Ագնեշկա Հոլանդ. «Գլխավոր պայմանն այն է, որ ֆիլմերը պետք է լավը լինեն» - Mediamax.am

exclusive
16207 դիտում

Ագնեշկա Հոլանդ. «Գլխավոր պայմանն այն է, որ ֆիլմերը պետք է լավը լինեն»

Ագնեշկա Հոլանդը
Ագնեշկա Հոլանդը

Լուսանկարը` Նիկոլայ Կոմանկին

Լուսանկարը`


2022 թվականի դեկտեմբերին Վրաստանում կայացել էր Թբիլիսիի միջազգային կինոփառատոնը, որի պատվավոր հյուրն էր հայտնի լեհ ռեժիսոր, Եվրոպական կինոակադեմիայի նախագահ, «Օսկարի» եռակի հավակնորդ, Ագնեշկա Հոլանդը։ Փառատոնում նրան շնորհվեց պատվավոր «Ոսկե Պրոմեթեւսը»՝ համաշխարհային կինոյում ներդրման համար։

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ժամանակակից եվրոպացի ամենաազդեցիկ բեմադրողներից մեկի հետ բացառիկ հարցազրույցը՝ կինոյի, քաղաքականության, հին ֆիլմերի արդիական լինելու եւ ապագայի պլանների մասին։

 

- Տիկին Հոլանդ, շատ շնորհակալ եմ հարցազրույցին համաձայնելու համար։ Ի՞նչ զգացողություններ ունեք փառատոնի առաջին օրերից։

 

-Այնպիսի զգացողություն ունեմ, որ արդեն բազմիցս եղել եմ այստեղ։ Թբիլիսիում շատ ջերմ ու փոքր-ինչ քաոսային մթնոլորտ է, որն ինձ ծանոթ է այլ փառատոններից։ Եվ դա շատ համապատասխանում է Վրաստանի մասին իմ պատկերացումներին։ Ես շատ ուրախ էի, որ հնարավորություն ունեցա վրացի հանդիսատեսին ցուցադրելու իմ «Պարոն Ջոնս» ֆիլմը։ Այս ֆիլմն ինձ համար իսկապես կարեւոր է, եւ ինձ թվում է, որ այժմ այն ավելի արդիական է դարձել։ Ցուցադրել եմ այն մի քանի տեղ, սիրում եմ այս ֆիլմը։

 

- Այս տարի Դուք փառատոնի պատվավոր հյուրն եք, եւ տարբեր տարիներին նկարահանված ձեր չորս ֆիլմերը ցուցադրվելու են հատուկ ցուցադրությունների ծրագրում։ Վերանայու՞մ եք Ձեր հին ֆիլմերը։ Որքանո՞վ են դրանք արդիական 2022 թվականին։

 

-Այո, կարծում եմ, իմ ֆիլմերի մեծ մասն այսօր արդիական է մնում։ Եվ դա լավ նշան է։ Որոշներն ավելի շատ, որոշները՝ քիչ, սակայն իմ բոլոր քաղաքական ֆիլմերը տարիներ անց ինչ-որ կերպ նորից արդիական են դառնում։ Եվ առաջին հերթին՝ «Պարոն Ջոնսը»։ Սա դեռ բավականին թարմ ֆիլմ է, այն նկարահանել էինք երեք տարի առաջ: Սակայն այն իսկապես ավելի համահունչ է այսօրվա իրականությանը:

 

- «Միստր Ջոնսը» բացեց փառատոնը, եւ ես համաձայն եմ, որ այս երեք տարիների ընթացքում այն ավելի արդիական է դարձել։ Ինչպե՞ս հասաք Գոլոդոմորի թեմային, որտեղի՞ց է հետաքրքրությունը Խորհրդային պատմության այս սարսափելի, բայց դեռ ոչ այդքան հայտնի էջի նկատմամբ:

 

-Նախկինում լսել էի Գոլոդոմորի մասին: Ինձ ընդհանրապես հետաքրքրում է աշխարհի այս հատվածի պատմությունը, շատ եմ կարդացել Ուկրաինայի պատմության, Խորհրդային պատմության եւ Գոլոդոմորի մասին: Սցենարն ինձ ուղարկել էր ուկրաինական արմատներ ունեցող ամերիկացի գրող, սցենարիստ եւ լրագրող Անդրեա Չալուպան։ Նրա պապը վերապրել է Գոլոդոմորը, ուստի դա շատ կարեւոր թեմա է իր համար։ Եվ նա միջոց էր փնտրում այս պատմությունը լսարանին պատմելու հասանելի, հասկանալի եւ հետաքրքիր ձեւով։ Այդ իսկ պատճառով նա որոշել էր դա պատմել ուելսցի լրագրող Գարեթ Ջոնսի տեսանկյունից։ Երբ Անդրեան ինձ ուղարկեց սցենարը, հասկացա, որ չեմ ուզում նկարահանել այս ֆիլմը, քանի որ արդեն ունեի երեք ֆիլմ Հոլոքոստի մասին: Նման ֆիլմ նկարելը ցավալի է, այն խլում է կյանքիդ մեծ մասը, եւ դու մի քանի տարի  անցկացնում ես այս սարսափելի իրականության մեջ: Եվ, իհարկե, դա հոգեբանական հետք է թողնում, որը ջնջելը հեշտ չէ: Սակայն սցենարը կարդալու ընթացքում զգացի, որ այդ պատմությունը պետք է պատմել: Եվ խնդիրն այն է, որ ես շատ պատճառներով կարող եմ դա ավելի լավ անել, քան մյուսները: Եվ որ ես բավականին խորն եմ հասկանում այս պատմության էությունը։ Ուստի որոշեցի դա անել:

Ագնեշկա Հոլանդը Ագնեշկա Հոլանդը

Լուսանկարը` Նիկոլայ Կոմանկին

Հատկապես այն պատճառով, որ երկար ժամանակ խիստ զայրացած էի, որ Գերմանիայում նացիստական ռեժիմի հանցագործությունները բոլորին լավ հայտնի էին, մինչդեռ ստալինյան հանցագործությունները երբեք խորապես չեն գիտակցվել համաշխարհային հանրության կողմից։ Իսկ դա անհրաժեշտ է ոչ միայն մյուս զոհերին, այլեւ այդ դեպքերի կրկնությունը կանխելու համար։

 

- Մի քանի տարի առաջ հարցազրույցներից մեկում ասել էիք, որ Վլադիմիր Պուտինի հետ կապված պատրանքներ չունեք եւ որ նրան չեն հետաքրքրում մարդու իրավունքները, արդարությունը եւ այլ մարդիկ, քանի որ նա մտահոգված է միայն իր անձով։ Եվ, ցավոք, միեւնույն ժամանակ, Ռուսաստանում շատերն այժմ հավատում են այն ամենին, ինչ իրենց ասում են հեռուստատեսությամբ։ Ինչպե՞ս կարող է կինոն պայքարել տոտալիտար ռեժիմների եւ քարոզչության դեմ։

 

- Կարծում եմ՝ լավագույն միջոցը հենց պայքարելն է։ Դա նշանակում է, որ պետք չէ սպասել, մինչեւ նրանք ինքնուրույն ընկնեն, պետք չէ փորձել կաշառել կամ հաճոյանալ նրանց։ Պուտինն ինքն ապացուցեց, որ դա լավագույն մեթոդը չէ։ Որովհետեւ, եթե համաշխարհային հանրության արձագանքը 2014 թվականին՝ Ղրիմի բռնակցումից եւ Դոնբասում պատերազմի մեկնարկից հետո, այլ լիներ, եթե այն «մեկ քայլ առաջ եւ երեք քայլ ետ» չլիներ, միգուցե մենք չհասնեինք այս փուլին կամ ավելի լավ պատրաստված եւ զինված լինեինք: Բանն այն է, որ Արեւմուտքը Պուտինին այս 8 տարիների ընթացքում սնուցել է հսկայական գումարներով, ինչը թույլ է տվել նրան նախապատրաստել լայնածավալ ներխուժում։ Դա ապացուցում է, թե որքան հիմար ենք մենք։ Այսպիսով, հիմա հուսով եմ, որ դասը քաղված է:

 

- Երբ ուսումնասիրում եմ Ձեր կարիերան եւ ֆիլմագրությունը, ապշեցնում է աշխատանքների բազմազանությունը եւ լայն դիապազոնը: Պրահայում կինոռեժիսուրա էիք սովորել, հետո աշխատել Անջեյ Վայդայի եւ Քշիշտոֆ Զանուսիի հետ, համագործակցել Քշիշտոֆ Կեսլյովսկու հետ։ Հարց է ծագում. ինչպե՞ս է Ձեզ հաջողվում նույնքան համոզիչ լինել անկախ փառատոնային դրամաներում, պատմական ֆիլմերում եւ միեւնույն ժամանակ նկարահանել ամերիկյան հիթային սերիալների դրվագներ, ինչպիսիք են «House of Cards», «Lovers» եւ «The Wire»: Լինելով հաջողակ եւ կայացած կինոռեժիսոր, ինչպե՞ս սկսեցիք աշխատել հեռուստատեսությունում։

 

- Ինչ-որ առումով հիասթափվել էի։ 1990-ականներին ապրում էի Լոս Անջելեսում, Հոլիվուդում, իսկ 90-ականների վերջում հիասթափվեցի ամերիկյան անկախ կինոյից։ Այս պահին այն որոշ առումներով շատ նման էր բահի։ Հնացած, նույն մտքերը նորից ու նորից կրկնելով՝ նույն գործիքների եւ միջոցների կիրառմամբ:

Լուսանկարը` Նիկոլայ Կոմանկին

Եվ հենց այդ պահին հեռուստատեսությունը սկսեց գրավել կինոյի տեղը, այն շատ ավելի համարձակ ու նորարար էր, իսկ պատմությունների դիապազոնը՝ շատ ավելի հարուստ, քան կինոյում։ Այսպիսով, ցանկացա փորձել: Ուզում էի դառնալ այս գործընթացի մի մասը: Կարծում եմ, հետաքրքրասիրությունն է ինձ բերել հեռուստատեսություն, պարզապես ուզում էի իմանալ, թե ինչպես է դա տեղի ունենում:

 

- Ի՞նչ եք կարծում, այս դժվարին, մութ ու դաժան ժամանակներում կինոյի ու սերիալների ի՞նչ տեսակներ կամ ժանրեր են մեզ պետք։ Եվ կինոյի ի՞նչ ժանրեր ու ձեւեր կարող են մեզ անհրաժեշտ լինել առաջիկա մի քանի տարիներին։ Ո՞րն է կինեմատոգրաֆի գործչի պարտքն այսօր։

 

- Գիտեք, կինոյի գլխավոր որակներից մեկը միշտ եղել է բազմազանությունը։ Այն, որ տարբեր ֆիլմեր շատ տարբեր են հնչում, որ դրանք հասնում են տարբեր հանդիսատեսի: Միշտ կան մարդիկ, ովքեր կինոյում միայն ժամանց են փնտրում։ Եվ կան մարդիկ, ովքեր ցանկանում են ավելի խորը ընկղմվել, խորը փորձառության հասնել, ովքեր ցանկանում են տեսնել ինչ-որ անսպասելի բան, որը կփոխի նրանց երեւակայությունը:

Ագնեշկա Հոլանդը Ագնեշկա Հոլանդը

Լուսանկարը` Նիկոլայ Կոմանկին

Այնպես որ, կարծում եմ, գլխավոր պայմանն այն է, որ ֆիլմերը պետք է լավը լինեն։ Եվ եթե նրանք լավ, համարձակ, օրիգինալ ու անկեղծ են, հավատում եմ, որ կհասնեն իրենց հանդիսատեսին։

 

- Փառատոնի բացման արարողությանը նշեցիք, որ ցանկանում եք ավարտել Ձեր կարիերան կատակերգությամբ։

 

- Ոչ թե պարզապես կատակերգությամբ, այլ հաջողված կատակերգությամբ, ինչը շատ ավելի դժվար է։ Այս պահին գաղափարներ չունեմ: Դեռ երեք-չորս տարի աշխատելու ծրագրեր ունեմ, միգուցե մի քիչ ավելի։ Այսպիսով, պետք է շտապել: Եվ եթե որեւէ մեկը լավ կատակերգական սցենար ունի, խնդրե՛մ՝ առաջարկե՛ք։

 

Ագնեշկա Հոլանդի հետ զրուցել է Իվան Ցուրկանը

 

Լուսանկարները՝ Նիկոլայ Կոմանկին

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին