Թոմ Քաթինա. «Մի վախեցեք ընդունել տառապանքը» - Mediamax.am

3022 դիտում

Թոմ Քաթինա. «Մի վախեցեք ընդունել տառապանքը»


Լուսանկարը` Ավրորա


Հունիսի 8-ի երեկոյան մեկնարկել է «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը: Այն այս տարի անցկացվելու է որպես եռագրության: Առաջին մասը՝ «Ավրորա՝ մեծարելով մարդասերներին» միջոցառումն էր, որի ընթացքում ներկայացվել են մրցանակի երեք հերոսները՝ Չո Լա Աունը, Սունիտա Քրիշնանը եւ Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլյոն:

Միջոցառմանը ներկա էին նաեւ «Ավրորա»-ի նախորդ երկու տարիների հաղթողները՝ Մարգարիտ Բարանկիցեն եւ Թոմ Քաթինան: Երբ միջոցառումը վարող Washington Post թերթի սունյակագիր Դեւվիդ Իգնաթիուսը բժիշկ Քաթինային ներկայացնելիս նշեց, թե նրա կատարած աշխատանքով հպարտանալը բավարար չէ, բժիշկն ընդդմիացավ՝ ես սովորական մարդ եմ:

 

«Ցանկացած մարդ կարող է անել այն, ինչ մենք ենք անում: Ես ուզում եմ խրախուսել բոլորին, հատկապես՝ երիտասարդներին. գոտեպնդվե՛ք, զինվե՛ք քաջությամբ, դուք կարող եք անել դա, գերհատկություններ պետք չեն, վերցրեք անելիքի ձեր բաժինը եւ արեք: Աշխարհում անհավատալի շատ տառապանք կա, Սուդանում մենք ամեն օր առերեսվում ենք քաղցի, պատերազմի, գրոհների հետ, եւ թվում է՝ դրանք վերջ չեն ունենալու: Չնայած այդ ամենին՝ մի վախեցեք ընդունել տառապանքը, որպեսզի կարողանաք օգնել ուրիշին: Կտեսնեք, որ դա կօգնի հաղթահարել ցանկացած բացասական երեւույթ»,- ասել է բժիշկ Քաթինան:

 

Մեծարման երեկոյի ընթացքում հայտարարվել է IDeA հիմնադրամի նոր նախաձեռնության մասին: Ի երախտագիտություն Սպիտակի երկրաշարժին հայերին օգնած մարդկանց՝ Գյումրիում բացվելու է «Բարեկամություն» զբոսայգի: «Ավրորա»-ի գործընկեր եւ բարեկամ Միխայիլ Կուսնիրովիչը զբոսայգուն նվիրելու է ժամանակակից ատրակցիոններ:

 

Զբոսայգու ստեղծման աշխատանքները մեկնարկելու են 2018թ․ հոկտեմբերին: Բացումը նախատեսվում է 2019-ի հունիսին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին