«Վանքի Միշա պապիկը». Իմ հիշատակը, իմ ժամը, իմ կարոտը... - Mediamax.am

exclusive
2898 դիտում

«Վանքի Միշա պապիկը». Իմ հիշատակը, իմ ժամը, իմ կարոտը...


Միշա Բաբայանը
Միշա Բաբայանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Միշա Բաբայանը
Միշա Բաբայանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Միշա Բաբայանը
Միշա Բաբայանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Միշա Բաբայանը
Միշա Բաբայանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Միշա Բաբայանը
Միշա Բաբայանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Միշա Բաբայանը
Միշա Բաբայանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Սասուն Դանիելյան/RAA

Լուսանկարը` Սասուն Դանիելյան/RAA


Հադրութի ամենանշանավոր ուխտավայրերից մեկը՝ Վանք գյուղի Սպիտակ Խաչ այցելելու առիթն ունեցած յուրաքանչյուր ոք վստահաբար հիշում է Միշա պապիկին՝ վանքի հավատարիմ պահապանին։

 

Հադրութի ողբերգությունից հետո չէինք կարող չփնտրել ու չգտնել «Վանքի Միշա պապիկին»։ 80-ամյակը հայրենի գյուղից հեռու՝ Արարատի մարզում իրենց ապաստան տված ազգականների տանը նշած Միշա Բաբայանն առաջվա պես անընդմեջ ժպտում ու բարություն է ճառագում, միայն թե այժմ չի կարողանում զսպել հուզմունքը վիրավորված որդուն ու սիրելի վանքի հետ հրաժեշտի պահը մտաբերելիս։ Թեեւ վանքին ու խաչքարերին խոստացել է վերադառնալ՝ այստեղ էլ հանգիստ նստել չի կարողանում․կանաչի, սխտոր է ցանում ու... Սպասում։   

 

Կռիվը որ սկսալ ա՝ հոկտեմբերի 5-6-ին դուրս եմ եկել։ Տանն էի... Առավոտ վեր կացանք ու... Փախանք։ Գյուղից դուրս գալուց առաջ վերջին անգամ մտել եմ, մոմերը դրել, հրաժեշտ տվել։ Վանքին, խաչքարներին... Մեր դուրս գալու ճանապարհը հենց էդտեղով էր անցնում։ Հիշում եմ, շատ լավ եմ հիշում...

Միշա Բաբայանը Միշա Բաբայանը

Լուսանկարը` Մեդիամաքս

25 տարի եկեղեցում էի։ Համ եկեղեցուն էի նայում, համ գերեզմանոցին։ Շատ-շատերն էին գալիս, մոմեր առնում, մենակ կիրակի օրերին չէ, միշտ էլ գալիս էին ժողովուրդը։ Զինվորների ծնողները նույնիսկ որ գալիս էին պրիսյագի՝ բոլորը գալիս էին էնտեղ, աղոթք անում։ Սովետի ժամանակ եկեղեցին դատարկ ա եղել, ես որ փոքր էի՝ չէր գործում։ Բայց մարդիկ էլի գալիս էին, գյուղից շատերը գնում էին աքլորը մորթում, աղոթքը անում։ Հողը փորում էին, մատաղի կենդանիների գլուխները թաղում էին տակը։

 

Սպիտակ Խաչը 4-րդ դարի եկեղեցի ա։ Որ գրում են 14 դար՝ ճիշտ չի, 4-րդ դարումն ա, շատ հին եկեղեցի ա։ Զանգը ես եմ վեր բարձրացրել կախել 1965 թվին։ Մինչեւ էդ խաչը իլյալ չի, ես եմ կախել։ Էն ժամանակ գյուղում մի մարդ ա եղել, ինքը Երեւանում գործարանում աշխատել ա, 8 կգ-անոց խաչը պատրաստել ա, ես եմ բարձրացրել։ Զանգը կախել եմ, խաչն էլ... Իմ հիշատակը... Իմ ժամը... Իմ կարոտը։

 

Թուրքերը՝ Սպիտակ Խաչի վրա կանգնած

 

Մեր գյուղումը թուրք բան չի եղել։ Մենակ հայեր էին բոլորը։ Թուրքերը Ջաբրայիլ են եղել, Ֆիզուլի են եղել, Տողում են շատ եղել, բայց մեր գյուղումը իլյալ չի թուրք։ Բայց էն ժամանակ գնում-գալիս էին, քանի տարի միասին աշխատել ենք նույնիսկ։ Ես Հադրութում շինարարության վրա որ աշխատում էի՝ մեր աշղեկը թուրք էր, անգամ եկել տանս վրա աշխատել ա, օգնել ա, լավ տղա էր։ Ես էլ թուրքերեն խոսել եմ, մենք կարողանում էինք ավելի լավ խոսել իրենց լեզուն, քան իրենք հայերեն։ Խոսում էին, բայց էդքան լավ չէ։

Միշա Բաբայանը Միշա Բաբայանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մինչեւ առաջին պատերազմը Վանքում մոտ 50-60 ընտանիք է եղել։ Կռվի ժամանակը մեր գյուղից 14 հոգի են եղել, ֆիդայիններ, բոլորը գնացել, զոհվել են։ Հիմա մեր գյուղում մնացել էր 43 ընտանիք։ Մենք զոհ շատ ենք տվել 1990-ականներին, մեր գյուղը փոքր էր, էդ հաշվարկով մեր զոհը շատ ա իլյալ։    

 

Իմ տղան առաջին պատերազմի ժամանակ հրամանատար ա եղել, զոհվել ա էնտեղ, գերեզմանը մնաց գյուղում... Իմ եղբայրս էլ ա զոհվել, հարեւան գյուղում, ինքն էլ մեր վանքի մոտ է թաղված, իմ տղաս էլ, կինս էլ, հերս էլ, բոլորը։ Էէ՜, մեր պապի պապերն էլ էնտեղ կան, 1700 թվականից մեր ազգի քարերը կան էնտեղ։ Մեր ընտանիքը ամբողջը էդտեղ են... Մերոնք բնիկ վանքցի են, հորս անունը Սիմոն, պապինս՝ Կարապետ, իրանք ուրիշ տեղից չեն եկել, բնիկ են, էդ գերեզմանը ամբողջը վանքցի են։ Հիմա մեր քարերը երեւի ջարդել փշրել են...  

Միշա Բաբայանը Միշա Բաբայանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Որ ասում են էդ վանքերը ալբանական ա՝ ղալաթ են անում։ Էնտեղ ամեն ինչ գրված է, քարերի վրա։ Ղալաթ են անում, էդ վանքը կառուցողների տոհմը կա, ես ճանաչում եմ։ Հիմա էդ վիդեոները տեսել ենք, թուրքերը Սպիտակ Խաչի վրա կանգնած...

 

Մեր տեղը...

 

Իմ պապական տունս վերեւն էր, հետո հող են տվել, նորը ես եմ սարքել, 1977 թվին։ Իմ տղաս ա եղել հետս, մյուս տղաս էլ հիմա վիրավորվեց, հիվանդանոցում ա, դեռ չի բուժվել։ 4 տղա եմ ունեցել, 1 աղջիկ։ Մեկը զոհվել ա, մեկը առաջին կարգի հաշմանդամ ա, մեկը հիվանդանոցում ա, մեկն էլ կողքս էստեղ...

Միշա Բաբայանը Միշա Բաբայանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Շարժումից հետո լոխ սարքել էին ճանապարհները, ամեն ինչն էլ։ Գազը չկար, չեն հասցրել էլի, բայց ջուրը կար, դպրոցը կար։ Հող էինք մշակում, ես գոհ եմ, շատ գոհ եմ եղել։ Բոլորս էնտեղ մնայինք՝ ավելի լավ կլիներ։ Հիմա էստեղ զբաղվում եմ, կանաչի ա, սխտոր ա, անում եմ... Սպասում եմ... Վեց ամիս։ Սկզբում մեր մի բարեկամի տունն էինք, հիմա էս մյուս։  

 

Հիմա հնարավորություն լինի՝ ոտքով, նույն պահին վազելով կգնամ գյուղը։ Բա, մատաղ ինիմ, 80 տարի ապրել եմ, տուն եմ սարքել, ինչքան չարչարվելով... Ամեն ինչ թողել եմ, էսպես եմ եկել։ Ոչ մի բան չեմ վերցրել, անձնագիրն էլ չեմ վերցրել։ Բան չեմ ուզում, գնամ մենակ տունս տեսնեմ՝ հերիք ա, մենակ այրած չլինեն... Թող ամեն ինչը տարած լինեն, բայց այրած չլինեն։ Ի՞նչ պիտի ուզեմ։

Միշա Բաբայանը Միշա Բաբայանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ես հավատում եմ, պետք է գնանք, գնալու ենք։ Ես տենց եմ մտածում, ես միշտ էլ հավատում եմ։ Ես կգնամ, բոլորն էլ կգնան։ Գնանք մեր տեղը... Աստված տա, մատաղ ինիմ...

 

***

 

Սպիտակ խաչ վանքը Դիզակի կարեւոր ուխտատեղիներից է եղել անհիշելի ժամանակներից, հիմնադրման թվականը հստակ հայտնի չէ։ Անտաշ քարով եւ կրացեխով պատրաստված կաթողիկե եկեղեցին ունի նաեւ գավիթ, գտնվում է Վանք գյուղի բլրի վրա՝ Հադրութի շրջկենտրոնից փոքր-ինչ հարավ։ Վանքի ամենաուշ կառույցը թվագրվում է 14-րդ դարով, հայտնի է նաեւ, որ այն նորոգվել է 1735-ին։

Լուսանկարը` Սասուն Դանիելյան/RAA

Սպիտակ Խաչի հատկապես ներսի պատերը հարուստ են արձանագրություններով, որտեղ հիշատակված են ժամանակի նշանավոր կրոնական ու քաղաքական անձանց անունները։ Եկեղեցու գավթի հյուսիսային հատվածում, կամարի տակ գտնվող խաչարձանի վրա առկա է հայերեն արձանագրություն․«Ես Սիրաւք կանգնեցի զխաչս հաւր իմոյ Խութլափի թվ. ՉՁԲ. (1333)»։

 

Արեւմտյան պատի լուսամուտի տակ նշված է․«Տէր Աստուած Յիսուս Քրիստոս... Վրդանէս Թ. ՌՃԽԳ»։

 

«Ես Մկրտիչս.. յիշատակ է թանապէս (մեծ սենեակ) Սուրապի որդի Ավանէս եպիսկոպոսի. շինեցաւ ՌՃՁԴ. թվին. այն տարին էր Թահմազ խան, Օսմանլուն երկրէս դուրս արաւ»․ներսի խցերից մեկի ճակատային հատվածին տեսանելի եւս մեկ արձանագրություն։

 

Վանքի պատերին առկա են նաեւ արձանագրություններ Խաչենի իշխաններ Հասան-Ջալալյաններից Վելիջան իշխանի ընտանիքի անդամների անունները։

 

Արցախի պատմամշակութային ժառանգության «ալբանացումը» բոլորովին նոր երեւույթ չէ Ադրբեջանում։ Ոչ միայն վերջին 30 տարում, այլեւ ԽՍՀՄ տարիներին հարեւան երկրում բավականին ինտենսիվ աշխատանքներ են տարվել Աղվանքի (հաճախ հիշատակվող որպես Կովկասյան Ալբանիա) պատմությունն իրենց հարմար տեսանկյունից մատուցելու ուղղությամբ։ Ըստ ադրբեջանցի գիտնականների տարածած հիմնական թեզերի՝ պատմական Արցախը նույնպես Աղվանքի անքակտելի մաս էր, տեղի բնիկները՝ աղվանական ցեղախմբեր, իսկ տեղի ամբողջ պատմամշակութային ժառանգությունը՝ հենց աղվանական։ Այժմ նաեւ ակտիվորեն արծածվում է թեզը, թե տեղի հայերը «հայացած» աղվաններ են։

 

Միանգամայն տրամաբանական հարց է առաջանում․եթե Ադրբեջանն Արցախում բոլոր քրիստոնեական կոթողները համարում է «աղվանական» եւ փորձում պահպանել դրանք, ապա ինչպե՞ս են այդ նույն վանքերն ու եկեղեցիները Արցախյան երկու պատերազմների ընթացքում պարբերաբար ենթարկվում տարատեսակ հարձակումների եւ ինչո՞ւ էին Ծիծեռնավանքը կամ Դադիվանքը, որտեղ այսօր այդքան հաճախ են այցելում ուդի քահանաները, վերածված ախոռի մինչ Արցախյան շարժումը։

Լուսանկարը` Սասուն Դանիելյան/RAA

Պատմական Արցախի ու Ուտիքի հոգեւոր թեմերը 6-19-րդ դդ-ում իսկապես Աղվանից կաթողիկոսության ազդեցության գոտում էին, սակայն կարեւոր է արձանագրել, որ Աղվանից եկեղեցին իրականում հենց Հայ Առաքելական եկեղեցու թեմ էր, այլ ոչ թե առանձին կաթողիկոսություն, իսկ Աղվանից եկեղեցու անունը կապված էր ոչ թե դրա ազդեցության տարածքն ընդգրկող գավառների բնակչության էթնիկ կազմի, այլ երբեմնի պատմաաշխարհագրական բաժանումների հետ։ Ի վերջո՝ Շիրվանի, Բաքվի կամ Շամախի թեմերին ենթարկվող շրջաններում, որոնք նույնպես ենթարկվում էին Աղվանից եկեղեցուն, բնակչությունն ամբողջապես աղվանական ցեղերից չէր կազմված եւ ուներ նաեւ հայ բնակչություն։  

 

Ադրբեջանում հաճախ նաեւ շահարկվում է աղվանական ու հայկական գրերի նմանության փաստը, հաճախ պատմամշակութային հուշարձանների վրա առկա արձանագրությունները հիմնականում լայն զագնվածներին ներկայացվում են որպես «աղվանական»։

 

Ինչպես նշում էր Ստրաբոնը՝ Աղվանքը կազմված էր «26 տարբեր լեզուներով խոսող ցեղերից, որոնք, սակայն, ունեին մեկ թագավոր»։ 1930-ականներին վրացի հայագետ Իլյա Աբուլաձեն Էջմիածնի արխիվներում հայտնաբերեց ձեռագիր մատյան, որում հայերեն եւ այլալեզու գրերի կողքին ուշադրություն գրավեց նաեւ մեկ այլ, ենթադրաբար՝ աղվանական գիրը։  Ըստ նշանավոր բանասերի՝ գիրը համապատասխանում էր Կովկասյան լեզվաընտանիքի դաղստանյան ճյուղի լեզգիական ենթալեզվախմբի հնչյունային համակարգին, որին պատկանում է Աղվանքի ժողովուրդներից ուդիների լեզուն։ Արդեն 1975-ին Եգիպտոսում Սինայի՝ Սուրբ Եկատերինայի տաճարում հատնաբերված եւ լեզվաբան Զազա Ալեքսիձեի կողմից ուսումնասիրված աղվանական կրկնագիր ձեռագրերը իրապես մեծ հայտնագործություն դարձան։

 

Հաճախ է քննարկվում նաեւ աղվանական գրի՝ Մեսրոպ Մաշտոցի կողմից ստեղծված լինելու հավանականությունը։ Այս պնդումը լիովին իրատեսական են համարում ոչ միայն հայ, այլեւ այլազգի բազմաթիվ կովկասագետներ, ինչպիսիք են Ժա Պյեր Մաեն, Յոսթ Հիպերտը, նշանավոր արեւելագետ Կամիլա Տրեւերը, թեեւ շատերը չեն բացառում, որ Մաշտոցը կարող է լինել ոչ թե աղվանական գրի անմիջական ստեղծողը, այլ դրա ստեղծման «նախագիծը» գլխավորողն ու համակարգողը։ Ադրբեջանցի պատմաբաններն այս հարցում կամ իսպառ լռություն են պահպանում կամ ավելի շուտ բացառում Մաշտոցի մասնակցությունն աղվանական գրի ստեղծմանը։   

 

Աղվանագիտության մեջ ամենավիճելի թեմաներից է մնում Աղվանքի հարավային սահմանների հստակեցումը։

 

Ադրբեջանցի աղվանագետները հակված են պնդելու, որ պատմական Հայաստանի ու Աղվանքի սահմանը Արաքսն էր, ոչ թե Կուրը։ Այսպիսով վերջիններս ջանում են պատմական Հայաստանից «կտրել» Արցախի ու Ուտիքի մեծ մասը, ինչպես նաեւ Արաքսից հյուսիս ընկած Արեւելյան Հայաստանի այլ շրջաններ՝ ներկայացնելով դրանք որպես ի սկզբանե Աղվանքի մաս կազմած տարածքներ։  

 

Հռոմեացի աշխարհագրագետ Կլավդիոս Պտղոմեոսն իր «Աշխարհագրական ուղեցույցում» նշում է. «Կուրը, հոսելով Իբերիայի ու Ալբանիայի երկարությամբ, նրանցից բաժանում է Հայաստանը»։ Ստրաբոնն իր «Աշխարհագրություն» աշխատության մեջ նշում է. «...Արաքս գետը հոսում է Աղվանքի ծայրով, թափվում է Կասպից ծով եւ Շակաշենը, որը սահմանակից է Աղվանքին եւ Կուր գետին...»։ Նույն աշխատության մեջ Ստրաբոնը շեշտում է, որ Արաքս գետը հոսում է մինչեւ Աղվանքի սահմանը, այլ ոչ թե դրանից ներս։

 

Աղվանքի ժողովուրդներից մեր օրեր հասած միակ էթնիկ խումբը ուդիներն են, որոնց քրիստոնյա հատվածի թիվն ամբողջ աշխարհում չի գերազանցում 10 000-ը։ Հիմնականում Ադբրբեջանում եւ Ռուսաստանում բնակվող ուդիները այժմ ուղղափառ եկեղեցու հետեւորդ են։ Ուշագրավ է, որ ուդիները, որոնք մեծամասամբ բնակվում են Ադրբեջանի Գաբալայի շրջանում, Արցախյան շարժման տարիներին նույնպես ենթարկվել են բռնաճնշումների եւ հաճախ նույնականացվել հայերի հետ։

 

------------------------------

 

Օգտագործված գրականություն.

 

* Тревер К.В. Очерки по истории и культуре Кавказской Албании. IV в. до н. э. — VII в. н. Э

* Каланкатуаци Мовсес. 1984. История страны Алуанк. Пер. с древнеарм., предисл. и коммент. Ш.В. Смбатяна

* Կորյուն, Վարք Մաշտոցի (Մանուկ Աբեղյանի հրատարակություն)

* Բալայան Մ., Հայ աղվանից եկեղեցին (սկզբնավորումից մինչեւ մեր օրերը)

* Шнирельман В.А. «Войны памяти. Мифы, идентичность и политика в Закавказье»

*  Переднеазиатский сборник 2 Дешифровка и интерпретация письменностей Древнего Востока / А. Г. Периханян. К вопросу о происхождении армянской письменности

* Заза Алексидзе, «Обнаружена письменность Кавказской Албании»

* Թամարա Մինասյան. «Ուտիքի գրության կենտրոնները»

* Մակար Բարխուդարյանց. «Աղվանից երկիր եւ դրացիք»

* Սամվել Կարապետյան. «Ադրբեջանը քաղաքակրթությունից դուրս»

 

Սոֆիա Հակոբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին