով այդ դեպքում հնարավոր սոցիալ-տնտեսական առավելությունների ստացման հեռանկարներ, սակայն դրան արցախյան խմբի ղեկավարը հակազդել է՝ հորդորելով քննարկում իրականացնել հստակ առաջադրված հարցերով»,- ասված է Արցախի ԱԽ հայտարարությունում։

 

Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել նաեւ կողմերի միջեւ հետադարձ կապի կայուն մեխանիզմի ձեւավորման պայմանավորվածություն։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին