Զիլջյաններ. Հեղափոխություն երաժշտական աշխարհում - Mediamax.am

exclusive
6058 դիտում

Զիլջյաններ. Հեղափոխություն երաժշտական աշխարհում

«Հայ գերդաստաններ» նախագծի շրջանակներում Մեդիամաքսը այս անգամ ներկայացնում է հայկական երաժշտական գործիքների արտադրությամբ զբաղվող աշխարհահռչակ Զիլջյան գերդաստանը եւ համանուն ապրանքանիշը:

Ռոբերտ եւ Ավետիս Զիլջյանները
Ռոբերտ եւ Ավետիս Զիլջյանները

Լուսանկարը` http://zildjian.com/

Էլ Ֆոսթերը
Էլ Ֆոսթերը

Լուսանկարը` http://aniv.ru/

Ավետիս Զիլջյանը, 17րդ դար
Ավետիս Զիլջյանը, 17րդ դար

Լուսանկարը` http://zildjian.com/

Զիլջյան ապրանքանիիշի ծնծղաներ
Զիլջյան ապրանքանիիշի ծնծղաներ

Լուսանկարը` http://www.amazon.co.uk/

Ավետիս Զիլջյանը, 20-րդ դար
Ավետիս Զիլջյանը, 20-րդ դար

Լուսանկարը` http://www.chief-time.ru/

Շերման Ֆերգյուսանը
Շերման Ֆերգյուսանը

Լուսանկարը` http://aniv.ru/

Զիլջյան ընտանիքը
Զիլջյան ընտանիքը

Լուսանկարը` http://akunq.net/

Արմանդ Զիլջյանը
Արմանդ Զիլջյանը

Լուսանկարը` http://zildjian.com/


«Հայ գերդաստաններ» նախագծի շրջանակներում Մեդիամաքսը այս անգամ ներկայացնում է հայկական երաժշտական գործիքների արտադրությամբ զբաղվող աշխարհահռչակ Զիլջյան գերդաստանը եւ համանուն ապրանքանիշը:

 

Ծնծղաների ստեղծման պատմությունը հասնում է դեռեւս մ.թ.ա. 1200-ական թվականներ: Այսօր ծնծղաները երժշտական նվագախմբերում կազմում են հարվածային գործիքների անքակտելի մասը, եւ դժվար է հավատալ, որ ոչ վաղ անցյալում դրանք ջազում օգտագործվում էին միայն որպես երաժշտության ավարտն ազդարարող գործիքներ: Ծնծղաների մուտքը երաժշտական աշխարհ որպես “լիիրավ” գործիք տեղի է ունեցել շնորհիվ հայկական երաժշտական գործիքների «Զիլջյան» ընկերության, որի պատմությունը հասնում է մինչեւ 17-րդ դար:

 

Ավետիս Զիլջյան. ապրանքանիշի հիմնադրումը Օսմանյան կայսրությունում

 

Ամեն ինչ սկսվեց 1623 թ-ից, երբ Ավետիս Զիլջյանի գյուտն երաժշտական ծնծղաների հանդեպ վերաբերմունքի իսկական հեղաշրջման առիթ դարձավ: Համաձայն Զիլջյան ընտանիքի կողմից ներկայացվող պատմության, Ավետիս Զիլջյանն ալքիմիկոս էր, ով քիմիական փորձեր կատարելով փորձում էր ոսկի ստանալ, սակայն վերջիվերջո պղնձի, արծաթի եւ անագի խառնուրդից նրան հաջողվեց ստանալ մի նյութ, որը զարմանալիորեն բարձր եւ հստակ հնչողություն ուներ:

 

Մեկ այլ վարկածի համաձայն, Ավետիսը մետաղի վերամշակմամբ զբաղվող Քերոբի որդին էր, ում Օսմանյան սուլթանը հանձնարարել էր իր ենիչերական գվարդիայի համար որակյալ ծնծղաներ ստեղծել, որոնք պատերազմների ժամանակ օգնում էին մարտական ոգին բարձրացնել, ինչպես նաեւ վախեցնել հակառակորդին: Արդյունքում Ավետիսին հաջողվում է կատարել այս հանձնարարությունը, իսկ սուլթանը, ով շատ էր հավանել նրա աշխատանքի արդյունքը, Ավետիսի տոհմին տալիս է Զիլջյան ազգանունը (թուրքերեն «zil» նշանակում է «զանգ», «հնչեղ»,  zilci (զիլջի)` «ծնծղայագործ»):

 

Զիլջյանները դարձան թուրքական ենիչերական գվարդիայի ծնծղաների միակ մատակարարը, այնքան ժամանակ, մինչեւ 1826 թ-ին սուլթան Մահմուդ II-ի հրամանով ենիչերական ստորաբաժանումները դադարեցին գործել:

 

Ավետիս Զիլջյանը, 20-րդ դար

Լուսանկարը՝ chief-time.ru

 

Բացի օսմանյան կայսրությունում ենիչերական ստորաբաժանումների երաժշտական գործիք լինելուց, ծնծղաները արդեն 18-րդ դարում սկսեցին տարածվել նաեւ Եվրոպայում եւ որպես արեւելյան կոլորիտի բաղկացուցիչ մաս օգտագործվում էին երգչախմբերում, իսկ հետագայում սկսեցին օգտագործվել նույնիսկ օպերաներում՝ աստիճանաբար զուտ արեւելյան գործիքից վերածվելով նվագախմբային կատարումների կարեւոր բաղադրիչի:

 

«Զիլջյան» ծնծղաները ԱՄՆ-ում. վերելքի նոր ուղին

 

Օսմանյան Թուրքիայում, ապա նաեւ Եվրոպայում «Զիլջյան» ապրանքանիշի ծնծղաների հաջողությունը ստիպում էր շատ ծնծղայագործ վարպետների գտնել այս ծնծղաների պատրաստման գաղտինքը, սակայն Զիլջյան գերդաստանի անդամները այդ գաղտնիքը չէին հանձնում թղթին. այն փոխանցվում էր հորից ավագ որդուն:

 

1909թ. Զիլջյանների ընտանեկան գործը սկսեց գլխավորել Արամ Զիլջյանը: Շուտով, հետապնվելով հայ ազատագրական պայքարում իր մասնակցության համար, Արամը ստիպված էր փախչել Բուխարեստ, որտեղ ծնծղաների նոր ընկերություն հիմնեց: Բարեբախտաբար, շուտով Արամին կրկին հնարավորություն է ընձեռնվում Թուրքիա վերադառնալ, սակայն, քանի որ նա անզավակ էր, որոշում է դիմել Ամերիկայում հաստատված իր զարմիկին` Ավետիս Զիլջյանին  (ում հայրը ժամանակին հրաժարվել էր ընտանեկան գործից եւ տեղափոխվել ԱՄՆ) գլխավորել Զիլջյանների ընկերությունը: Ավետիս Զիլջյանը հրաժարվում է տեղափոխվել Թուրքիա՝ փոխարենը Արամին առաջարկելով գալ ԱՄՆ եւ սկզբնական շրջանում օգնել իրեն այդ երկրում հիմնել իրենց ընկերությունը, ինչին Արամը դրական է արձագանքում:

 

«Avedis Zildjian» ընկերությունը հիմնվում է 1929թ. ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգում (այս ընթացքում Թուրքիայում շարունակում էր գործել Զիլջյանների մյուս ճյուղի ընկերությունը): Չնայած սկզբնական շրջանում որոշ դժվարություններին` Ավետիս Զիլջյանի բիզնեսը սկսում է ծաղկել: Առաջնորդվելով հոր խորհրդով` «ինչո՞ւ աշխատել որեւէ մեկի համար, եթե հնարավոր է սեփական գործն ունեալ», նա սկսեց անձամբ այցելել խոշոր երաժշտական խանութներ ու պատվերներ ընդունել: Ամերիկայում սկսվեց ջազի հաղթարշավը, ինչը նույնպես նպաստում էր ապրանքանիշի վերելքին: Ավետիսի հետ համագործակցում էին ժամանակի հայտնի ջազային ծնծղահարները` Ջո Ջոնսոնը, Ռեյ Բոդիքը, Չիք Ուեբը. Ջին Քրուպան, Բենի Գուդմենը:

 

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին «Avedis Zildjian» ընկերությունը զինվորական նվագախմբերը ծնծղաներով ապահովելու պետական պատվեր ստացավ: Պատվեր եղավ նաեւ բրիտանական կողմից, եւ այս հանգամաքնը փրկեց Զիլջյանների ընկերությունը, քանի որ այդ շրջանում անագն ու պղինձը մատակարարվում էին միայն ռազմական արդյունահանմամբ զբաղվող ընկերություններին:

 

Էլ Ֆոսթերը

Լուսանկարը՝ aniv.ru

 

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Զիլջյանների ընկերությունը շարունակեց բարգավաճել եւ արդեն 1970-ական թվականներին իր հաստատուն տեղն ուներ ամերիկյան շուկայում:

 

Ընտանեկան ավանդույթները սկսեցին փոփոխվել

 

Ավետիս Զիլջյանի մահից հետո ընտանեկան բիզնեսի գլուխ կանգնեց որդին` Արման Զիլջյանը, ով 14 տարեկանից աշխատելով ընտանեկան բիզնեսի համար, հորից ոչ պակաս նվիրված էր այդ գործին: Արմանը հատուկ սեր ուներ երաժշտության հանդեպ, կարողանում էր նվագել մի քանի երաժշտական գործիքների վրա, ինչը մեծապես նպաստում էր իր բիզնեսի բարգավաճմանը:

 

Մի անգամ հայտնի ժազային երաժիշտ Բադի Ռիչի Big Band-ը համերգ էր տալու իրենց քաղաքում: Արման Զիլջյանը գնում է ամենալավ տոմսերը, մի մեծ ավտոբուս է վարձում եւ Զիլջյան ընկերության բոլոր աշխատակիցներին տանում այդ համերգն ունկնդրելու: Հետագայում հիշելով այդ դեպքը՝ Արմանն ասում էր, որ ցանկանում էր` աշխատակիցները համերգին ներկա լինելով հասկանային իրենց գործի կարեւորությունն ու տեսնեին, թե ինչպես է օգտագործվում իրենց արտադրանքը:

 

Արմանդ Զիլջյանը

Լուսանկարը՝ zildjian.com

 

Սակայն այստեղ պետք է հիշատակել մի կարեւոր հանգամանք. Ավետիս Զիլջյանը, չհետեւելով ընտանեկան ավանդույթին, ծնծղաների պատրաստման գաղտնիքը փոխանցել էր իր երկու որդիներին էլ` Արմանին եւ Ռոբերտին: Հոր մահից հետո երկու եղբայրների միջեւ կոնֆլիկտ առաջացավ: Արդյունքում Ավետիս Զիլջյանի Մասաչուսեթսում գտնվող ընկերությունը մնաց Արմանի տնօրինության տակ, իսկ Ռոբերտ Զիլջյանը Կանադայում հիմնեց սեփական «Sabian LTD» ընկերությունը (իր երեք երեխաների անունների սկզբնատառերով` Սալի, Բիլի, Անդի):

 

Ընտանեկան ավանդույթներից շեղվեց նաեւ Արման Զիլջյանը, ով ընտանեկան ապրանքանիշի ծնծղաների պատրաստման գաղտնիքը հաղորդեց ոչ միայն իր որդուն` Ռեբ Զիլջյանին, այլեւ երկու դուստրերին` Դեբի եւ Քրեյգի Զիլջյաններին , ովքեր այսօր ղեկավար պաշտոններ են զբաղեցնում ընկերությունում:

 

Զիլջյան ընկերությունը ճանաչվել է ԱՄՆ-ի ամենահին ընտանեկան բիզնես եւ, շուկայում չզիջելով իր առաջատար դիրքերը, շարունակում է իր գործունեությունը:

 

Պատրաստեց Անժելա Կժդրյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին