Պատերազմին Թուրքիայի մասնակցության սենսացիոն մանրամասները - Mediamax.am

18662 դիտում

Պատերազմին Թուրքիայի մասնակցության սենսացիոն մանրամասները


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Ռուսական «Կոմերսանտ» թերթը «Հակամարտության պարտադրումը» հոդվածում մանրամասն տեղեկություններ է հաղորդել Ղարաբաղյան պատերազմում Թուրքիայի մասնակցության մասին:

 

«Մեր ռազմա-դիվանագիտական աղբյուրները պնդում են, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության ներկայիս լուրջ սրումը Թուրքիան պլանավորել եւ հրահրել է միտումնավոր», - ասված է հոդվածում:

 

Ըստ թերթի, հուլիս-օգոստոս ամիսներին, թուրք-ադրբեջանական զորավարժությունների ավարտից հետո, Ադրբեջանի տարածքում մնացել է էական թուրքական խմբավորում, որը կոչված էր համակարգող եւ ուղղորդող դեր ունենալ Լեռնային Ղարաբաղում հարձակողական գործողությունների պլանավորման եւ իրականացման գործում:

 

«Խոսքը 600 զինծառայողների մասին է, ներառյալ 200 հոգանոց գումարտակային տակտիկական խումբը, 50 հրահանգիչ Նախիջեւանում, 90 ռազմական խորհրդական Բաքվում (նրանք կապ էին ապահովում բրիգադ-կորպուս-գլխավոր շտաբ շղթայում ռազմական գործողությունների վարման ընթացքում), 120 հոգի թռիչքա-տեխնիկական մասնագետ Գաբալայի ավիաբազայում, Դալյար օդանավակայանում անօդաչու թռչող սարքերի 20 օպերատորներ, 50 հրահանգիչ Եվլախի օդանավակայանում, 50 հրահանգիչ 4-րդ բանակային կորպուսում (Փիրեշեքուլ) եւ 20 հոգի ռազմածովային բազայում եւ Բաքվի Հեյդար Ալիեւի ռազմական ուսումնարանում», - գրում է «Կոմերսանտ»-ը:

 

Խմբավորման մեջ ներառված էր նաեւ 34 միավոր ավիացիոն տեխնիկա (ներառյալ 6 ինքնաթիռ, 8 ուղղաթիռ, մինչեւ 20 անօդաչու թռչող սարք), որոնք ռազմական հետախուզություն էին ապահովում ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի տարածքում:

 

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, ըստ «Կոմերսանտ»-ին տրամադրված տվյալների, կտրուկ աճել էր Թուրքիայի ռազմական տրանսպորտային ավիացիայի թռիչքների քանակը դեպի Ադրբեջան (հիմնականում Վրաստանի տարածքով):

 

Մարդկանց եւ զինամթերքի առաքումն իրականացվել էր սեպտեմբերի 4-ին ՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերի C-130 ինքնաթիռով, սեպտեմբերի 18-ին ՝ CN-235 ինքնաթիռով, սեպտեմբերի 25-ին՝ A400M ինքնաթիռով:

 

«Սեպտեմբերի 28-ից 30-ը ռազմական գործողությունների ամենաթեժ պահին, բացի նախկինում եկած ռազմական խորհրդականներից, Ադրբեջան էին ժամանել Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար Ումիթ Դյունդարը եւ պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: «Կոմերսանտի» աղբյուրները պնդում են, որ նրանք տեղում իրականացրել են գործողությունների ընդհանուր կառավարումը», - գրում է թերթը:

 

«Հակամարտության պարտադրումը» հոդվածում մանրամասն տեղեկություններ են ներկայացվում նաեւ Թուրքիայի կողմից ներգրավված սիրիացի զինյալների եւ ռազմաճակատում նրանց տեղակայման վայրերի մասին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին