Վարդանյան․ Կարող ենք ապրել կողք-կողքի, բայց ոչ մեկ պետության կազմում - Mediamax.am

4084 դիտում

Վարդանյան․ Կարող ենք ապրել կողք-կողքի, բայց ոչ մեկ պետության կազմում


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն ասել է, որ Արցախը համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում պահելը կարեւոր է։

Այս մասին նա ասել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի Խաղաղության հաստատման եւ մարդու իրավունքների ինստիտուտի կողմից կազմակերպված առցանց վեբինարին, որն անցկացվել է «Հայոց երկրորդ ցեղասպանության կանխարգելում. Ադրբեջանը փակում է Լաչինի միջանցքը եւ Արցախը զրկում կենսական պայմաններից՝ ձգտելով հայաթափել այն» խորագրի ներքո:

 

«Մենք ասել ենք, որ պատրաստ ենք բանակցությունների, պատրաստ ենք քննարկման, պատրաստ ենք խաղաղության, բայց այն պետք է հարգեն բոլոր կողմերը: Կարող ենք ապրել կողք-կողքի, բայց ոչ երբեք մեկ պետության կազմում, ինչը բացարձակապես անընդունելի է նախագահ Ալիեւի համար, ով բացահայտ հայտարարում է, որ նախընտրում է Արցախն առանց հայերի, եթե հայերը չեն ցանկանում ապրել Ադրբեջանի օրենքներով: Սա լուրջ մարտահրավեր է ազգերի ինքնորոշման իրավունքի եւ ժողովրդավարական մյուս սկզբունքների համար»,- ասել է նա:

 

Ռուբեն Վարդանյանը նշել է, որ միջազգային դերակատարները պետք է պետական մակարդակով հստակ դիրքորոշում արտահայտեն:

 

«Սա ոչ միայն իրավական խնդիր է, այլեւ մարդու իրավունքների կոպտագույն խախտում, ինչն անընդունելի է ցանկացած չափորոշիչներով: Այդ պատճառով շատ կարեւոր է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ցույց տալու համար, որ դա անընդունելի է: Շատ կարեւոր է նաեւ պոտենցիալ պատժամիջոցներ սահմանել այն կողմերի, անձանց դեմ, ովքեր իրավունքներ են խախտում, քանի որ նրանք խաթարում են մարդկանց նորմալ կյանքի պայմանները: Կարծում եմ, որ շատ կարեւոր է բարձրացնել օդային միջանցքի հասանելիության հարցը՝ դեպի Արցախ մարդասիրական օգնություն մատակարարելու եւ ճանապարհից կախվածություն չունենալու համար»,- ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին