Արցախի նախագահ. «Մեկ ճանապարհ ունենք՝ պարտադրել զինադադար» - Mediamax.am

1913 դիտում

Արցախի նախագահ. «Մեկ ճանապարհ ունենք՝ պարտադրել զինադադար»


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ասել է, որ «Պաշտպանության բանակը շարունակում է հերոսաբար դիմադրել եւ ուժգին հակահարվածներ հասցնել թշնամուն՝ պատճառելով մարդկային եւ զինտեխնիկայի ահռելի կորուստներ»։

«Մենք տեսնում ենք Ռուսաստանի Դաշնության եւ միջազգային հանրության ակտիվ ջանքերը պատերազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ եւ բարձր ենք գնահատում դրանք»,- ասել է Արայիկ Հարությունյանը։

 

Անդրադառնալով Մոսկվայում հոկտեմբերի 10-ին ձեռք բերված հումանիտար հրադադարի պայմանավորվածությանը եւ Ադրբեջանի կողմից դրա պարտավորությունների անտեսմանը, Արայիկ Հարությունյանն ասել է.

 

«Հակառակորդը, օգտվելով առիթից, այդ հայտարարության արդեն հաջորդ օրը սկսել է ավելի հուժկու մարտական գործողություններ՝ ճակատի գրեթե ողջ երկայնքով, մանավանդ՝ հարավային ուղղությամբ։ Հակառակորդին հաջողվել է ինչ-որ տեղ մխրճվել, ինչ-որ տեղ ունենալ առավելություններ եւ օր օրի ճակատը տեղափոխել ավելի խորը տարածքներ։ Հասկանում ենք, որ հակառակորդին զինադադար ստիպելու ընդամենը մեկ ճանապարհ ունենք՝ պարտադրել զինադադար»։

 

Նա նշել է, որ հակառակորդն ընտրել է ոչ թե խնդրի լուծման, այլ Արցախի հայությունը, հետո՝ հաջողության դեպքում, նաեւ Հայաստանի հայությանը բնաջնջելու ճանապարհը։   

 

«Մենք ավելի ծանր ժամանակներ ենք ունեցել։ Մեզ հաջողվել է հաղթել, որովհետեւ հավատում էինք հաղթանակին, այսօր էլ հավատում ենք, որ հաղթելու ենք: Մեզ պետք է համախմբվել, միավորվել եւ ամենակարեւորը՝ մասնակցել մարտական գործողություններին: Ակնկալում եմ իմ եղբայրների ակտիվ մասնակցությունը, սփյուռքում ապրող ղարաբաղցիների, Հայաստանում ապրող մեր եղբայրների, օրհասական պահն է այսօր՝ հայրենիքը պահելու, պատվով ապրելու: Դրա համար կոչ եմ անում ունենալ ոչ միայն նյութական, այլեւ ֆիզիկական մասնակցություն, մենք դրա կարիքը զգում ենք»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին