Շաշի Թարուր. «Լեռնային Ղարաբաղի եւ Քաշմիրի խնդիրներն ընդհանրություն չունեն» - Mediamax.am

14333 դիտում

Շաշի Թարուր. «Լեռնային Ղարաբաղի եւ Քաշմիրի խնդիրներն ընդհանրություն չունեն»

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ եւ Հնդկաստանի ԱԳՆ նախկին պետնախարար Շաշի Թարուրը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ եւ Հնդկաստանի ԱԳՆ նախկին պետնախարար Շաշի Թարուրը

Լուսանկարը` http://kaw.stb.s-msn.com

Լուսանկարը`


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալի եւ Հնդկաստանի ԱԳՆ նախկին պետնախարարի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքս-ին:

Շաշի Թարուրը Հնդկաստանի ԱԳՆ նախկին պետնախարարն է, գրող, հրապարակախոս, մարդու իրավունքների պաշտպան, ներկայումս՝ Հնդկաստանի խորհրդարանի անդամ:

 

2006 թվականին Թարուրը Հնդկաստանի կողմից պաշտոնապես առաջադրվեց որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածու` փոխարինելու Քոֆի Անանին: Ընտրությունների արդյունքում Շաշի Թարուրը հայտնվեց երկրորդ տեղում՝ զիջելով Պան Գի Մունին:

 

Թարուրը ՄԱԿ-ում աշխատել է երկար տարիներ: Այդ կառույցում նրա վերջին պաշտոնը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հաղորդակցության եւ հասարակական տեղեկատվության գծով տեղակալի պաշտոնն էր, որը նա թողեց 2007թ. մարտին:

 

Թարուրը միջազգային հարթակներում հայտնի է իր` Հնդկաստանի վերջին բարեփոխումների եւ ապագա հեռանկարների, գլոբալիզացիայի, մամուլի ազատության, մարդու իրավունքների, հնդկական մշակույթի եւ Հնդկաստանի` համաշխարհային քաղաքական գործընթացների վրա ներկա եւ հնարավոր ազդեցության մասին ելույթներով:

 

12 գրքերի, հարյուրավոր հոդվածների եւ հրապարակումների հեղինակ է, որոնք տպագրվում են New York Times-ի, Washington Post-ի, Los Angeles Times-ի, International Herald Tribune-ի, Time-ի, Newsweek-ի եւ The Times of India-ի էջերում:

- Վերջերս Պակիստանը Ադրբեջանին առաջարկեց ռազմական դաշինք ստեղծել Իսրայելի դեմ: Ի՞նչ եք կարծում, ինչի՞ կարող է հանգեցնել այսպիսի դաշինքի ստեղծումը: Արդյո՞ք այն վտանգի տակ է դնում խաղաղությունը տարածաշրջանում:

 

- Պակիստանը մի երկիր է, որն ինքն իր հետ համաձայնության գալու խնդիր ունի:  Ռազմական տեսակետից Պակիստանը, որն անմիտ վերաբերմունք է ցուցաբերում  իր հարեւանների նկատմամբ, հիմա սկսել է հանդես է գալ իրեն ստեղծողի դեմ:  Պակիստանը շատ լավ կանի, եթե նախ հաղթահարի սեփական ներքին խնդիրները` ինչ-որ մեկի համար օգտակար դաշնակից լինելուց առաջ:

 

- 2012 թվականի փետրվարին Պակիստանի ազգային գրադարանում մի սեմինար տեղի ունեցավ` «Լեռնային Ղարաբաղ եւ Քաշմիր. երկու ազգ, երկու ցավ» անվան ներքո: Առաջին անգամը չէ, որ պակիստանցի պաշտոնյաները հայտարարում են Քաշմիրի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների նմանությունների մասին:

 

- Յուրաքանչյուր հակամարտություն ունի սեփական պատմությունը: Ես ոչ մի ընդհանրություն չեմ տեսնում այս երկու հակամարտությունների միջեւ` ոչ պատմական, ոչ էլ աշխարհագրական առումով:

 

- Մինչեւ 1996 թվականը Դուք եղել եք խաղաղապահ առաքելություն իրականացնող թիմի ղեկավար Հարավսլավիայում: 2008 թվականին Կոսովոն հռչակեց իր անկախությունը, 2012 թվականի փետրվարի 17-ի դրությամբ ՄԱԿ-ի անդամ 88 երկրներ ճանաչել են Կոսովոյի անկախությունը: Ձեր կարծիքով, Կոսովոն նախադե՞պ է ԼՂ հակամարտության կարգավորման համար:

 

-Եթե խոսեմ իմ անունից, այլ ոչ թե որպես ՄԱԿ-ի նախկին պաշտոնյա, ապա ես նման դեպքերում կողմ չեմ անջատմանը եւ անկախությանը ` որպես լուծում: Հնդկաստանը բազմազգ, բազմակրոն երկիր է, եւ ես հավատում եմ, որ սա ավելի նախընտրելի մոդել է, քան երկրի փլուզումը նեղ կրոնական հողի վրա:

 

- 2008 թվականի մարտին Հնդկաստանը դեմ քվեարկեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի կողմից ներկայացված «Ադրբեջանի օկուպացված տարածքների իրավիճակի մասին» բանաձեւին: Դրանից հետո ի՞նչ զարգացումներ են եղել ադրբեջանա-հնդկական հարաբերություններում:

 

- Հնդկաստանը փորձում է պահպանել լավ հարաբերություններ բոլոր երկրների հետ:  Մենք չէինք կարծում, որ կոնկրետ այդ բանաձեւը օգտակար նպատակների կծառայի: Բայց մենք կցանկանայինք տարանջատել մեր հիմնական հարաբերությունները մեկ առանձին բանաձեւի հանդեպ ցուցաբերած վարքագծից:

 

- Հնդկաստանում մեծ հայկական համայնք կա: Արդյո՞ք այն ակտիվ է Հնդկաստանի հասարակական կյանքում: Ունե՞ք հայ ընկերներ:

- Այո, ես ունեցել եմ մի շարք հայ ընկերներ Կալկաթայում, երբ երեխա էի: Հիմա կհիշեմ Միշել Կարապետին եւ մեր դասարանի ամենաչար տղային` Պիթեր Ապկարին (Ապկարյան): Հնդկաստանի հայ համայնքը շատ հայտնի է եւ հարգված: Կային հիանալի ռեգբի խաղացող մի շարք հայեր, եւ հայկական ակումբը շատ ուժեղ էր որոշ մարզաձեւերում: Տարիքով մեծ հայերից, ում ես շատ էի հարգում, Սիդնի Հելփսն էր, ով հայկական եկեղեցում վստահված անձ էր եւ ում ապագայում ավելի լավ ճանաչեցի, երբ ՄԱԿ-ի առաքելության շրջանակներում մեկնել էի Սինգապուր. այնտեղ նա համայնքի առաջնորդն էր: Բայց չնայած հայերը Հնդկաստանում ակտիվ են սոցիալական եւ համայնքին վերաբերվող հարցերում, ես չեմ ճանաչում Հնդկաստանի հասարակական կյանքում ակտիվություն ցուցաբերած հայերի:

Շաշի Թարուրի հետ հատուկ Մեդիամաքսի համար զրուցել է Նարինե Դանեղյանը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին