Գործարար եւ բարերար, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDeA) համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը Մեդիամաքսին
- Ապրիլյան պատերազմից երեք ամիս է անցել։ Այդ ընթացքում տարբեր կարծիքներ են հնչել պատերազմի ընթացքում ի հայտ եկած խնդիրների ու բացթողումների մասին։ Որո՞նք են, ըստ Ձեզ, այն հիմնական եզրակացությունները, որ պետք է անենք ապրիլյան պատերազմի համատեքստում։
- Ապրիլյան պատերազմի գլխավոր դասն ակնհայտ է. մեզ ուժեղ Հայաստան է հարկավոր, որը մեր փոխարեն ոչ ոք չի կերտելու։ Միայն ուժեղ Հայաստանը մեզ թույլ կտա խուսափել պատերազմից, խաղաղ ճանապարհով պաշտպանել մեր շահերը եւ գտնել ազգի ու երկրի համար ընդունելի փոխզիջումային լուծումը։
Միայն այդպես մենք կարող ենք վստահ լինել, որ հակառակ կողմը պատասխանատվությամբ կմոտենա իր ստանձնած պարտավորություններին, այլ
ոչ թե հարմար պահի կսպասի նոր ռազմական արկածախնդրության համար, իսկ միջազգային միջնորդները հարգանքով կվերաբերեն Հայաստանի ու Արցախի դիրքորոշմանը։
Կարծում եմ, ազգային առաջնահերթություններ պետք է դառնան հայկական գիտության վերածնունդը եւ Հայաստանում տեխնոլոգիական արդյունաբերության ստեղծումը, ինչի անհրաժեշտությունն ակնհայտ դարձավ ապրիլյան դեպքերի լույսի ներքո։ Էական արդյունքների հնարավոր է հասնել արդեն 5-10 տարվա ընթացքում, սակայն սկսել պետք է այսօր։
Մենք պետք է հնարավորություն տանք հայ գիտնականներին, հատկապես` երիտասարդներին, ֆունդամենտալ եւ կիրառական հետազոտություններ կատարել, մշակումներ ու գյուտեր անել, սեփական գիտական ու հետազոտական ներուժը օգտագործել ազգային կարեւորագույն խնդիրների լուծման համար։
Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ գիտական մշակումների հետեւողական ներդրումը տնտեսության բոլոր ոլորտներում սիներգետիկ արդյունք է ապահովում դրանց զարգացման համար։
- Ինչպե՞ս եք Դուք եւ IDeA հիմնադրամը մտադիր մասնակցել Հայաստանի գիտական եւ տեխնոլոգիական զարգացման ապահովմանը։
- Այս պահին IDeA հիմնադրամը գործընկերների հետ ավարտին է հասցնում Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology-FAST) գործարկման հարցերը, որն ուղղված է Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունների համար միջավայր զարգացնելուն եւ հայաստանյան ու միջազգային գիտական հանրությունների գիտական, տեխնոլոգիական ու ֆինանսական ռեսուրսները մոբիլիզացնելուն։
FAST-ը պետք է դառնա Հայաստանում ՏՏ, համակարգչային գիտությունների, արհեստական ինտելեկտի, բարձր տեխնոլոգիական նյութերի, ռոբոտիկայի, առաջատար ինժեներային ու արտադրական տեխնոլոգիաների ոլորտում տեխնոլոգիական Ճեղքման հիմքը:
Մենք դիտարկում ենք հիմնադրամի զարգացման համար $10 մլն-ի չափով առաջնային ֆինանսավորման տրամադրման հնարավորությունը եւ հաջորդիվ
միջոցների հավաքագրման գլոբալ արշավի կազմակերպումը՝ հիմնադրամի ծավալը երեք տարվա ընթացքում մինչեւ $200 մլն հասցնելու նպատակով։ Քննարկվող մոդելի համաձայն, FAST-ը կարող է դառնալ խառը գրանտա-վենչուրային ֆինանսավորման գործիք, իսկ հիմնադրամի կառավարումը կիրականացվի խորհրդատվական խորհրդի կողմից։ Դրա կազմում հիմնադիրներից բացի կընդգրկվեն անվանի հայեր Հայաստանից եւ Սփյուռքից, ովքեր հաջողության են հասել գիտության, տեխնոլոգիաների, վենչուրային ինդուստրիայի եւ գործարարության ոլորտներում։ Մենք կապահովենք հիմնադրամի կառավարումը արդյունավետության, անկախության ու թափանցիկության ամենաբարձր ստանդարտներին համապատասխան։
- Ինչպե՞ս են կառուցվելու նոր հիմնադրամի հարաբերությունները պետության հետ։
- Գիտատեխնիկական հիմնադրամի հաջող աշխատանքը հնարավոր է միայն մասնավոր-պետական համագործակցության ձեւաչափում, եւ ներկա պահին մենք ակտիվորեն քննարկում ենք այդ հարցերը Հայաստանի ղեկավարության հետ։ Մեր կարծիքով, անհրաժեշտ է պետության ակտիվ ներգրավումը ամենատարբեր մակարդակներում՝ հեռանկարային գիտական ծրագրերի հավաքագրումից մինչեւ պետպատվերի ձեւավորումը կարեւորագույն մշակումների համար։ Խոսքը գիտատեխնոլոգիական ոլորտին համակարգային աջակցություն ցուցաբերելու մասին է բոլոր մակարդակներում՝ կառավարության ամենօրյա աշխատանքում։
Միաժամանակ, FAST-ին կամ որեւէ այլ տեխնոլոգիական նախաձեռնությանը աջակցելով, պետությունը պետք է հստակ պահպանի օրենքի գերակայության, բաց տնտեսության եւ ազատ մրցակցության սկզբունքները։ Դա թույլ կտա ստեղծել առավել բարենպաստ էկոհամակարգ լավագույն ուղեղները ներգրավվելու համար, ովքեր կստեղծագործեն եւ բացառիկ նախագծեր կիրագործեն Հայաստանում։
- Իսկ ինչպե՞ս եք դուք փոխգործակցելու Հայաստանի գիտական եւ տեխնոլոգիական հանրությունների անդամների հետ։
- Մենք պետք է բոլոր հնարավոր ջանքերը գործադրենք, որպեսզի FAST-ը հետաքրքիր դառնա միջազգային բարձրակարգ մասնագետների, եւ, առաջին հերթին, մեր Սփյուռքի ներկայացուցիչների համար։ Մենք պետք է կրկին մեզ դրսեւորենք որպես նորարարների ու գործարարների ազգ, որն իր ստեղծագործական ներուժը կյանքի է կոչում սեփական երկրում, եւ ոչ միայն նրա սահմաններից դուրս։
FAST-ի տեսլականի հիմնական նպատակն է միավորել պետությունն ու մասնավոր հատվածը, եկեղեցին, լայն հասարակությունն ու էլիտան, Հայաստանի քաղաքացիներին ու Սփյուռքը, մեր արտասահմանյան գործընկերներին, նվիրատուներին ու միջազգային կազմակերպություններին, որպեսզի միացյալ ուժերով պայմաններ եւ մեխանիզմներ ստեղծենք Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական ու նորարարական կենտրոն դարձնելու համար։
Խոսքը պետք է գնա յուրատեսակ «լայն կոալիցիայի» մասին, որի մասնակիցները կլինեն կրթական կազմակերպությունները, առաջատար ՏՏ-ընկերությունները եւ մասնագիտական միավորումները, կապի օպերատորները։
Մենք մեր առջեւ բավականին բարդ խնդիր ենք դնում, որը լուծելու համար ստիպված ենք լինելու բազմաթիվ խոչընդոտներ եւ դժվարություններ հաղթահարել։ Սակայն միջակ դերակատար մնալու այլընտրանքը ոչ միայն անընդունելի է, այլեւ վտանգավոր։ Մենք իրավամբ հպարտանում ենք մեր անցյալով, սակայն դա բավարար չէ։ Միայն միասնաբար գործելով մենք կարող ենք ստեղծել այնպիսի ապագա, որում կվերագտնենք առաջատար դիրքերը եւ նոր խոսք կասենք գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում։
Ռուբեն Վարդանյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: