Րաֆֆի Գրիգորյան. «Երբեմն չարաշահում եւ արժեզրկում ենք «ընկեր» բառը» - Mediamax.am

exclusive
13103 դիտում

Րաֆֆի Գրիգորյան. «Երբեմն չարաշահում եւ արժեզրկում ենք «ընկեր» բառը»

Րաֆֆի Գրիգորյանը
Րաֆֆի Գրիգորյանը

Լուսանկարը` http://www.wired.com/

Լուսանկարը`


Մեդիամաքսի հարցազրույցը Թվիթերի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանի հետ

 

- Դուք դասախոսություններ եք կարդացել Թումո կենտրոնի կազմակերպած աշխատաժողովների եւ սեմինարների ժամանակ: Ի՞նչ եք կարծում՝ անկախ բոլոր դժվարություններից՝ (ներառյալ աշխարհագրական եւ աշխարհաքաղաքական) Հայաստանը շանս ունի՞ տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում:

 

- Միանգամայն: ՏՏ ոլորտն ապակենտրոնացված է` մենք աշխատում ենք հաղորդակցության վրա, իսկ հաղորդակցությունն ամենուր է:

 

- Գաղտնիք չէ, որ Միացյալ Նահանգները եւ մասնավորապես Սիլիկոնյան հովիտը շատ գրավիչ է ծրագրավորողների եւ ինժեներների համար: Ի՞նչ կարելի է անել, որպեսզի նրանք ԱՄՆ գնալու փոխարեն մնան Հայաստանում եւ իրենց գործունեությունը ծավալեն այստեղ:

 

- Հեշտ է ցանկանալ գնալ Միացյալ Նահանգներ, որտեղ մեծ գումարներ են վճարում արդյունավետ աշխատանքի դիմաց: Օրինակ, ես յուրահատուկ հնարավորություն ունեմ բավականին մեծ գումարներ վճարել: Այնուամենայնիվ, մի շարք փոքր նախագծեր կան, որոնք կարող են մեծ հաջողություններ ունենալ Հայաստանում:

 

Մարդիկ գնում են Սիլիկոնյան հովիտ եւ մի քանի տարի անց հետ են վերադառնում, քանի որ այնտեղ հնարավորությունները շատ չեն. արդեն իսկ բավականաչափ մարդ է աշխատում խոշոր ընկերություններում: Մյուս կողմից՝ Սիլիկոնյան հովտում բազմաթիվ հնարավորություններ կան, քանի որ միլիոնավոր սթարթափներ կան այնտեղ:

 

Հայաստանում մարդիկ ուզում են իրենց ընտանիքիներին մոտ լինել, նրանց դուր է գալիս իրենց կենսակերպը: Եվ եթե մենք կենտրոնանանք աշխարհագրության «վերացման» վրա, ինչը ինտերնետի նպատակն է, ապա, իհարկե, շանս կա, որ մարդիկ կմնան Հայաստանում եւ պատճառ չի լինի հեռանալու:

 

- Ինչպե՞ս եք Ձեզ զգում Հայաստանում: Զգու՞մ եք արդյոք, որ այն Ձեր պատմական հայրենիքն է:

 

- Անցյալ գիշեր հենց այդ մասին էի խոսում կնոջս հետ (նա բրիտանուհի է): Ասում էի՝ համակցված զգացում ունեմ, թե պատկանում եմ եւ միեւնույն ժամանակ չեմ պատկանում այս հողին:

 

Ես չեմ ապրում Լոս Անջելեսում կամ Բոստոնում, որտեղ հայկական մեծ համայնք կա: Աշխատում եմ Սան Ֆրանցիսկոյում, իսկ ընտանիքս ապրում է Փիթսբուրգում:

 

Այնուամենայնիվ, այստեղի մարդիկ ինձ նման են, նրանք ինձ նման են խոսում (ես հայերեն լավ չեմ խոսում, բայց հասկանում եմ): Պատկանելության տարօրինակ զգացում ունեմ, որովհետեւ այս ամենը եւ՛ հարազատ է, եւ՛ ոչ:

 

Երբ փոքր էի, ամեն ուրբաթ երեկոյան գնում էի հայկական դպրոց՝ Հայաստանի պատմությունը, մշակույթն ու ժառանգությունն ուսումնասիրելու համար: Հիմա երբ քայլում եմ փողոցում, կարծես տեսնում եմ այդ ամենը: Միեւնույն ես Ամերիկայի քաղաքացի եմ, ով լիովին տեղյակ է, որ հայկական ժառանգության կրողն է:

 

- Ի՞նչ եք կարծում՝ տեխնոլոգիաները, սոցիալական ցանցերն ու Թվիթերն աշխարհն ավելի լա՞վն են դարձնում:

 

- Կարծում եմ՝ բազմաթիվ մարտահրավերներ կան, եւ մենք աշխարհը փոխելու ընթացքում ենք: Կարող եմ խոսել մասնավորապես Թվիթերի մասին. կարծում եմ՝ Թվիթերի գործը (տարբեր կարծիքներ կան, թե որն է Թվիթերի գործը) հաղորդակցությունը ժողովրդավարացնելն է: Մի նկարիչ մի անգամ ասաց՝ Թվիթերը հավասարեցնում է լանդշաֆտը, վերացնում է բոլոր շենքերն ու սահմանները, եւ ես կարողանում եմ տեսնել, ում ուզում եմ, եւ խոսել, ում հետ ուզում եմ:

 

Մենք պետք է նաեւ քննադատության պատրաստ լինենք: Այսօր, օրինակ, քննադատում են Google Glass-ը, իբրեւ թե այն ներխուժում է մարդկանց անձնական կյանք: 20 տարի առաջ մարդիկ ասում էին՝ «բջջային հեռախոսները կոչնչացնեն ամեն ինչ», իսկ 1800-ականներին մեծ հոդվածներ էին գրվում, թե ինչպես է հեռագրամեքենան կործանելու աշխարհը: Տեխնոլոգիան պարզ ազդեցություն ունի հասարակության վրա, սակայն այն կարող է նաեւ կործանարար լինել, օրինակ, ատոմային զենքը:

 

Կարծում եմ՝ սոցիալական մեդիան ընդհանուր առմամբ (բացառությամբ տվյալների գողության եւ հաքերության) աշխարհն ավելի լավն է դարձնում: Ֆեյսբուքի շնորհիվ ես անընդհատ կապի մեջ ընտանիքիս հետ, իսկ Թվիթերի միջոցով կարծես լսում եմ աշխարհի ձայնը: Սրանք ընդհանուր առմամբ դրական բաներ են:

 

- Շատերն ասում են, որ նորագույն տեխնոլոգիաներն էապես փոխել են մարդկային շփումը: Մարդիկ այլեւս չեն խոսում իրար հետ, նրանք միմյանց հետեւում են Ֆեյսբուքում կամ Թվիթերում, որպիսության մասին իմանում սոցցանցերում կատարված գրառումներից եւ այդպիսով կարիք չեն ունենում անձնապես հանդիպելու կամ շփվելու:

 

- Դա բացարձակ այդպես չէ: Իմ լավագույն ընկերուհին ապրում է Սիեթըլում, իսկ ես՝ կա՛մ Վեսթ Քոսթում, կա՛մ Սան Ֆրանցիսկոյում: Եթե հաջողվում է, տարեկան երեք անգամ հանդիպում ենք: Հանդիպման ժամանակ ընդհանուր առմամբ արդեն տեղյակ ենք լինում, թե ինչ է կատարվում մեզանից յուրաքանչյուրի կյանքում, եւ իրար հարցուփորձ անելու փոխարեն պարզապես զրուցում ենք:

 

Ոչինչ չի կարող փոխարինել դեմառդեմ շփմանը, եւ ոչինչ չի կարող լրացնել նման հաղորդակցությունը:

 

- Կարծիք կա, որ ֆեյսբուքյան «friend»՝ «ընկեր» բառը խեղաթյուրում է ընկերության իրական իմաստը:

 

- Թե՛ Ֆեյսբուքը, թե՛ այլոք (միայն Ֆեյսբուքին չեմ մեղադրում) չարաշահում են «ընկեր» բառը: Կարծում եմ՝ գիտակից մարդը հասկանում է տարբերությունը ընկերոջ եւ ֆեյսբուքյան «ընկերոջ» միջեւ: Մենք պարզապես նույն բառն ենք օգտագործում երկու դեպքում էլ: Բայց համաձայն եմ՝ այն մասամբ արժեզրկվում է:

 

Ասում են՝ Ալյասկայի էսկիմոսները 64 հոմանիշ ունեն «սառույցի» համար, իսկ մենք միայն մի բառ ենք օգտագործում՝ «սառույց»: Կարծում եմ՝ քանի դեռ մենք գիտակցում ենք դա, խնդիր չի առաջանա:

 

- Կարո՞ղ եք Ձեր օրն անցկացնել առանց շարժական սարքի կամ ինտերնետի:

 

- Ես կուզենայի օրս անցկացնել առանց հեռախոսի կամ ինտերնետի: Կինս ստիպում է այդպես վարվել, երբ գնում ենք հանգստանալու: Դա միանգամայն հնարավոր է, ժամանակ առ ժամանակ նաեւ բավական առողջարար: Իրականում մարդիկ չափից շատ են «կապի մեջ» տարբեր միջոցներով, կարծում եմ՝ պետք է որակը գերադասել քանակից: Մենք պետք է նախընտրենք բարձր արժեքն ու իսկապես կարեւոր կապերը:

 

- Սոցիալական ցանցերում մասնավոր կյանքի գաղտնիության հետ կապված մեծ մտահոգություն կա: Մարդիկ կարծում են՝ եթե «բաց» են սոցիալական ցանցերում, կորցնում են իրենց մասնավոր կյանքի գաղտնիությունը: Ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր է որոշակի հավասարակշռության գալ այս հարցում, թե՞ եթե անձը որոշել է գրանցվել Ֆեյսբուքում ու Թվիթերում, նա լռելյայն հրաժարվում է նաեւ իր մասնավոր կյանքի գաղտնիությունից:

 

- Մարդիկ չենք գիտակցում, որ Ֆեյսբուքում կամ Թվիթերում տեղադրված ինֆորմացիան անմիջապես արտահոսում է դեպի աշխարհ: Եվ այստեղ մենք անելիք ունենք. պետք է ավելի լավ կրթենք, թե ինչպես հաղորդակցվել այս նոր մեդիայում: Հիշու՞մ եք մի ժամանակ ասում էին՝ մի սեղմեք «պատասխանել բոլորին» կոճակը էլ. փոստում: Նույն բանը կատարվում է այստեղ: Պետք է այնպես անենք, որ մարդիկ իմանան՝ ինչպես ճիշտ օգտագործել մեդիայի այս տեսակը:

 

- Մեկ այլ մտահոգություն կա՝ կապված Վիքիփեդիայի հետ: Մարդիկ գիրք չեն կարդում, քանի որ գիտեն՝ միլիոնավոր թեմաների կարճ ամփոփագրերը կարող են գտնել Վիքիփեդիայում:

 

- Կարծում եմ՝ հիմնական խնդիրը սովորելու հանդեպ սերն է: Ծնողներս մանկուց են իմ մեջ սովորելու հանդեպ սեր սերմանել: Ամենակարեւորը բոլորի մեջ այդ սերը սերմանելն է եւ ընդունելը, որ աշխարհը փոխվում է:

 

Հնարավոր է՝ այսօր մարդիկ չեն կարդում այնքան, որքան նախորդ սերունդը, եւ գուցե դա լավ չէ, բայց ես չեմ կարծում, թե մենք պետք է ասենք՝ «մարդիկ դադարել են կարդալ, որովհետեւ այլեւս լավ մտադրություններ չունեն»: Հարցն այլ է՝ «արդյո՞ք մարդիկ դեռ սիրում են սովորել, թե՞ նրանք հանկարծակի պասիվացել են եւ պարզապես մարսում են ինֆորմացիան»:

 

- 10-15 տարի առաջ նախագահներն ու վարչապետները համարվում էին աշխարհի ամենաազդեցիկ եւ հզոր մարդիկ: Այսօր շատերը կասեն, որ աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը Թվիթերի փոխնախագահն է: Շատերը գտնում են, որ Թվիթերը «Արաբական գարնան» առանցքային գործոններից մեկն էր: Դուք Ձեզ ազդեցիկ համարու՞մ եք:

 

- Ես ինձ ազդեցիկ չեմ համարում: Երբ մարդիկ հարցնում են, թե ինձ դու՞ր է գալիս աշխատել Թվիթերում, կամ խնդրում են խոսել ինժեներների հետ, ովքեր ցանկանում են աշխատել մեզ մոտ, ես ասում եմ, որ Թվիթերում աշխատելը հրաշալի է երկու պատճառով:

 

Առաջին պատճառն այն է, որ այստեղ պետք է լուծել աշխարհի ամենաբարդ տեխնիկական խնդիրներից մեկը՝ ստեղծել հարթակ, որտեղ ամբողջ աշխարհը կկարողանա հանրային կերպով եւ իրական ժամանակի ռեժիմում հաղորդակցվել: Աշխատանքս, որքանով կարող եմ դատել, չի կարող երբեւէ ավարտված համարվել:

 

Հաջորդ պատճառն այն է, որ մենք աշխատում ենք մի բանի շուրջ, որն, ըստ էության, կարեւոր է աշխարհի համար: Մենք փոխել ենք աշխարհն ու հաղորդակցության ձեւը, տապալել ենք կառավարություններ: Երբ բնական աղետ է լինում, մարդիկ համախմբվում են այստեղ, երբ նրանք հաղթում են Օլիմպիական խաղերում, ինչ-որ բան տեղի է ունենում մեր հարթակում, ֆուտբոլի Աշխարհի գավաթը նույնպես խոստումնալից է լինելու Թվիթերում: Չկա որեւէ այլ հարթակ, որը հնարավորություն է տալիս լուծելու աներեւակայելիորեն բարդ տեխնիկական մարտահրավերներ եւ փոխելու աշխարհը:

 

Ես ինձ աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը չեմ համարում, բայց կարծում եմ՝ իմ թիմի պարտավորությունը երկրագնդի կարեւորագույն հարթակներից մեկը գործարկելն է: Եվ ես մեր գործը ձեւակերպում եմ հետեւյալ կերպ՝ «մեր պարտավորությունն է աշխարհին տալ այնպիսի Թվիթեր, որին այն արժանի է, իսկ աշխարհն արժանի է տեխնիկապես լավ վիճակում գտնվող, մշտապես հասանելի եւ հաղորդակցությունը ժողովրդավար դարձնող Թվիթերի: Դա մեր աշխատանքն է:

 

Րաֆֆի Գրիգորյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

 

Հայերեն թարգմանությունը` Աննա Բարսեղյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին