Արցախում կայացել է «Մե՛նք ենք մեր սարերը» գործակալության առաջին նիստը - Mediamax.am

3519 դիտում

Արցախում կայացել է «Մե՛նք ենք մեր սարերը» գործակալության առաջին նիստը


Լուսանկարը` IDeA


Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 28-30 Ստեփանակերտում անցկացվել է «Մե՛նք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության առաջին ռազմավարական նիստը, որին մասնակցել են տարբեր ոլորտներ ներկայացնող ավելի քան 60 մասնագետներ՝ Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից։

Միջոցառումը նախաձեռնել էր հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանը՝ Արցախի կառավարության աջակցությամբ:

 

Նիստի նպատակն էր քննարկումների միջոցով ուրվագծել Արցախի համար ռազմավարական՝  անվտանգություն, ժողովրդագրություն, կրթություն, տնտեսություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն եւ ազգային ինքնության ոլորտների առաջնահերթ խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները:

 

«Երկու ամիս է՝ այստեղ եմ եւ, ամեն անգամ վերլուծելով իրավիճակը, հասկանում եմ, որ մարդիկ, որոնք այստեղ են ապրում, հերոսներ են, որովհետեւ իրենց ամենօրյա կյանքով ապացուցում են, որ հայրենիքն իրենց համար կարեւոր է, որ իրենք այստեղ են տեսնում իրենց ապագան: Այս հավաքին մասնակցելու խնդիրն է՝ ուրվագծել Արցախի զարգացման եւ անվտանգության ռազմավարությունը, մշակութային եւ տնտեսական այն միջավայրի պահպանումը, որտեղ արցախցիներն իրենց կզգան հաջողված, կտեսնեն իրենց եւ իրենց երեխաների երկարաժամկետ ապագան Արցախում»,- նշել է Ռուբեն Վարդանյանը։

 

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը վստահություն է հայտնել, որ ռազմավարական նիստի աշխատանքները կնպաստեն Արցախի համար կենսական խնդիրների լուծմանը։

 

«Այստեղ ներկայացված է բավական պատկառելի կազմ, այդ թվում՝ անձինք, որոնք առաջին անգամ են Արցախում։ Համոզված եմ՝ երկար ժամանակ աջակցել եք հայրենիքին, իսկ հիմա հնարավորություն է, որ այլ ձեւաչափով, ավելի երկարաժամկետ, ավելի հետեւողական կերպով համատեղ աշխատենք, հասկանանք՝ ինչպես կարող ենք բոլորիս ներուժն ի սպաս դնել մեր հայրենիքի փրկությանն ու հզորացմանը»,- նշել է Արտակ Բեգլարյանը։

 

Եռօրյա քննարկումների արդյունքները, հնչեցված գաղափարները կամփոփվեն, կձեւավորվեն առաջարկներ՝ դրանք ուսումնասիրելու եւ հետագայում գործնական ծրագրերի վերածելու համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին