«Կրակ»-ն ազդարարեց ագրեսիայի սկիզբը եւ կրակ բերեց հեղինակների գլխին - Mediamax.am

exclusive
8543 դիտում

«Կրակ»-ն ազդարարեց ագրեսիայի սկիզբը եւ կրակ բերեց հեղինակների գլխին



Սեպտեմբերի 27-ին, Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի օրը, Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության YouTube-ի պաշտոնական ալիքում հայտնվեց «Կրակ» երգի այս տեսահոլովակը:

 

 

Հոլովակն, ի դեպ, մեկ շաբաթում ընդամենը 7 հազար դիտում է ունեցել:

 

Հոլովակում ցուցադրված է Ադրբեջանի գրեթե ողջ զինանոցը՝ օդուժ, ԱԹՍ-ներ զրահատեխնիկա եւ այլ: Հավանաբար, Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը ենթագիտակցաբար կռահել է, որ շուտով այս տեխնիկայի զգալի մասը խոցվելու է Արցախի զինված ուժերի կողմից եւ որոշել էր դրանց հուշերը պահպանել գոնե տեսահոլովակում։

 

Երգը կատարում են երգիչներ Ջեյհուն Զեյնալովը (Ceyhun Zeynalov) եւ Նարմին Կարիմբայովան (Narmin Karimbayova)-ն՝ Nur խմբի ուղեկցությամբ։

 

Երգը կոչվում է Atəş, որը թարգմանաբար նշանակում է «կրակ»։ Ադրբեջանը, ասես, կենտրոնացել է կրակի թեմայի վրա, նրանց պաշտոնական կարգախոսը կրկին դրա մասին է՝ «Ադրբեջան՝ կրակի երկիր»։

 

Հիմա էլ Ադրբեջանին կրակի «թեմայի մեջ» ակտիվ պահում են Արցախի զինված ուժերը։

 

Երաժիշտները Atəş երգը կատարում են ռազմական համազգեստով, երգը պարբերաբար ուղեկցվում է հրթիռների արձակման կադրերով, մինչդեռ պարզ չէ, թե ուր են կրակում, քանի որ գործողությունները հիմնականում տեղի են ունենում բաց դաշտերում՝ առանց տեսանելի թշնամու։

 

Նարմին Կարիմբայովան հայտնի է «Ադրբեջանի ձայնը» հեռուստաշոուից։ Նա իր ինստագրամյան էջում այս շաբաթ ուղերձով դիմել է զինվորներին ու նոր երգի շնորհիվ ինքն իրեն հռչակել է այս պատերազմի «հաղթանակի» խորհրդանիշներից մեկը։ Հոլովակի նկարահանման վայրից նրա նկարները վկայում են, որ նկարահանումները տեղի են ունեցել Եվլախում:

 

Կադրերից մեկում էլ զինծառայողները դրոշ են ճոճում ցուցանակի մոտ, որն ազդարարում է, թե մինչեւ Շուշի 110 կիլոմետր է:

 

Քանի դեռ թշնամին շարունակում է վայելել ոչ թե հոլովակային, այլ իրական կրակը, առաջարկում ենք լսել եւ նայել այսօր Adana Project խմբի ներկայացրած «Զարթիր Լաո» երգի այս տարբերակը՝ պատերազմներին մեր մասնակցության իրական կադրերով։

 

 

Ամալի Խաչատրյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին