Միրզա Դինայի. «Աշխարհը պետք է ավելի շատ բան իմանա Արցախի մասին» - Mediamax.am

exclusive
39684 դիտում

Միրզա Դինայի. «Աշխարհը պետք է ավելի շատ բան իմանա Արցախի մասին»

Միրզա Դինային
Միրզա Դինային

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Եզդի ակտիվիստ, «Ավրորա» մրցանակի դափնեկիր Միրզա Դինային օրեր առաջ Արցախում էր: Նա երկար տարիներ պայքարում է Իրաքում ապրող եզդիների իրավունքների համար, բուժման նպատակով Գերմանիա է տեղափոխում ահաբեկչությունից տուժածների, սեռական բռնության ենթարկված կանանց:

 

Դինային երազում է մի աշխարհի մասին, որտեղ ցեղասպանություն չի լինի: Հազարավոր մարդկանց ցավն ու տառապանքը կիսած եզդի ակտիվիստը Արցախում էր, եղել է նաեւ  Երեւանի հիվանդանոցներում ու անցած օրերին տեսածի մասին հուզմունքով է խոսում: Մեդիամաքսը զրուցել է Միրզա Դինայի հետ Գերմանիա մեկնելու նախօրեին:

 

- Պարոն Դինայի, Դուք Հայաստանում եք մեզ համար շատ դժվար շրջանում: Ո՞րն է այցի նպատակը: Նախապես պլանավորա՞ծ էր, թե՞ պատերազմից հետո որոշեցիք գալ:

 

- Պատերազմը սկսվելու պահից շատ էի ցանկանում Հայաստան այցելել, տեսնել իմ սիրելի մարդկանց, սիրելի ընկերներիս, իմանալ՝ ինչպես են: Զգացմունքային առումով ինձ համար կարեւոր էր հասկանալ իրավիճակը: Երբ «Ավրորա»-ն սկսեց Արցախի պատերազմից տուժած մարդկանց օգնելու շատ կարեւոր նախաձեռնությունը, հասկացա, որ պարտավոր եմ միանալ այդ արշավին: «Ավրորա»-ն շարունակում է դափնեկիրների պատկերով նամականիշերի թողարկման ամենամյա ավանդույթը, եւ ես համատեղեցի բոլոր ցանկություններն ու միավորող գործոնները՝ Հայաստան գալու համար: Իմ այս այցելության ծրագրում առաջին տեղում Արցախն էր, դա էր հիմնական պատճառը, որ ուզում էի գալ:

 

- Դուք շատերի ցավն ու հուսալքությունն եք տեսել եւ կիսել: Ի՞նչ տեսաք, զգացիք Արցախում:

 

-Երբեմն իրավիճակն այնքան ծանր է լինում, որ անկարող ես նկարագրել զգացմունքներդ: Գնացել էի Ստեփանակերտի եղբայրական գերեզման՝ ծաղիկներ դնելու: Հանդիպեցի զինվոր որդուն կորցրած մի տղամարդու: Արտասվում էր: Մոտեցա: Պարզվեց՝ տղայի 20-ամյակն է: Չեք կարող պատկերացնել՝ որքան դժվար է այդ խեղճ մարդու համար: Որդու տարեդարձը ինչ-որ բարում տոնելու փոխարեն՝ նա եկել էր հուշարձանի մոտ: Սա մեկ դրվագ է Արցախում իմ տեսածից:

Միրզա Դինային Ստեփանակերտի կարի արտադրամասում Միրզա Դինային Ստեփանակերտի կարի արտադրամասում

Լուսանկարը` Ավրորա

Այցելել եմ նաեւ կարի մի արտադրամաս, որը վերանորոգվել է «Ավրորա»-ի աջակցությամբ՝ կանանց աշխատանքով ապահովելու նպատակով: Հրաշալի նախաձեռնություն էր: Մոտիկից շփվել եմ այդ կանանց հետ: Ոմանք պատերազմում կորցրել են իրենց որդիներին, ամուսիններին, եղբայրներին, հարազատներին: Թեեւ պատերազմը տեւել է հազիվ ամիս ու կես, այն մեծ վնաս է հասցրել բնակչությանը, ավելի քան 25 տոկոսը դեռեւս տեղահանված է: Կարող եք պատկերացնել, թե այս ամենն ինչպես կազդի մարդու ներաշխարհի վրա, դժվար է տեսնել փոքրիկ այդ ժողովրդին, որի միակ ցանկությունը խաղաղ ապրելն է: Նրանք մեղավոր չեն, եթե ապրում են մի հողի վրա, որը ինչ-որ մեկը կարծում է՝ իր սեփականն է: Շատ դժվար է եւ շատ դառը, երբ տեսնում ես, թե ինչպիսի անարդարություն է տիրում համաշխարհային մակարդակով: Սա մեզ՝ մարդասիրական եւ մարդու իրավունքների ոլորտներում աշխատողներիս ավելի խորն է խոցում:

 

- Դուք նաեւ հիվանդանոցում եք եղել. ի՞նչ եք տեսել, ո՞ւմ եք հանդիպել:

 

- Այո, Երեւանում այցելել եմ մի քանի վիրավոր երիտասարդի: Միայն երեք հիվանդասենյակ մտա. ի վիճակի չէի այցելությունս շարունակել: Տեսա անդամահատված եւ ծանր վիրավորված մարդկանց, չգիտեմ՝ նրանցից ոմանք կկարողանա՞ն շարունակել ապրել: Վիրավոր երիտասարդներից մեկն ասաց, որ որոշել էր բժշկություն սովորել...  (հուզմունքը թույլ չի տալիս շարունակել խոսքը-հեղ.)

 

- Հայաստանում եւ Արցախում ապրող արցախցիներն ունեն մարդասիրական օգնության կարիք, շատերը կորցրել են ամեն ինչ: Ցավալի է, բայց մարդիկ նաեւ հույսն ու լավատեսությունն են կորցրել: Ինչպե՞ս օգնել նրանց:

 

- Ես կարող եմ որոշակի օգնություն ցուցաբերել, հատկապես՝ տրավմա ստացած մարդկանց: Գուցե կարողանանք սովորեցնել որոշ բժշկական եւ ֆիզիոլոգիական մեթոդներ, թե ինչպես պետք է աշխատել տրավմայի ենթարկված մարդկանց հետ:

Միրզա Դինային Միրզա Դինային

Լուսանկարը` Մեդիամաքս

Տարբեր հիվանդանոցներում հարցրել եմ՝ կարո՞ղ եմ օգնել պատերազմից տուժած եւ  արտերկրում բուժում ստանալու կարիք ունեցող երեխաների, որովհետեւ երկար տարիներ այդ աշխատանքով եմ զբաղվում: Ուրախ եմ, որ այդպիսի երեխաներ չկային:

 

Նաեւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության իմ ընկերների հետադարձ կապի կարիքն ունեմ՝ հասկանալու համար, թե ինչ կարող եմ անել, ինչպիսի օգնություն ցուցաբերել: «Ավրորա»-ն ստանձնել է մարդասիրական օգնություն հասցնելու առաջնորդությունը: Եթե ցանկանամ ինչ-որ բան նախաձեռնել ինքս կամ «Ավրորա»-ի հետ համագործակցությամբ, կունենամ նրանց հետադարձ կապի կարիքը, որովհետեւ «Ավրորա»-ի հրաշալի մասնագետները հենց տեղում աշխատում են մարդկանց հետ: Ես կունենամ նրանցից խորհուրդ եւ աջակցություն ստանալու առավելությունը:

 

- Երբ հարցնում էի օգնելու մասին, նկատի ունեի բոլորիս օգնությունն առհասարակ: Ինչի՞ կարիք ունեն այս մարդիկ, ինչպե՞ս աշխատել նրանց հետ, ինչո՞վ օգնել:

 

- Ամենակարեւորը՝ աշխարհը պետք է ավելի շատ բան իմանա Արցախում տեղի ունեցողի մասին: Նկատի չունեմ քաղաքական վեճերը, ես խոսում եմ հիմնականում մարդասիրական ճգնաժամի ու այնտեղ տիրող վիճակի մասին: Արցախի ժողովրդի համար ժամանակները, ցավոք, նպաստավոր չեն, որովհետեւ ամբողջ Եվրոպան ու աշխարհը զբաղված են COVID-19-ով: Մենք պետք է ավելի շատ իրազեկենք արցախցիների վիճակի մասին:

Միրզա Դինային Ստեփանակերտի թիվ 1 ռմբակոծված մանկապարտեզի մոտ Միրզա Դինային Ստեփանակերտի թիվ 1 ռմբակոծված մանկապարտեզի մոտ

Լուսանկարը` Ավրորա

Օրինակ, հետաքրքրվեցի՝ արդյո՞ք ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունները եղել Արցախում, պարզվեց այնտեղ ՄԱԿ-ի գործակալություն չկա: Դա խայտառակություն է: Պատերազմ է, բնակչության 25 տոկոսը տեղահանվել է, եւ այնտեղ չկա ՄԱԿ-ի գործակալություն, որը կկարողանար պարզել՝ մարդկանց հետ ամեն ինչ կարգի՞ն է, թե՞ ոչ:  Մենք պետք է բարձրացնենք մարդասիրական խնդիրների իրազեկման մակարդակը, որպեսզի միջազգային կազմակերպություններ գան: Կարծում եմ, որ միջազգային կազմակերպությունների ներկայության դեպքում Արցախում այդ պատերազմ չէր լինի: Պատերազմական տարբեր հանցագործություններ կան, եւ ես կասկած չունեմ, որ դրանք կատարվում են միջազգային հանրության դիտակետից դուրս լինելու պայմաններում: Այսպիսի բաներ կարող են պատահել ամբողջ աշխարհում:

 

Շատ կարեւոր են նաեւ մարդկանց շահերի պաշտպանությունը եւ հումանիտար կարիքները. բազմաթիվ շենքեր են ավերվել կամ չկա էլեկտրականություն, դպրոցները պետք է վերաբացվեն: Արցախի բնակիչները պետք է վերադառնան իրենց տները, եւ կյանքը պետք է վերադառնա իր հունին: Կարելի է ընտրել որեւէ ոլորտ, որտեղ կարող եք օգտակար լինել, նույնիսկ սովորական քաղաքացիները կարող են որոշակի օգնություն ցուցաբերել:

 

-Վստահ եմ՝ գիտեք, որ այս եւ նախորդ պատերազմներին նաեւ եզդի համայնքի ներկայացուցիչներ են մասնակցել, ունենք եզդի հերոսներ: Այս անգամ հնարավորություն ունեցա՞ք հանդիպելու եզդի համայնքի հետ:

 

-Եզդիներն ու հայերը հազարավոր տարիներ գոյակցել են եւ շատ ընդհանուր արմատներ ունեն նախաքրիստոնեական ժամանակներում: Հայերն ու եզդիները միասին անցել են 1915-ի Հայոց ցեղասպանության միջով: Շատ եզդիներ, հատկապես նրանք, որ հայերի հետ խաղաղ ապրել են Օսմանյան ժամանակաշրջանում, կոտորվել են: Այդ պատճառով նրանք Հայաստանը համարում են իրենց երկիրը եւ մյուսների նման պաշտպանում են այդ երկիրն ու դրա արժեքները:

 

Շատ ուրախացա՝ տեսնելով իմ համայնքի հավատարմությունն իրենց երկրի նկատմամբ: Ես իրավունք չունեմ միջամտելու այլ երկրների գործերին, բայց ուրախ եմ, որ եզդիները շատ լավ ինտեգրվել են: Հայաստանը միակ վայրն է, որտեղ եզդիները կարող էին կառուցել Թաուսե Մալաքի անունը կրող տաճար: Նրանք չէին կարող կառուցել տաճար, օրինակ, Սիրիայում, առավել եւս՝ Թուրքիայում: Թուրքիայում նույնիսկ հին եզդիական տաճարները, ինչպես քրիստոնեական եկեղեցիները, ավերվել են:

Միրզա Դինային Միրզա Դինային

Լուսանկարը` Մեդիամաքս

Ես պահում եմ իմ կապը եզդի համայնքի հետ: Շատ եզդի կամավորներ կողք կողքի աշխատում էին իրենց հայ եղբայրների եւ քույրերի հետ: Այսօր Արցախում այցելել եմ կամավորներից մի քանիսին, իսկ երկու օր առաջ եղել եմ եզդիական տաճարում, հանդիպել համայնքի անդամներին ու ղեկավարներին: Երբ հանդիպեցի Արցախի օմբուդսմենին, առաջինը, ինչ ինձ պատմեց, երիտասարդ եզդի զինվորի մասին էր, որին ադրբեջանցիները գլխատել են մի քանի տարի առաջ (2016 թվականի Ապրիլյան պատերազմին-հեղ.): Խոսքը Քյարամ Սլոյանի մասին է: Օմբուդսմենն ասաց, որ Ադրբեջանի նախագահը նույնիսկ պատվի է արժանացրել եզդիներին գլխատող զինվորներին: Այս ուղեւորության ընթացքում ինձ ուղեկցում էր եզդի ակտիվիստ Ռոման Սլոյանը՝ Քյարամի զարմիկը: Գիտեմ, թե եզդիական համայնքը, հայերի նման, ինչպես է տուժել ոչ միայն այստեղ՝ ներսում, այլեւ երկրի սահմաններից դուրս:

 

- Այս տարվա սկզբին նյութ էի պատրաստել մի փոքրիկ եզդի աղջկա՝ Արզնդայի մասին, որն Իրաքից էր եւ սրտի լուրջ արատ ուներ: Ձեր «Օդային կամուրջ Իրաք» կազմակերպության միջոցով նա Հայաստանում վիրահատվեց: Սա եզակի՞ նախաձեռնություն էր, թե՞  շարունակություն է լինելու:

 

- Իրականում ծրագիրն արդեն կա: Այն հետաձգել ենք ՔՈՎԻԴ-19-ի եւ պատերազմի պատճառով: Երբ իրավիճակը կարգավորվի, նախատեսում եմ բուժման նպատակով  երեխաներ բերել ոչ միայն Իրաքից, այլեւ բոլոր տուժած երկրներից, որովհետեւ Հայաստանում, այդ երկրների հետ համեմատ, բժշկական սարքավորումները շատ լավն են: Նկատի ունեմ՝ բուժման նպատակով որեւէ մեկին Գերմանիայից Հայաստան չեմ բերի, բայց Իրաքից՝ անպայման: Իմ այցի առաջին օրը երկու հիվանդանոցում եմ եղել, որոնք ունեին հրաշալի բժշկական անձնակազմ, սարքավորումներ, հիգիենիկ պայմաններ՝ եվրոպական չափանիշներին համապատասխան: Երբեք չեք կարող գտնել այսպիսի սարքավորումներ Իրաքում, Սիրիայում կամ Մերձավոր Արեւելքի որեւէ աղքատ երկրում:

Ծրագրում եմ ավելի շատ հիվանդներ բերել: Մեկ երեխայի հարցով արդեն զբաղվում ենք, հիվանդանոցի, դեսպանատան հաստատումը ստացել ենք: Տեսնենք՝ ՔՈՎԻԴ-ը թույլ կտա՞ իրագործել մեր ծրագրածը. ի վերջո, ՔՈՎԻԴ-ի պատճառով նույնիսկ իմ Արզնդան ստիպված եղավ ավելի քան մեկ ամիս մնալ այստեղ, մինչեւ կարողացա կազմակերպել նրա հետադարձ թռիչքը:

 

- Շնորհակալ եմ: Հուսով եմ՝ մեր հաջորդ հանդիպմանը Հայաստանում ու Արցախում ավելի լավ ժամանակներ կլինեն:

 

- Անկասկած: Մենք լիահույս ենք:

 

Միրզա Դինայիի հետ զրուցել է Լուսինե Ղարիբյանը

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին