Նաիրա Ազատյան. Աստղագետը՝ մարմինը երկրում, ուղեղը՝ Տիեզերքում - Mediamax.am

exclusive
27617 դիտում

Նաիրա Ազատյան. Աստղագետը՝ մարմինը երկրում, ուղեղը՝ Տիեզերքում


Նաիրա Ազատյանը
Նաիրա Ազատյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նաիրա Ազատյանը
Նաիրա Ազատյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նաիրա Ազատյանը
Նաիրա Ազատյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նաիրա Ազատյանը
Նաիրա Ազատյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նաիրա Ազատյանը
Նաիրա Ազատյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նաիրա Ազատյանը
Նաիրա Ազատյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսի «Գիտամարդ» նախագիծը պատմում է այն մարդկանց մասին, ովքեր հասկացել են, որ իրենց կոչումը հետազոտող լինելն է եւ, չնայած դժվարություններին, որոշել են էներգիան, ներուժն ու ժամանակը ներդնել գիտության մեջ: 

 

Աստղագիտությունը մարդուն կիսում է երկրի ու երկնքի միջեւ. դիտումների ժամանակ մարմինը մնում է երկրում, իսկ ուղեղը՝ տեղափոխվում Տիեզերք: Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող, ասպիրանտ Նաիրա Ազատյանը այդ խորհրդավոր ճամփորդությունը սկսել է տարիներ առաջ՝ գաղտնիքներով լցված գիշերային երկնքի նկատմամբ հետաքրքրություններ ուներ դեռ մանկուց: 

 

Այժմ Նաիրան ուսումնասիրում է երիտասարդ աստղերը, դրանց առաջացման մեխանիզմներն ու էվոլյուցիայի տարբեր փուլերը: Նաիրան ասում է, որ իր աշխատանքը նաեւ սիրելի զբաղմունք է. 

 

Նաիրա Ազատյանը Նաիրա Ազատյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Աստղագիտությունը գիտություն է անցյալի, ներկայի ու ապագայի մասին, իսկ Տիեզերքն առեղծված է, որում կան վայրեր, որտեղ ֆիզիկայի օրենքները չեն էլ գործում: Թուլություն ունեմ աստղերի եւ դիտակների նկատմամբ: Աստղագիտության գրքերում գրված ամեն մի տողի շուրջ կարող եմ ժամերով մտածել եւ անդադար զարմանալ»:

 

Մանկության աստղերից մինչեւ նոր ծնվող աստղեր 

 

Բնագիտական առարկաների հանդեպ սերն ինձ մոտ, հավանաբար, գեներով է եկել ։ Գիտակցված ընտրությունը կատարեցի այն ժամանակ, երբ սկսեցի հասկանալ ֆիզիկա առարկան ու գիտակցել, որ այլ ոլորտում ապագաս չեմ պատկերացնում: 

 

2008թ.-ին ընդունվեցի Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, իսկ 2-րդ կուրսում՝ ամբիոնի ընտրության ժամանակ, միանգամից կանգ առա աստղաֆիզիկայի վրա: 

 

Երբ փոքր էի, ընկերներով ժամեր շարունակ ուսումնասիրում էինք երկինքը, քննարկում աստղերը, եւ ինձ համար միանշանակ էր, որ այդ սերն ու հետաքրքրվածությունը պետք է ուղղեմ ավելի լուրջ, մասնագիտական աշխատանքին: 

 

Նաիրա Ազատյանը Նաիրա Ազատյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Աստղագիտությունը հրաշալի մասնագիտություն է, ամենասիրուն երեւույթները Տիեզերքում են եւ դու հնարավորություն ունես բացահայտելու, ուսումնասիրելու դրանք: Այդ օբյեկտներն անսահմանափակ են, եւ աստղագետը միշտ կարող է գտնել, բավարարել իր հետաքրքրությունները:

 

Սկզբում ուսումնասիրում էի Ղազարյանի գալակտիկաները: Դրանք գերմանուշակագույն ավելցուկով 706 գալակտիկաներ են, որոնք հայտնաբերել է աստղագետ Միշա Ղազարյանը: 

 

Մագիստրատուրա ընդունվելուց հետո Բյուրականի աստղադիտարանը վճարեց իմ ուսման վարձը, եւ ես աշխատանքի անցա այստեղ: Այժմ ուսումնասիրում եմ երիտասարդ օբյեկտները, որոնց տարիքը ցածր է 1 մլն տարուց: 

 

Հայտնաբերված բացառիկ օբյեկտը

 

Հայաստանում գիտության վիճակը լավ չէ. այն աչքաթող է արված պետության կողմից: Հստակ գիտեի՝ ուր եմ գալիս, ինչ պայմաններով եւ դա ինձ չէր խանգարում ընտրել այս մասնագիտությունը:  

 

Երիտասարդ աստղերի ուսումնասիրման բնագավառում, օրինակ, մենք խնդիրներ ունենք կապված դիտակների հետ: Մեր ուսումնասիրման օբյեկտները տեսանելի չեն օպտիկական տիրույթում, իսկ մեր դիտակներն օպտիկական են եւ այն տիրույթներն են դիտում, որոնք մարդու աչքը կարողանում է տեսնել: 

 

Նաիրա Ազատյանը Նաիրա Ազատյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Ինֆրակարմիր տիրույթի օբյեկտները, այդ թվում՝ երիտասարդն աստղերը, ուսումնասիրելու համար օգտվում ենք տարբեր աստղադիտարանների բազաներից: Կոնկրետ այս պահին օգտագործում եմ Անգլիայի ինֆրակարմիր դիտակի եւ տիեզերական մի քանի այլ դիտակների տվյալներ:

 

Ուսումնասիրելով մի քանի տարի առաջ ստացված պատկերները՝ մենք տեսանք, որ տիրույթում, որտեղ ոչինչ չկար, երկու-երեք տարի անց բավական պայծառ օբյեկտ է հայտնվել: Ուսումնասիրեցինք այդ օբյեկտը եւ պարզեցինք, որ այն իր պայծառությունը տարիների ընթացքում 100 անգամ մեծացրել է, ինչի շնորհիվ էլ տեսանելի է դարձել: Ինֆրակարմիր տիրույթում այդպիսի մեծ փոփոխականությամբ օբյեկտ չի եղել, եւ սա բացառիկ երեւույթ էր: Ուսումնասիրությունից հետո տպագրեցինք մեր աշխատանքը, իսկ մեկ ամիս անց արդեն հղում ունեինք դրա վրա:

 

 

Տարբեր գիտնականներ իրարից անկախ հինգ օբյեկտ էին դիտարկել, որոնք ուսումնասիրել էին եւ տպագրել հետազոտության արդյունքները: Տարբեր տիեզերական դիտակների տվյալներն ուսումնասիրելով՝ պարզեցինք, որ այդ հինգ օբյեկտը նույն տեղում են, կապված են իրար հետ: Հիմա, ուսումնասիրելով դրանք, լրիվ նոր աշխատանքն ենք ներկայացնելու: 

 

Երիտասարդ աստղերի ուսումնասիրությունն արդի թեմա է, որի շուրջ աշխարհում մեծ հետաքրքրություն կա, բազմաթիվ կոնֆերանսներ են կազմակերպվում: 

 

Հայաստանի առավելությունը

 

Հայաստանում աստղագիտության մակարդակը բարձր է, աշխարհում մեր գիտական հոդվածների նկատմամբ հետաքրքրությունը մեծ է: 

 

Մեզ մոտ աստղագիտության նկատմամբ հանրության հետաքրքրվածությունը եւս մեծ է, աստղադիտարանում էքսկուրսիաների հոսք կա, ինչը դա շատ լավ է:

 

Նաիրա Ազատյանը Նաիրա Ազատյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Բայց ինչպես մյուս գիտական բնագավառներում, այնպես էլ մեզ մոտ, գլխավոր խնդիրը երիտասարդ կադրերի պակասն է։ Եթե անգամ մասնագետները սիրում են իրենց գործը, չեն ընտրում գիտության ուղին՝ հաշվի առնելով ցածր ֆինանսավորումը: Մեծամասնությունը, որոշ ժամանակ անց, կամ փոխում է ուղղությունը, կամ արտերկրում է փորձում շարունակել զբաղվել գիտությամբ: Սա, իհարկե, ամբողջ աշխարհում տարածված երեւույթ է: Պարզապես մեզ մոտ կա մի դրական կողմ, եւ եթե ներդրումներ արվեն, մեր երկիրն իդեալական կարող է լինել գիտությամբ զբաղվելու համար: 

 

Եթե Հայաստանում ասպիրանտ ես կամ հայցորդ, արդեն ունես քո դիրքը գիտության մեջ, չես մտածում՝ գիտական աստիճանը ստանալուց հետո որտե՞ղ պետք է աշխատես: Արտասահմանում մեծ մրցակցություն է, 100 մարդ կարող է դիմել 5 տեղի համար, մինչդեռ մեզ մոտ, ընտրելով գիտությունը, վստահ կարող ես լինել, որ կայուն աշխատանք կունենաս:

 

Մարի Թարյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին