Թոմ Քաթինա. «Ամեն ինչ կունենաք, եթե հետեւեք ձեր սրտի ձայնին» - Mediamax.am

exclusive
13290 դիտում

Թոմ Քաթինա. «Ամեն ինչ կունենաք, եթե հետեւեք ձեր սրտի ձայնին»

Թոմ Քաթինան
Թոմ Քաթինան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


2018-ի դեկտեմբերի 12-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները հայտարարեցին, որ 2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան նշանակվել է նախաձեռնության նախագահ։

Նա պատասխանատու է լինելու հումանիտար շահագրգիռ կողմեր ներգրավելու, գլոբալ գործընկերների հետ աշխատելու եւ «Ավրորայի» կրթական եւ հանրամատչելի ծրագրերը վերահսկելու համար:

Բժիշկ Քաթինան Սուդանի 750 000 բնակիչ ունեցող Նուբա լեռների միակ վիրաբույժն է եւ ավելի քան կես միլիոն մարդու կյանք է փրկել տարածաշրջանի միակ՝ «Գթության մայր» հիվանդանոցում։

Դեկտեմբերի սկզբին Թոմ Քաթինան այցելել էր Հայաստան եւ զրուցել Մեդիամաքսի թղթակցի հետ:

 

- Ի՞նչ զգացիք, երբ Ձեզ առաջարկեցին «Ավրորայի» նախագահ դառնալ։

 

- Անակնկալի եկա։ Առաջին միտքը, որ գլխումս ծագեց եւ դարձավ բարձրաձայն նախադասություն, հետեւյալն էր․«Բայց ես ադմինիստրատիվ աշխատանքի ոչ մի փորձ չունեմ»։

 

Ես բժիշկ եմ։ Մշտապես զբաղվել եմ միայն բժշկական գործունեությամբ եւ վերջին շրջանում փորձում եմ կանոնակարգել այն ներդրումները, որոնք գալիս են այստեղ «Ավրորա» մրցանակին արժանանալուց հետո։ Նույնիսկ դա շատ դժվար աշխատանք է ինձ համար։

 

Այնուամենայնիվ, ինձ բացատրեցին, թե որն է լինելու իմ դերը, ինչ եմ անելու եւ ինչպես։ Եվ ես սկսեցի մտածել՝ իսկ ինչո՞ւ ոչ, գուցե այս աշխատանքի շնորհիվ ես նաեւ օգտակար լինեմ այնտեղ, որտեղ աշխատում եմ՝ Սուդանում։

 

Այնպես որ, համաձայնեցի եւ որոշեցի հասանելի լինել ու ինձանից կախված ամեն հնարավորն անել «Ավրորայի» համար։ Հույս ունեմ, որ կարող եմ օգտագործել իմ աշխատանքն ու բժշկական փորձը, որպեսզի գործն առաջ մղեմ։

 

Թոմ Քաթինա. Մտածեք, թե որն է ձեր դերը

 

- Ի՞նչ նպատակներ ունեք նոր պաշտոնում ։ 

 

- Գործի մեծ մասն իրականացվելու է Հայաստանում աշխատող թիմի հետ։ Ես պետք է լինեմ «Ավրորայի» «դեմքը», մասնակցեմ հանդիպումներին եւ կոնֆերանսներին։ Հույս ունեմ, որ մենք կկարողանանք գտնել նոր ուղիներ՝ բացատրելու՝ ինչ է անում «Ավրորան» ։

 

- «Ավրորա» մրցանակն ի՞նչ է փոխել Ձեր կյանքում ։

 

- Մրցանակն էական օգնություն էր մեր հիվանդանոցին։ Այն միայն ֆինանսական չէր։ Այն մարդկանց պատմեց Սուդանի, Նուբայի եւ այն մասին, թե ինչ է այնտեղ կատարվում։ Հրաշալի էր, որ գումարներն ուղղվեցին նաեւ այն կազմակերպություններին, որոնք ես մատնանշել էի։ Բայց «Ավրորա» մրցանակի ամենամեծ արժեքն այն էր, որ այն մարդկանց ուշադրությունն ուղղեց դեպի Նուբայի լեռների իրականություն։

 

 

- Ինչը՞ կարող է «Ավրորան» ավելի ճանաչելի դարձնել աշխարհում։

 

- Նախ եւ առաջ, պետք է ավելի շատ իրազեկել եւ բացատրել, թե ինչ է «Ավրորան», որոնք են «Ավրորայի» նպատակները, ինչպես hարաբերվել մարդասիրական համայնքի հետ, ինչ դեր ունենք աշխարհում եւ ինչ կարող ենք անել համահիմնադիրների հետ միասին։ 

 

- Տպավորություն կա, որ Սուդանի կոնֆլիկտն երբեք չի ավարտվելու, բայց Դուք, կարծես, չեք մտածում այնտեղից հեռանալու մասին։ Ինչո՞ւ։ Ձեր հավա՞տն է այդքան ուժեղ, թե՞ մեկ այլ բան։

 

- Պատասխանելը հեշտ չէ, թեեւ հարցը լավն է։ Երբեմն չափազանց մոտ եմ ասելուն՝ «այլեւս չեմ կարող շարունակել այս ամենը»։ Բայց ինչ-որ բան ինձ միշտ հետ է պահում։ Եվ այդ ժամանակ ես ասում եմ ինքս ինձ․«Բայց սպասիր մեկ րոպե, սա հենց այն է, ինչ կոչվում է կյանք»։ Եվ այդ միտքն ինձ միշտ «վերադարձնում է» երկու պատճառով։ Մեկն իմ քրիստոնեական հավատքն է, որն ասում է՝ «դու պատասխանատու ես հոգ տանել աղքատ մարդկանց մասին, դու քրիստոնյա բժիշկ ես եւ պետք է հոգ տանես այդ մարդկանց մասին»։

 

Թոմ Քաթինան Թոմ Քաթինան

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Երկրորդը՝ Նուբայում ապրող մարդիկ են։ Նրանք շատ ուժեղ են, երբեք չեն հանձնվում, այսքան տարի տառապում են, բայց շարունակում են առաջ գնալ, եւ եթե իրենք կարող են, ես էլ կարող եմ։

 

 

- Ո՞րն է եղել այն լավագույն խորհուրդը, որն երբեւէ լսել եք։

 

- Անկեղծ ասած, դուք ստիպեցիք ինձ հիշել մի բան, բայց ես ձեզ միայն խորհրդի մասին կպատմեմ։ Հետեւիր սրտիդ ձայնին։ Հետեւիր այն ամենին, ինչ զգում ես ներքուստ։ Ինչ էլ պատահի կյանքում, հետեւիր միայն այն ձայնին, որ սրտիցդ է գալիս։

 

Գուցե դու շատ լավ աշխատանք ունես եւ մեծ գումարներ ես վաստակում, բայց հարցրու ինքդ քեզ՝ ո՞րն է քո կիրքը, ո՞րն է քո սերը, եւ հետեւիր այն ամենին, ինչն իսկապես սիրում ես եւ ինչը քեզ երջանկացնում է, քեզ ստիպում է շնորհակալ լինել կյանքին։ Ամեն ինչ կունենաս, եթե հետեւես սրտիդ ձայնին։

 

- Հենց այս պահին ես զգացողություն ունեմ, որ Ձեր կյանքում եղել է մեկ օր, որ ստիպել է հասկանալ այս ամենը, եւ հենց այդ օրվանից սկսած եք հետեւել Ձեր սրտի ձայնին, եւ ամեն ինչ փոխվել է հենց այդ օրը։

 

- Բարդ հարց է։ Գուցե դա այն օրն էր, երբ Նուբայի լեռներում մարտեր սկսեցին, եւ իմ կազմակերպությունն ինձ ասաց, որ պետք է հեռանամ այնտեղից։ Հարցրեցի ինքս ինձ․«Լավ, իսկ ո՞վ ես դու։ Ո՞րն է քո կրոնը, եւ ի՞նչ ես դու անում։ Եթե ես լքեմ, նշանակում է՝ մարդկանց պետք է ասեմ, որ իմ կյանքն ավելի կարեւոր է, քան իրենցը»։

 

Թոմ Քաթինան Թոմ Քաթինան

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Այդ ժամանակ Նուբայում միակ բժիշկն էի։ Եվ ես պարզապես խնդրեցի թույլ տալ ինձ մնալ Նուբայում եւ հոգ տանել մարդկանց մասին ու անել ամեն հնարավորը նրանց համար։

 

Կարծում եմ, այդ որոշումն ինձ քաջություն տվեց եւ ամրապնդեց իմ հավատը Աստծու հանդեպ։ Դա ճշմարտության պահն էր, որ եղավ 2008 թվականին:

 

- Գուցե աշխարհն ավելի՞ շատ Ձեր տեսակի կարիքն ունի հենց հիմա։ Կամ, առհասարակ, ինչի՞ կարիքն ունի այս աշխարհը։

 

- Գիտե՞ք ինչ, գուցե քաղաքական առումով կոռեկտ չէ այս մասին բարձրաձայնելը, բայց կարծում եմ, որ կրոնի կորուստն այս աշխարհն ավելի աշխարհիկ է դարձրել, եւ սա մեծ խնդիր է։

 

Ես մարդկանց ինչ-որ բան պարտադրել չեմ կարող, բայց որպես միսիոներ ես կուզեի, որ նրանք պարզապես մտածեն այս մասին։ Մտածեն կրոնի եւ այն մասին, թե Աստվածն ինչ դեր ունի իրենց կյանքում։ Հստակեցնեն դա իրենց համար։ Եթե մարդիկ իսկապես հետեւեին Քրիստոսի ուսմունքին, գուցե այսքան հակամարտություններ չլինեին։ Մենք պետք է հոգ տանենք աղքատների մասին, եւ ագահությունը կվերանա։

 

- Նուբայում իրավիճակը փոխվե՞լ է։

 

- Քաղաքացիական պատերազմը դեռ ընթանում է, ինչը նշանակում է, որ խաղաղություն չկա։ Դժբախտաբար, կողմերի միջեւ բանակցությունները ոչ մի արդյունք չեն տալիս։ Այնպես որ, վախենում եմ, որ կռիվը նորից է սկսվելու, թեեւ խաղաղության հույսն էլ չեմ կորցնում։

 

- Ձեր «Գթության մայր» հիվանդանոցում ամենաշատն ինչի՞ կարիքն ունեք հիմա։

 

- Մենք մեծ գումարների կարիք ունենք։ Մեր հիվանդանոցը չափազանց մեծ է, տարեկան սպասարկում ենք 25 հազար հիվանդի եւ 2000-ից ավելի վիրահատություններ ենք իրականացնում։ Եթե համեմատենք, օրինակ, Հայաստանի հիվանդանոցների հետ, այնտեղ այդ ամենը 25 անգամ ավելի թանկ է։

 

Թոմ Քաթինան Թոմ Քաթինան

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Մենք մեծ միջազգային հովանավորներ չունենք։ Սուդանի կառավարությունը փորձում է ոչնչացնել մեզ, այնպես որ մենք նրանցից որեւէ աջակցություն չենք ստանում։ Մենք գոյատեւում ենք միայն մասնավոր նվիրատվությունների շնորհիվ:

 

- Ձեր կինը՝ Նասիման Նուբայից է։ Ի՞նչ տպավորություններով էր հեռացել Հայաստանից նախորդ այցից հետո։

 

- Նա շատ դրական է տրամադրված Հայաստանի հանդեպ եւ հրաշալի ժամանակ անցկացրեց, երբ ամռանը եկել էինք Հայաստան «Ավրորա» մրցանակաբաշխությանը մասնակցելու։ Նախկինում նա երբեք չէր լքել Սուդանը, այնպես որ ճանապարհորդությունը Հայաստան նաեւ արկած էր իր համար։ Նասիման պարզապես երջանիկ էր կյանքի այլ տեսակ բացահայտելու համար։

 

- Գիտեմ, որ նա ընկերացել է այն հայ բժիշկների հետ, որոնք 2017-ին Երեւանից եկել էին Նուբա, որպեսզի փոխարինեն ձեզ, երբ առաջին անգամ գալիս էիք Հայաստան։ Կապը պահպանո՞ւմ եք։

 

- Ես իսկապես կարոտում եմ նրանց եւ հույս ունեմ, որ ժամանակ կունենամ հանդիպել Հայկին, Արմինեին եւ Գեւորգին ու զրուցել նրանց հետ։ Նրանք հրաշալի մարդիկ են, եւ Նասիման իսկապես շատ է կարոտում նրանց։

 

 

- Դուք արդեն չորրորդ անգամ եք Հայաստան այցելում։ Փոփոխություններ նկատո՞ւմ եք։

 

- Նկատում եմ, որ Հայաստանում փոխվել է մարդկանց տրամադրությունը, այն ավելի դրական է հիմա։ Ամեն ինչ ավելի դրական է թվում։ Նախկինում շատերը ապագային հոռետեսությամբ էին նայում, իսկ հիմա իրավիճակը էապես փոխվել է։

 

Թոմ Քաթինայի հետ զրուցել է Լուսին Մկրտչյանը։

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին