Ալիեւը փաստացի ընդունել է, որ Ամենափրկիչ եկեղեցուն իր օդուժն է հարվածել - Mediamax.am

Մարտ 05, 2026
14339 դիտում

Ալիեւը փաստացի ընդունել է, որ Ամենափրկիչ եկեղեցուն իր օդուժն է հարվածել


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է, որ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն հասցված հարվածները կարող էին «սխալմունքի» հետեւանք լինել:

France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը մեջբերում է պետական Ազերթաջ գործակալությունը, նա, մասնավորապես, ասել է.

 

«Մենք պետք է ուսումնասիրենք այս փաստը: Մենք վստահ չենք, թե ինչ է տեղի ունեցել: Կասկածներ ունենք, որ դա հայերի գործն է, որոնք ցանկանում են մեզ մեղադրել: Եթե դա արվել է ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից, ուրեմն, սխալմունք է տեղի ունեցել: Մենք չենք թիրախավորում պատմական կամ կրոնական վայրերը»:

 

Հիշեցնենք, որ ադրբեջանական օդուժը երկու գերճշգրիտ հարված է հասցրել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն: Երկրորդ հարվածի ժամանակ վիրավորվել են ռուսաստանցի երեք լրագրողներ:

 

Մինչ Ալիեւի այս հարցազրույցը Ադրբեջանը կտրականապես հերքում էր եկեղեցուն հարվածելու մեղադրանքը:




Մեր ընտրանին