Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր ասել է, որ չնայած ադրբեջանական շրջափակման հետեւանքով ստեղծված ճգնաժամի դժվարություններին՝ այն ստիպում է նաեւ դասեր քաղել:
«Մտածել ավելի արդյունավետ ու ռացիոնալ համակարգ կառուցելու միջոցով հետագայի համար հնարավորություններ ստեղծելու մասին: Այս նոր իրավիճակում վերանայվում են առաջնահերթությունները. մի շարք ոլորտներ, ինչպիսին է, օրինակ, գյուղատնտեսությունը եւ այս բնագավառում իրականացվող ծրագրեր արդյունավետության բարձրացումը, դառնում են առանցքային ուղղություններից մեկը»,- ասել է նա:
Արցախի պետնախարարի աշխատակազմից հայտնել են, որ նա այցելել է Մարտակերտի շրջանի Հաթերք, Դրմբոն, Վանք համայնքներ, աշխատանքային հանդիպումներ ունեցել նշված եւ հարակից գյուղերի համայնքապետերի եւ բնակչության հետ:
Պետնախարարը շնորհակալություն է հայտնել բնակչությանը՝ ճգնաժամին դիմակայելու եւ միասին այս դժվարին ճանապարհն անցնելու պատրաստակամության համար:
«Ես ամեն անգամ մեծ ուժ եմ ստանում այս հանդիպումներից: Ամեն անգամ ձեզ հետ հանդիպումներից հետո իմ մեջ ավելի ու ավելի է ամրապնդվում այն հավատն ու վստահությունը, որ միասին մենք շատ բան կարող ենք անել եւ շատ բանի հասնել»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: