Նալբանդյան. Պետերբուրգում որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել - Mediamax.am

5641 դիտում

Նալբանդյան. Պետերբուրգում որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել


ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի փաթեթային կարգավորման հիմքում պետք է ընկած լինի Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի եւ դրա իրացման ճանաչումը։

Այս մասին Էդվարդ Նալբանդյանն ասել է, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովի հայտարարարությունն այն մասին, թե օրեր առաջ Սանկտ Պետերբուրգում կայացած նախագահների հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել հակամարտության փուլային կարգավորման վերաբերյալ:

 

«Հանդիպման ժամանակ նախապատվությունը տրվել է հակամարտության փուլային կարգավորմանը: Այսինքն՝ կոնֆլիկտը պետք է լուծվի փուլերով. նախ ազատում են 5 շրջանը, ապա՝ եւս 2 շրջանը, եւ հստակեցվում է միջանցքը: Ապա հստակեցվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Կողմերը համաձայնության են հասել այդ ուղղությամբ»,- Trend գործակալության փոխանցմամբ՝ ասել էր Նովրուզ Մամեդովը:

 

«Այդ պաշտոնյան՝ Նովրուզ Մամեդովը, երբեք չի մասնակցել որեւէ բանակցությունների։ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովը բացառություն չէր։ Վերջին հանդիպման ժամանակ նա ներկա է գտնվել միայն աշխատանքային ճաշին, որի ընթացքում քննարկվել է բացառապես միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ավելացման հարցը»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը: 

 

ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովին հիմնահարցի հանգուցալուծմանը վերաբերող որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։

 

«Այս փուլում Ադրբեջանը պետք է անվերապահորեն կատարի Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված եւ վերահաստատված պայմանավորվածությունները՝ նախեւառաջ բացառապես խաղաղ ճանապարհով հիմնախնդրի կարգավորում, 1994-1995 թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի հարգում, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծում, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնում։ Այս ամենը թույլ կտա համապատասխան պայմաններ ստեղծել՝ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունները վերսկսելու համար»,- ասել է նախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին