Տ. Մեսրոպ քահանա Արամյան. «FAST-ը ռազմավարական ծրագիր է» - Mediamax.am

exclusive
39315 դիտում

Տ. Մեսրոպ քահանա Արամյան. «FAST-ը ռազմավարական ծրագիր է»

Տ. Մեսրոպ քահանա Արամյանը
Տ. Մեսրոպ քահանա Արամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Մեդիամաքսի հարցազրույցը ՀՀ նախագահի կրթության գծով խորհրդական, «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր եւ «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահի հետ

 

- Հուլիսին Ռուբեն Վարդանյանը հայտարարեց FAST հիմնադրամ ստեղծելու մտադրության մասին, որն, իր խոսքերով, պետք է Հայաստանի տեխնոլոգիական ճեղքման հիմքը դառնա: Գիտեմ, որ ակտիվ ու անմիջական մասնակցություն եք ունեցել FAST-ի գաղափարի մշակմանը եւ վերջերս էլ քննարկել եք հետագա քայլերը Ռուբեն Վարդանյանի եւ այլ գործընկերների հետ: Ի՞նչ հանգրվանի են հասել քննարկումները:

 

- Այս պահին հստակեցվում են ծրագրի հիմնական ուղղությունները, գործունեության փուլերը եւ ճշգրտվում են հիմնադիրների, ներդրողների եւ գործընկերների հավանական շրջանակները: Ցանկանում եմ շեշտել, որ FAST-ը լուրջ համախմբում պահանջող նախաձեռնություն է: Կան կազմակերպություններ եւ անհատներ, որոնք արդեն որոշակի հետաքրքրություն են դրսեւորել ծրագրի նկատմամբ:

 

Բնականաբար, ծրագրի արդյունավետությունը մեծապես կախված է լինելու ոչ միայն անհրաժեշտ ներդրումների ծավալներն ապահովելուց, այլեւ իրականացնող թիմից, փորձագետներից:

 

FAST-ի հաջող մեկնարկի համար որոշիչ է լինելու աշխարհասփյուռ հայության գիտակրթական, տեխնոլոգիական եւ նորարարական ներուժի համախմբումը:

 

- Մեր նորագույն պատմության մեջ քիչ են դեպքերը, երբ տարբեր ոլորտներում հաջողած մարդիկ կարողանում են միավորվել, «կոալիցիա» կազմել եւ հաջողության հասնել նաեւ համատեղ: Ի՞նչ երաշխիքներ կան, որ այս նախաձեռնությունն իսկապես աշխատող կլինի:

 

- Մենք իսկապես հաջողության պատմությունների միավորման կարիք ունենք:

 

Յուրաքանչյուր հաջողության պատմություն, ըստ էության, հավատքի եւ հույսի պատմություն է մեր երկրի համար: Հաջողության պատմություններ ունենք ոչ միայն Հայաստանում, այլեւ սփյուռքում: Դրանք երբեմն տեսանելի են, երբեմն` ոչ այնքան: Երբ այդ պատմությունները առանձին-առանձին ես ներկայացնում, մարդիկ ասում են` այո, շատ լավ է, բայց «մի ծաղկով գարուն չի գա»: Առավել համոզիչ է, երբ ցույց ես տալիս հաջողության միասնական պատկերը:

Տ. Մեսրոպ քահանա Արամյանը Տ. Մեսրոպ քահանա Արամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վերջերս Հայաստանի վերաբերյալ մի պրեզենտացիա էի պատրաստել, որը ներկայացրել եմ ամերիկյան մի շարք հանրահայտ գիտական եւ կրթական կենտրոններում կազմակերպված հանդիպումների ժամանակ: Փորձել եմ ներկայացնել Հայաստանը տասը տարի հետո` հիմնված վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանում իրագործված հաջողության պատմությունների վրա: Ներկայացվածը մեր ապագայի երեւակայական, բայց հավանական եւ իրատեսական պատկեր է, որովհետեւ այդ պատկերի յուրաքանչյուր բաղադրիչ բխում է այսօր Հայաստանում առկա հաջողության պատմություններից: Հավատացեք, որ այդ բազմամարդ հավաքների մասնակիցների համար իսկապես հայտնություն էր այդպիսի Հայաստան տեսնելը: Չէ՞ որ նրանք գտնվում են անընդհատ Հայաստանից եկող բացասական տեղեկատվության տարափի տակ, իսկ դրականը ո՛չ հավաքող կա, ո՛չ էլ կարծես տեր ունի: Նրանք զարմացած էին ոչ միայն տպավորիչ ծրագրերի պատկերից, այլեւ դրանք իրագործող «խենթերի» քանակից, ովքեր, հակառակ բոլոր հոռետեսական տրամադրությունների, առանց հաշվի առնելու հովանավորչության, օլիգարխիայի եւ կոռուպցիայի «անհաղթահարելի» պատնեշները, փորձում են առաջ գնալ: Եթե չլինեին այդպիսի մարդիկ, չէին ստեղծվի «Այբ»-ը, Թումոն կամ UWC Dilijan քոլեջը: Չէին ստեղծվի նաեւ բազմաթիվ տեխնոլոգիական ընկերություններ, որոնք տպավորիչ արդյունքներ եւ տնտեսական աճ են գրանցում: Հայաստանում բարձր տեխնոլոգիաների սեգմենտի տարեկան 20-25% աճը համաշխարհային առումով էլ բացառիկ երեւույթ է:

 

Տեխնոլոգիաների եւ կրթության ոլորտում կատարվում են հետաքրքիր փոփոխություններ, իսկ մեր երկրի ապագան միանշանակ կապված է այդ ոլորտների հետ: Դարեր շարունակ սա եղել է մեր առանձնահատկությունը, մեր մրցակցային առավելությունը: Հաճախ չունենալով պետականություն` ունեցել ենք լավ կրթություն, գիտություն, արվեստ եւ արհեստներ, ունեցել ենք արարելու զարմանալի ունակություններ եւ կարողացել ենք հաջողության պատմություններ կերտել:

 

Հիմա էլ նույն ոգով պետք է առաջնորդվենք: Իհարկե, այս ամենին պետք է մեծ թափ հաղորդել, լուրջ ներդրումներ կատարել, ոլորտի զարգացման ծրագրեր ունենալ՝ ամեն ինչ պետք չէ թողնել ինքնահոսի կամ էլ անհատների եւ առանձին համայնքների հույսին:

 

Շատերը մտածում են, որ հիմա վատն այնքան շատ է, որ նրանում լավն էլ կկորչի: Բայց դա այդպես չէ: Որովհետեւ լավի հետեւում կա հավատք, ներշնչանք եւ գործ: Միայն պետք է լավը միավորել եւ ապահովել կրիտիկական զանգված:

 

- Շատ կարեւոր է նաեւ FAST-ի ֆինանսավորման հարցը եւ աղբյուրները: Ռուբեն Վարդանյանը հայտարարել է $ 10 մլն ներդնելու պատրաստակամության մասին, որին պետք է հաջորդի միջոցների հավաքագրման գլոբալ արշավի կազմակերպումը՝ հիմնադրամի ծավալը երեք տարվա ընթացքում մինչեւ $ 200 մլն հասցնելու նպատակով։ Ենթադրում եմ, որ այս գումարի մեծ մասը պետք է հավաքագրվի սփյուռքի միջոցով: Այսօր շատերը պնդում են, որ «սփյուռքը հիասթափված է» եւ ցանկություն չունի գումարներ ներդնել Հայաստանում:

 

- Կարծում եմ՝ սա վստահության հարց է: Եթե այս նախաձեռնության շուրջ հավաքված լինեն այն անհատներն ու կազմակերպությունները, որոնք երկար տարիներ հավատք են ներշնչել սփյուռքին իրենց գործերով եւ արդյունքներով, ապա, կարծում եմ, կհաջողվի: Մարդիկ սիրում են գումարը լավ ու պայծառ գաղափարների համար ներդնել եւ չեն սիրում խաբված լինել: Այդ առումով կարեւոր է այս նախաձեռնության մեջ վստահության կրիտիկական զանգված հավաքագրել, եւ մենք փորձելու ենք դա անել:

 

«Այբ» եւ «Լույս» հիմնադրամները աջակցում են եւ պատրաստ են իրենց ներդրումը բերելու այս ռազմավարական նախաձեռնությանը, որի նպատակը Հայաստանի ապագան է: Իհարկե, վաղվա խնդիրները ծրագրելիս պետք չէ մոռանալ այսօրվա մասին: Ուզում են հիշեցնել, որ FAST նախաձեռնության անհրաժեշտությունն առաջացել է հենց ապրիլյան պատերազմի վերլուծությունների արդյունքում: Եվ այսօր շատ մարդիկ կան, այդ թվում` «Այբ» համայնքում, ովքեր ցանկանում են իրենց մասնակցությունն ունենալ այսօրվա ռազմարդյունաբերական խնդիրների անմիջական լուծման գործում:

 

Կան նաեւ հստակ օրինակներ․«Այբ» համայնքի հիմնադիրներից Դավիթ Փախչանյանը, թողնելով իր աշխատանքը Մոսկվայում, ստանձնել է Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը՝ նպատակ ունենալով նպաստել մեր ռազմարդյունաբերության զարգացմանը:

Տ. Մեսրոպ քահանա Արամյանը Տ. Մեսրոպ քահանա Արամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այսուհանդերձ, կուզենայի շեշտել, որ այսօրվա որեւէ լուծում արդյունավետ չի լինի, եթե մենք հիմնավոր ծրագրեր չունենք վաղվա վերաբերյալ: Ուստի բոլորին կոչ ենք անում հնարավորության սահմաններում համախմբվել մեր հայրենիքի գիտատեխնոլոգիական զարգացմանը նվիրված այս կարեւոր նախաձեռնության շուրջ:

 

Վերադառնալով միջոցների հավաքագրմանը՝ պետք է ասեմ, որ որպես աղբյուր պետք չէ դիտարկել միայն սփյուռքը: Հայաստանում էլ կան ընկերություններ եւ անհատներ, որոնք պատրաստ կլինեն որոշակի ներդրում ունենալ:

 

Վստահ եմ, որ պետությունն էլ իր աջակցությունը կբերի այս ծրագրին, քանի որ առանց այդ աջակցության նմանօրինակ ծավալուն ծրագրերը չեն կարող հաջողություն ունենալ:

 

Արդեն 25 տարի է Հայաստանում աշխատում եմ հոռետեսական կանխատեսումների պայմաններում: Սակայն անելանելիության ու հուսահատության խավարը հաղթահարվում է միայն լույսին հասնելու պատրաստակամությամբ ու աշխատանքով: Մենք պետք հասկանանք, որ ամեն բարձր բան երազանքի եւ հավատքի արդյունք է: Ազգը չի կարող գոյություն ունենալ առանց բարձր նպատակների, երազանքի ու տեսլականի: Սոսկ անցյալով միավորված լինելը միայն կթուլացնի մեզ: Առավել հզոր են այն ազգերը, որոնք ունեն ապագայի տեսլական եւ ամեն օր աշխատում են դրա համար:

Տ. Մեսրոպ քահանա Արամյանը Տ. Մեսրոպ քահանա Արամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Թույլ տվեք ասել, որ անընդհատ մեր անմիաբանությունից բողոքողները լավ չեն ճանաչում մեր ժողովրդին եւ հարմար պատրվակ են փնտրում ոչինչ չանելու համար: Հայերն իրականում ունեն միավորվելու մեծ ներուժ: Միայն խաղի կանոնները պետք է ազնիվ լինեն: «Այբ»-ի օրինակով կարող եմ ասել, որ մի քանի ընկերոջից սկսած նախաձեռնությունը շատ արագ վերածվեց մի մեծ շարժման, որում այսօր հարյուրավոր անհատներ եւ կազմակերպություններ կան: Նրանք միավորվել են մեկ տեսլականի շուրջ՝ կերտել ուսյալ եւ բարոյապես ամուր սերունդ, որը կարող է ստանձնել ապագայի պատասխանատվությունը: Իսկ ինչո՞ւ մարդիկ միավորվեցին. որովհետեւ նրանք տեսան, որ դա իրենց երեխաների եւ իրենց երազած երկրի ապագան է: Մեզ հարկավոր են բարձր նպատակներ եւ ներշնչանքներ:

 

- Պետության հետ համագործակցությունը իսկապես կարեւոր եւ բազմաշերտ հարց է: Բնական է, որ այս նախաձեռնությունը չի կարող գոյություն ունենալ, եթե չլինի պետական աջակցություն, սակայն այդ աջակցության ձեւերն ու մեխանիզմները կարեւոր է հստակեցնել հենց սկզբից: Օրինակ, շատ է խոսվում, որ Գիտությունների ազգային ակադեմիան հնացած կառույց է, որն իրականում գիտության զարգացմանը չի նպաստում: Բայց վստահ եմ, որ ակադեմիայի համակարգում կան կարող ու տաղանդավոր ուժեր, գործուն կառույցներ: Ի՞նչ պետք է անել, որ նրանք իրենց անտեսված չզգան եւ, ընդհակառակը, համագործակցեն FAST հիմնադրամի հետ:

 

- FAST-ի նպատակն է մրցունակ տեխնոլոգիաներ ստեղծել, որոնք պահանջված կլինեն ոչ միայն Հայաստանում, այլեւ համաշխարհային շուկայում: Այսօրվա խիստ մրցակցային աշխարհում քո տեղը գտնելը դյուրին գործ չէ: Հաջողության հասնելու միակ պայմանը լավագույնին ձգտելն է: Ուստի պետք է սահմանված լինեն որակական խիստ չափանիշներ եւ հստակ չափելի վերջնարդյունքներ:

 

Իհարկե, FAST-ը պետք է իր շուրջ համախմբի Հայաստանի գիտական եւ ինժեներական ներուժը: Սակայն պետք չէ մոռանալ, որ մենք ունենք մեծ սփյուռք եւ տարբեր երկրներում մեծ հաջողությունների հասած մասնագետներ, որոնց հետ համագործակցությունը սկզբունքային նշանակություն է ունենալու այս ծրագրի իրագործման համար: Պետք է նաեւ աշխատել միջազգային հեղինակավոր ընկերությունների հետ եւ նրանց համար Հայաստանը գրավիչ դարձնել:

 

- Տեխնոլոգիական զարգացման արեւմտյան մոդելն այնպիսին է, որ տաղանդները ծնվում եւ «եփվում են» համալսարաններում, որոնց շուրջ ստեղծվում են հիմնադրամներ ու ընկերություններ: Հասկանալի պատճառներով, մեզ մոտ բուհերը նման «կաթսաների» դեր չունեն: Կարո՞ղ ենք հուսալ, որ FAST-ը կնպաստի նաեւ այդ մթնոլորտի ստեղծմանը:

 

- Հնարավոր չէ տեխնոլոգիական զարգացում ապահովել, եթե դրա համար չկան լուրջ կրթական նախադրյալներ՝ դպրոցից մինչեւ համալսարան: Տեխնոլոգիական կրթության զարգացումը FAST-ի գործունեության հիմնական ուղղություններից մեկն է: Փորձելու ենք եղած բուհերի առանձին ճյուղեր ուժեղացնել, ինչպես նաեւ լրջորեն քննարկվում է Հայաստանում տեխնոլոգիական համալսարան ունենալու գաղափարը:

 

Երբ գարնանը ՀՀ նախագահի հետ այցելեցինք Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (MIT), հիմնական նպատակն այն էր, որ օգտագործելով մեր կապերը եւ հնարավորությունները, Հայաստանում կարողանանք ստեղծել միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող տեխնոլոգիական համալսարան: Ի վերջո, եթե FAST-ը զարգանա, հասնի բաղձալի ծավալների եւ կարողանա կյանքի կոչել այդպիսի մի կրթական հաստատություն, ապա կարծում եմ, որ դա կլինի այդ նախաձեռնության մեծագույն արդյունքը:

 

MIT-ի կամպուսի մեկ քառակուսի մետրի վրա ամենաշատ տեխնոլոգիաներն են ստեղծվում: Այն պարզապես կրթական հաստատություն չէ, այլ տեխնոլոգիա եւ տեխնոլոգիական բիզնես գեներացնող միջավայր: Առաջին կուրսից ուսանողը սովորում է ոչ միայն գիտություն, այլ նաեւ գիտությունը կիրառելու հմտություններ: Այսինքն՝ շղթան ամբողջական է դառնում:

Տ. Մեսրոպ քահանա Արամյանը Տ. Մեսրոպ քահանա Արամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մենք էլ կարիք ունենք ձեւավորելու այդպիսի կրթական մշակույթ: Ճանաչողությունը պետք է գործնական արդյունքի վերածվի: Այսօր նախագծային ուսուցումը արդեն դարձել է առաջատար դպրոցական կրթության առանցքը: Նախագծերը դպրոց են մտնում ժամանակակից կյանքի պահանջները եւ կրթությունը համապատասխանեցնելու անհրաժեշտությունից, եւ արդյունքում դպրոցական կրթությունը դառնում է ավելի ստեղծարար եւ արդյունավետ: Բնականաբար, այսօր այդ ծրագրերի մեծ մասը կապված է ժամանակակից տեխնոլոգիաների հետ: Բարձրագույն կրթությունն առավել ևս պետք է արտացոլի ժամանակակից կյանքի այս զարգացումները, որպեսզի կարողանա համապատասխան մասնագետներ արտադրել: Այսօր ակնհայտ է, որ մեր բարձրագույն կրթությունը հիմնովին վերափոխվելու կարիք ունի: Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտը առաջ է ընկել կրթությունից, եւ բուհերը չեն հասցնում բավարար չափով որակյալ մասնագետներ պատրաստել: Սա Հայաստանում բարձր տեխնոլոգիաների եւ առհասարակ մեր տնտեսության զարգացման մեծագույն մարտահրավերներից մեկն է:

 

Տեր Մեսրոպ քահանա Արամյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին