Լավրովը խոսել է Թուրքիայի դերի եւ Ալիեւի հետ անհամաձայնության մասին - Mediamax.am

4734 դիտում

Լավրովը խոսել է Թուրքիայի դերի եւ Ալիեւի հետ անհամաձայնության մասին


Լուսանկարը` TASS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Արցախում իրավիճակի մասին մի շարք հայտարարություններ է արել «Սպուտնիկ», «Կոմսոմոլսկայա պրավդա» եւ «Խոսում է Մոսկվան» ռադիոկայաններին տված հարցազրույցում:

Մեդիամաքսը ներկայացնում է Լավրովի առավել կարեւոր հայտարարությունները:

 

Քաղաքական կարգավորման մասին

 

«Իհարկե, քաղաքական կարգավորումը հնարավոր է: Առաջարկությունները մնում են բանակցությունների սեղանին, դրանց բովանդակությունն արդեն հայտնի է. Ղարաբաղի հարակից շրջանների փուլային ազատում՝ Ղարաբաղի անվտանգության երաշխիքների պահպանմամբ, Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ հուսալի կապի պահպանում մինչեւ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը»:

 

Կրակը դադարեցնելու անհրաժեշտության մասին

 

«Անհրաժեշտ է անհապաղ հանդիպել զինվորականների մակարդակով եւ համաձայնեցնել կրակի դադարեցման այն մեխանիզմը, որի մասին խոսվում է մեր փաստաթղթում եւ որը դեռեւս ոչ ոք նույնիսկ չի սկսել քննարկել: Համապատասխան ազդակները ես հաստատել եմ բառացիորեն կես ժամ առաջ, երբ ինձ զանգահարեց Ադրբեջանի արտգործնախարարը: Նույն ազդակը մենք ուղարկում ենք նաեւ մեր հայ գործընկերներին»:

 

Ռազմական դիտորդների մասին

 

«Ներկա պահին վերիֆիկացիայի մեխանիզմին պետք է մասնակցեն նույնիսկ ոչ թե խաղաղապահները, այլ ռազմական դիտորդները. Դա բավական է: Միանգամայն ճիշտ կլիներ, եթե դա լինեին մեր ռազմական դիտորդները, բայց վերջնական խոսքը կողմերինն է:

 

Անշուշտ, մենք ելնում ենք նրանից, որ Երեւանում եւ Բաքվում հաշվի կառնվեն մեր դաշնակցային հարաբերությունները, ռազմավարական գործընկերության հարաբերությունները»:

 

Խնդրի ռազմական լուծման մասին

 

«Մենք համաձայն չենք այն դիրքորոշման հետ, որը հնչեցրել է Թուրքիան եւ մի քանի անգամ արտահայտել է նախագահ Ալիեւը: Այստեղ ոչ մի գաղտնիք չկա. կարծիքը, որ խնդիրը հնարավոր է լուծել ռազմական ճանապարհով, մենք չենք կիսում»:

 

Թուրքիայի դերի մասին

 

«Մենք երբեք չենք որակել Թուրքիային որպես մեր ռազմավարական գործընկեր: Թուրքիան շատ սերտ գործընկեր է, շատ ուղղություններում այդ գործընկերությունն ունի ռազմավարական բնույթ: Քաղաքականությունը թուրքական եւ ցանկացած այլ ուղղությունում պետք բխի իրականությունից, եւ քաղաքականությունը պետք է խուսափի այն սկզբունքի նյութականուցումից, որ պատերազմը դա քաղաքականության շարունակությունն է: Դա իմ խորին համոզմունքն է, չնայած, իհարկե, լինում են իրավիճակներ, երբ քո դեմ ագրեսիա են սանձազերծում, թնդանոթները չպետք է լռեն»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին