Յոհաննես Հաան. ԵՄ-ն հպարտ է լինել Հայաստանի կարեւոր գործընկերը - Mediamax.am

exclusive
8889 դիտում

Յոհաննես Հաան. ԵՄ-ն հպարտ է լինել Հայաստանի կարեւոր գործընկերը

Յոհաննես Հաանը
Յոհաննես Հաանը

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը`


Մեդիամաքսի բացառիկ հարցազրույցը Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանի հետ։ 

 

- Դուք այցելելու եք Հայաստան հունվարի 29-ին եւ հանդիպումներ եք ունենալու նախագահ Արմեն Սարգսյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ի՞նչ առաջնային հարցեր եք քննարկելու այցի ընթացքում։

 

- Շատ ուրախ եմ հանդիպել վարչապետ Փաշինյանին եւ նախագահ Սարգսյանին՝ դեկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո։ Նոր կառավարությունը ուժեղ մանդատ է ստացել բարեփոխումների իր հանձնառությունն իրագործելու համար։ Ակնկալում եմ, որ ԵՄ-Հայաստան հարաբերություններում նոր եւ հավակնոտ գլուխ կբացվի։

 

Այս համատեքստում ծրագրում եմ քննարկել կառավարության առաջնահերթությունների եւ բարեփոխումների օրակարգը։ Նոր կառավարությունից ակնկալիքները բարձր են, եւ հիմա ժամանակն է դրանք իրագործելու համար։ ԵՄ-ն սատարում է Հայաստանի կառավարության հավակնոտ բարեփոխումներին եւ հպարտ է լինել Հայաստանի կարեւոր գործընկերն այդ գործընթացում՝ Հայաստանի քաղաքացիների կյանքում իրական փոփոխություններ ապահովելու համար։ 

 

ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը առանցքային գործիք է՝ աջակցելու վստահելի եւ հավակնոտ բարեփոխումներին եւ երկրի արդիականացմանը։ ԵՄ-Հայաստան Համագործակցության Առաջնահերթությունների հետ միասին, այն ամուր իրավական շրջանակ է ստեղծում, որը մեզ թույլ կտա բարձրացնել մեր աջակցության չափը՝ հինվելով կոնկրետ բարեփոխումների առաջարկությունների վրա այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արդարադատությունը եւ կրթությունը, ինչպես նաեւ տնտեսական եւ տարածաշրջանային զարգացումը։

 

Ես նաեւ գնահատում եմ Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը Արեւելյան Գործընկերության մեջ, որն այս տարի նշում է իր ստեղծման 10-ամյակը։

 

-Ինչպե՞ս եք գնահատում ԵՄ-Հայաստան ներկա համագործակցությունը եւ բանակցությունները։

 

-ԵՄ-ն Հայաստանի առանցքային գործընկերն է, որն աջակցում է երկրի բարեփոխումներին, ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը եւ փոխշահավետ համագործակցությանը։ Այս համատեքստում մենք էապես ավելացնում ենք աջակցությունը երկրին (որը նախորդ տարվա տարեկան €30 միլիոնից հասել է €46 միլիոնի) եւ կառավարության հետ միասին աշխատում ենք հետագա աջակցության ոլորտները նախանշելու համար։ 

 

Դեկտեմբերին մենք կառավարության հետ ստորագրել ենք € 23 միլիոն արժողությամբ փաթեթ, որն ուղղվելու է կրթությանը եւ նորարարությանը, ներառյալ՝ ԵՄ-ն նորարարության համար Թումո կենտրոնի ծրագրերը (€ 12.5 միլիոն) եւ Տավուշի մարզում ուսուցիչների վերապատրաստումը։ Սա արվում է ի հավելում կրթության ոլորտում մեր գործող համաձայնագրի՝ ընդհանուր € 15 միլիոն արժողությամբ։ 

 

2018թ. սեպտեմբերին մեկնարկած արդարադատության ոլորտի քաղաքականությանը վերաբերող երկխոսության հիման վրա՝ մենք պատրաստ ենք աջակցել այդ ոլորտի համապարփակ բարեփոխումներին, որտեղ վարչապետ Փաշինյանի առաջնորդությունը ողջունելի կլինի։ 

 

Կարեւոր է, որ մենք միասին աշխատենք՝ արդեն իսկ ամուր եւ լավ համագործակցությունը ավելի ամրացնելու եւ Հայաստան-ԵՄ հարաբերություններին նոր խթան հաղորդելու համար: Կարեւոր է նաեւ, որ մեր համագործակցությունը եւ դրանց արդյունքները լավ հաղորդվեն Հայաստանի քաղաքացիներին։ 

 

-Ոմանք ասում են, որ Արեւելյան Գործընկերության երկրները մի շարք դժվարությունների են հանդիպում իրենց եվրոպական ընտրության համար։ Այս համատեքստում, ինչպես կարող է ԵՄ-ն աջակցել այդ երկրներին՝ շարունակել իրականացնել ԱլԳ նախաձեռնությունները։ 

 

-Նախ, թույլ տվեք ընդգծել, որ Արեւելյան Գործընկերությունը հիմնված է ընդհանուր արժեքների, փոխադարձ շահերի եւ պարտավորությունների հիման վրա:

 

Այս ռազմավարական գործընկերությունը հասունացել եւ զարգացել է տարիների ընթացքում։ Մենք ունենք նոր քաղաքական եւ տնտեսական երկկողմ համաձայնագրեր, որոնք հանդիսանում են մեր հարաբերությունների եւ համագործակցության անկյունաքարերը։ 

 

Օրինակ, ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը խորացնում է մեր համագործակցությունը։ Այն ապացուցում է, որ ԵՄ-ի հետ սերտ հարաբերություններ ունենալը հակադրության մեջ չի մտնում Հայաստանի՝ Եվրասիական Տնտեսական միության անդամ լինելու հետ։ Աա նաեւ վկայում է այն մասին, որ Եվրոպական հարեւանության քաղաքականությունը տարբերակված մոտեցում է ցուցաբերում։ 

 

Յոհաննես Հաանի հետ զրուցել է Թագուհի Հովհաննիսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին