Փաշինյան. Բաքվի պլանն է, որ մինչեւ վերջին հայը լքի Լեռնային Ղարաբաղը - Mediamax.am

3267 դիտում

Փաշինյան. Բաքվի պլանն է, որ մինչեւ վերջին հայը լքի Լեռնային Ղարաբաղը


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ պետք է հետեւողականորեն աշխատել Լեռնային Ղարաբաղ եւ Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու ուղղությամբ:

«46 օր է` Լեռնային Ղարաբաղի բնականոն կյանքը խաթարված է, եւ հումանիտար ճգնաժամը ծավալվում է ամբողջ թափով։ Բաքվի պլանը հետեւյալն է՝ Լեռնային Ղարաբաղում տնտեսական, հոգեբանական ճնշումը հասցնել ինչ-որ կուլմինացիոն կետի, դրանից հետո մի քանի օրով բացել Լաչինի միջանցքը՝ ակնկալիքով, որ ԼՂ հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները, հետո կրկին կփակեն միջանցքը, այնուհետեւ մի քանի օրով նորից կբացեն այն եւ այսպես այնքան, մինչեւ վերջին հայը կլքի Լեռնային Ղարաբաղը:

 

Սա էթնիկ զտման բացահայտ քաղաքականություն է, սակայն ԼՂ-ի հայերին իրենց տներից արտաքսելն Ադրբեջանի միակ նպատակը չէ: Այս սադրիչ գործողություններով Ադրբեջանը նպատակ ունի նաեւ խափանել խաղաղության օրակարգը, բանակցային գործընթացը եւ նոր պատերազմ հրահրել տարածաշրջանում»,- կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նա նշել է, որ Լաչինի միջանցքի փակումը եւ ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը «բոլորս էմոցիոնալ ենք տանում, սակայն այս իրավիճակի շուրջ անհրաժեշտ է զսպվածություն եւ խաղաղության օրակարգին հակասող բառապաշարի եւ գործողությունների բացառում, առավել եւս պետական իշխանության ներկայացուցիչների կողմից»:

 

«Մենք շարունակում ենք հետեւողական լինել խաղաղության օրակարգի առաջմղման մեր ջանքերում եւ որեւէ սադրանքով պետք է հնարավոր չլինի մեզ շեղել:

 

Մեր տարածաշրջանում բոլոր խնդիրների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի եւ մենք առաջնորդվելու ենք հենց այս տրամաբանությամբ»,- եզրափակել է խոսքը Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին